Սկանդալ ԱԺ-ում, «ռումբ պայթեց» քվեարկությունից հետո

AJ

Ազգային ժողովը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգիրքը: Դրան կողմ քվեարկեց 98, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

Նախքան քվեարկությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Սահմանադրության 103-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, հետևաբար պետք է ընդունվի ընդհանուր ձայների 3/5-րդով:

Քվեարկությունն անցավ աղմուկ-աղաղակով: Ընդդիմադիր խմբակցությունները վարման կարգով ձայն խնդրեցին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժեց՝ ասելով, որ քվեարկությունից հետո կլսի պատգամավորներին:

Քվեարկությունից հետո ՀՀԿ-ական ու ընդդիմադիր պատգամավորները վիճաբանություն սկսեցին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փորձեց հանգստացնել ՀՀԿ-ականներին: «Պարոն Այվազյան, պրովոկացիաների մի տրվեք, հանգիստ»,- ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրայանը հայտարարեց՝ այն փաստը, որ այս քվեարկությունը տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի կոպտագույն խախտումներով, պատգամավորներին թույլ չտրվեց խոսել, ցույց է տալիս, որ շատ վատ բան է անում ՀՀԿ-ն:

«Սա արդեն լեգիտիմ օրենք չի կարող համարվել: Տարրական պահանջները խախտում եք, ո՞նց կարելի է նման բան անել, ինչո՞ւ եք հենց սկզբից ռումբ դնում այս օրենսգրքի տակ: Սա խայտառակություն է, մենք դեմ քվեարկեցինք»,- ասաց Զուրաբյանը:
«Որևէ ռումբն աստեղ բացարձակ գոյություն չունի»,- հակադարձեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Էդուարդ Շարմազանովը բարկացավ ու գոռգոռաց. «Ի՞նչ խախտման մասին է խոսքը, 98 հոգի օրը ցերեկով տեսախցիկների առաջ կողմ են քվեարկել: Ի՞նչ խախտում, էս ինչ խաբար ա, ես չեմ հասկանում»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի խախտում. «Մեր իրավունքն էր, որպեսզի յուրաքանչյուր քաղաքական ուժ քվեարկությունից առաջ իր դիրքորոշումը հայտներ: Դրա համար մենք ուղղակի չմասնակցեցինք քվեարկությանը: Բայց ԱԺ մակարդակով նման պարտադրանքով անցկացնել Ընտրական օրենսգիրքը սա նշանակում է ունենալ շատ ծանր հետևանքներ: Էստեղ ստրկական հասարակարգ չէ, էստեղ կան քաղաքական ուժեր, դուք պարտավոր եք լսելու, ձայն տալու և հետո քվեարկություն կազմակերպելու»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին. «Նախ, տիկին Նաղդալյան, դուք արդեն վաստակել եք այդ անունը, կներեք, որ պիտի ասեմ՝ դուք կռուտիտ մի եղեք»:

«Ճիշտն ասած՝ չեմ ներում, մի ասեք»,- գոռաց Նաղդալյանը:

Փոստանջյանը շարունակեց՝ պիտի ասի, որովհետև այդ անունը պտտվում է ամբողջ համացանցում:

«Դուք ունեցել եք դիտավորություն՝ թույլ չտալով, որ մենք վարման կարգով արտահայտվենք, քանի որ ունեք մտավախություն, որ մենք կվերցնեինք ընդմիջում, և դուք չէիք կարող բերման ենթարկել ձեր այդ զանգվածին, որն այս պահի դրությամբ արդեն այստեղ չէ, փախել են բոլորը»,- ասաց Փոստանջյանը:

Պատգամավորը նաև հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ հողերը հանձնելու ու զենք չունենալու մասին: Նրան ընդհատեց Նաղդալյանը. «Ով ինչ ասել է, իր խոսքերից չի հրաժարվում, ով ինչ ասել է, իրա ասածները գիտի, իրա ասածների պատասխանները կարող է տալ: Հիմա ինչի՞ ա պետք տակից, գլխից, ամեն ինչից խոսել ու մարդկանց վիրավորել»:

Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ն շատ «դաղված է», որ Հրազդանի ցեմենտի գործարանին արտոնություն տալու նախագիծը օրերս չանցավ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.