Հակամարտությունն այժմ շահավետ չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին

- in Կարծիք
Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր կարծիքն է հայտնել հայ-ադրբեջանական սրված հակամարտության վերաբերյալ:

«Հայ-ադրբեջանական հակամարտության սրման վերաբերյալ իմ դիրքորոշումն այսպիսին է. հակամարտությունն այժմ շահավետ չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին: Այն, ինչ տեղի ունեցավ, շատ նման է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պուտինյան սադրանքին: Ընդ որում, Մոսկվան դեպքերի նման ընթացքին վաղուց է պատրաստվում: Ռուսաստանը վաղուց և ինտենսիվորեն զինում է երկու կողմերին, իսկ վերջին ժամանակներս զուտ ռազմական նշանակության ճանապարհ է կառուցել Դաղստանից Վրաստան, որը Ադրբեջան ներխուժելու ամենակարճ ճանապարհն է:

Սադրելով հակամարտությունը՝ Ռուսաստանը միանգամից մի քանի ռազմավարական նպատակներ է հետապնդում՝ առիթ է ձեռք բերւմ ներխուժելու և գրավելու տարածքներ, որոնցով անցնում են Ադրբեջանի նավթագազային խողովակները. այդպիսով Եվրոպան կարող է կորցնել Ադրբեջանի և Թուրքմենստանի այլընտրանքային էներգետիկ աղբյուրները: Իլհամ Ալիևի կառավարությունը, որ միշտ անկախ քաղաքական կուրս է վարում, կարող է ծայրահեղ դժվարին իրավիճակում հայտնվել:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների շեմին, որտեղ ռուսամետ Իվանիշվիլին անկասկած կպարտվի, Վրաստանը հարվածի տակ կընկնի, իսկ Թուրքիան, որին Պուտինը երդվել է պատժել, ստիպված երկու ճակատով ներքաշվում է պատերազմի մեջ:

Այս իրավիճակում բոլոր առաջնորդները պետք է չափազանց զգույշ լինեն և որքան հնարավոր է՝ զսպվածություն դրսևորեն, ինչը շատ դժվար է: Ինչպես միշտ, մենք գործ ունենք մի սցենարի հետ, երբ Պուտինը երկար պատրաստվել է, իսկ Արևմուտքը հանկարծակիի է եկել: Այնուամենայնիվ, մենք պետք է սպասենք այն պահին, երբ Պուտինը անխուսափելիորեն կթուլանա, և օգտագործենք հնարավորությունը տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»,- ասել է Սաակաշվիլին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20