Ստի դետեկտորի ու Պերմյակովի ցուցմունքերի միջև որոշ հակասություններ են առկա

- in Կեղտոտ լվացք
Permyakov

Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 1-ին վերսկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Նիստի ժամանակ շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով ապացույցների հետազոտման փուլը։

Վալերի Պերմյակովը փորձաքննության է ենթարկվել ստի դետեկտորի`պոլիգրաֆի միջոցով։ Այսօր այդ փորձաքննության արդյունքներն են հրապարակվել։ Այս փորձաքննության եզրակացությունների եւ Պերմյակովի ցուցմունքների միջեւ որոշ հակասություններ են առկա։ Մասնավորապես, փորձաքննությամբ Պերմյակովը հայտնել է, թե սվին-դանակով հարվածել է փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին, նաեւ Արմեն Ավետիսյանին, մինչդեռ, ըստ դատաբժշկական փորձաքննության, սվին-դանակով հասցված վնասվածքներ հայտնաբերվել են միայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մարմնի վրա։ Ստի դետեկտորով անցկացված փորձաքննությամբ Պերմյակովը նշել է, որ ատելություն է զգացել Աիդա Ավետիսյանի նկատմամբ։ Ըստ փաստաբանների՝ այս ամենը Պերմյակովի ընկալումներն են, որոնք արտացոլվել են պոլիգրաֆի թեսթի արդյունքներում։ Դրանք համադրվելու են օբյեկտիվ իրականության հետ, բայց հիմնական հարցերում հակասություններ չկան` ըստ փորձաքննության Պերմյակովը մենակ է մտել Ավետիսյանների տուն եւ ինքն է կատարել սպանությունը։

Դատական այս նիստում ավատվեց փաստաթղթերի հրապարակման փուլը, այդ իսկ պատճառով նիստն այսօր ավելի շուտ ավարտվեց: Մինչև նիստի ավարտը դատարանը տեղեկացրեց, որ կարողացել է հստակեցնել Պերմյակովի 7 ծառայակիցներից 5-ի գտնվելու վայրը, մյուս 2-ի, այդ թվում նաև Վ. Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինի գտնվելու վայրը դեռ չի հաջողվել հստակեցնել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, որի ժամանակ կմեկնարկի իրեղեն ապացույցների փուլը: Այդ փուլից հետո հերթը կհասնի Պերմյակովի հարցաքննությանը։ Ռուսական կողմի դատավարության ժամանակ, ըստ փաստաբանների, նա, հավանաբար, կհրաժարվի ցուցմունքներ տալուց, եւ կհրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։

Ստի դետեկտորի փորձաքննության ժամանակ Վալերի Պերմյակովի պատասխանների և նրա նախաքննության ընթացքում տված բազմաթիվ ցուցմունքների, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացության միջև կան հակասություններ: Այս մասին նշվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով դատական նիստում, որի ընթացքում ավարտվել է քրեական գործի նյութերի հետազոտումը:

Մասնավորապես, ստի դետեկտորի փորձաքննության շրջանակում Պերմյակովն ասել է, որ սվին-դանակով հարվածել է ոչ միայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, այլև Հասմիկ Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ սվին-դանակի վնասվածքներ հայտնաբերվել են միայն փոքրիկ Սերյոժայի մարմնի վրա: Պերմյակովը բազմաթիվ սխալ տեղեկություններ է հայտնել նաև, թե ինչ դիրքում է կանգնած եղել Ավետիսյանների ընտանիքի անդամների վրա կրակելիս, հետագայում փոխել է իր ցուցմունքները:

Այսօր հրապարակված դատահոգեբուժական ու դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, Պերմյակովը բնութագրվում է որպես անկայուն բնավորության տեր անձ, նրան հատուկ է դաժանությունը, թերզարգացությունը, տհասությունը, մանկամտությունը, սուտ խոսելը: Միաժամանակ փորձագետներն արձանագրել են, որ նա որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20