Օր յոթերորդ. Բակո Սահակյանը գիծ քաշեց. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Bako Sahakyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ևս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվեց, չնայած որ թշնամին օրվա ընթացքում շարունակել է տարբեր տրամաչափի հրազեններից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին երեկ տեղեկացրեց ԼՂՀ պաշտպանական բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Երեկվա դրությամբ հայկական բանակի զոհերի թիվը 36 է, որոնցից 9-ը՝ սպաներ, 27-ը՝ շարքայիններ, վիրավորները 122 հոգի են, որոնցից 24-ը սպաներ են, 98-ը՝ շարքայիններ: Անհետ կորածները 21 հոգի են:

Ի դեպ, զոհերի թիվը նախորդ օրվա ընթացքում աճել է անհետ կորած զինվորներից չորսի դիերը մարտի դաշտից դուրս բերելու արդյունքում: Երեկ հայկական զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել, ինչպես նաև ոչնչացվել է թշնամու մեկ անօդաչու թռչող սարք: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների և արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կարևոր հայտարարություններ էր արել: Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձևաչափը խեղաթյուրված է: «Խանգարված ձևաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման:

Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք: Դուք գիտեք, որ 1994-ին ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության կողմ: Այս որոշումը մինչ օրս պահպանում է իր իրավական ուժը»,- հայտարարել է Բակո Սահակյանը:

Փաստորեն, ԼՂՀ նախագահը հստակ և աներկբա ասել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին: Ավելին՝ ԼՂՀ-ն բանակցություններին մասնակցելու է որպես ինքնիշխան սուբյեկտ, թեկուզ և միջազգային հանրության կողմից չճանաչված: Հաջորդ կարևոր ուղերձը, որը Բակո Սահակյանը հնչեցրել է, վերաբերել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը կրկին անգամ խախտելուն: «Եթե Ադրբեջանը փորձի կրկին անգամ խախտել հրադադարը, ապա մենք կիրականացնենք հակահարված նման հակառակորդի, պայմանավորվածությունները չհարգող կողմի նկատմամբ, չենք կարող այլ մոտեցում ունենալ»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20