Հայոց ցեղասպանության հարցով համաժողով՝ Ստամբուլում

- in Հասարակություն
Turky

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ «Ո՛չ ասա ռասիզմին ու ազգայնամոլությանը» (DurDe) հարթակը ապրիլի 24-ից առաջ՝ ապրիլի 16-ին, Ստամբուլում գումարել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ֆորում:

Յըլդըզ Օնենի մոդերատորությամբ անցկացված առաջին նիստում քննարկվել է «Ակօսի» նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերի մղած պայքարը:

Առաջինը խոսել է ակտիվիստ Ջյուլիդե Թունաքանը ՝ նշելով ամոթի զգացում ունենալու մասին, որ միայն Դինքի սպանությունից հետո է ճանաչել այն մարդկանց, որոնց հետ ապրել է կողք կողքի:

Երաժիշտ Ստեֆան Եփրեմյանը հայտարարել է, որ Հրանտ Դինքի գործունեությունը սկսել է իր ազդեցությունը ունենալ ինքնության ու մշակույթի ոլորտների վրա:

«Արմեն» որբանոց-ճամբարի քանդման դեմ պայքարի հարցերով ակտիվիստ Արև Միրաքյանն էլ իր ելույթը սկսել է հայերենով՝ ընդգծելով, որ հույսով դիմադրել ու հաղթել են, ստացել են «Արմեն» որբանոց-ճամբարը և այժմ էլ հույսով խաղաղություն են ցանկանում:

Ֆորումի երկրորդ նիստում, որը կրել է «Ցեղասպանության հերքում ու թուրքական պաշտոնական փաստարկները» անվանումը, առաջինը ելույթ է ունեցել Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ Աթիլա Դիրիմը:

Նա նկարագրել է պետության ժխտողական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ դա շարունակվում է նաև դասագրքերում: Բիլգիի համալսարանի պատմագիտական բաժնում աշխատող Բյուլենթ Բիլմեզը հայտարարել է, որ պետությունը երկար ժամանակ անտեսում էր Ցեղասպանության հարցը, իսկ հերքման քաղաքականությունը սկսեց ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) գործողություններից հետո:

Բիլմեզի խոսքերով՝ պետությունն այդ հարցում այնքան է վստահել ազգին, որ ժխտման բոլոր ուղերձները միտված են եղել արտաքին լսարանին: Բիլմեզը կարևորել է DurDe-ի նման կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց ծրագրերում ընդգրկել են Ցեղասպանության հարցը, ինչն էլ սկսել է կոտրել հերքման քաղաքականությունը, սկսել են խոսել այդ թեմայով:

Վերջին՝ երրորդ, նիստն էլ ստացել է «Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքար» անվանումը: Առաջինը ելույթ է ունեցել գրող Ումիթ Քըվանչը՝ խոսելով Թուրքիայում ոչ մուսուլման ժողովուրդների իրավունքների խախտումների մասին:

«Նոր Զարթոնք» շարժման ակտիվիստ Նորայր Օլգարը հայտարարել է, որ Հրանտից առաջ այս հողերում այսչափ հեշտ չէր Ցեղասպանությունից խոսելն ու իրավունք փնտրելը. «Մեր՝ «Նոր Զարթոնքի» ճանապարհը բացողը Հրանտ Դինքն էր, որ 1996 թվականին հիմնեց «Ակօս» թերթ, և փորձում էր պատմել, որ այս հողերում հայեր կան, որոնց փորձում են բնաջնջել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20