Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու ուղին ԼՂՀ ճանաչումն է

- in Կարծիք
LGHH

ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի միջազգային հանրության մոտ այն մոտեցման ամրապնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ենթարկվել ցեղասպանության ԼՂ ազատագրված տարածքների զիջման պարագայում:

Ապրիլի 21-ին նման տեսակետ արտահայտեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը. «Միևնույն է` Ադրբեջանը, եթե ամրապնդվեց Արցախի ազատագրված տարածքներում, հաջորդ քայլը լինելու է հարվածը Լեռնային Ղարաբաղին, այսինքն` հայկական բնակեցված տարածքների ուղղությամբ: Հայկական կողմը առաջին հերթին Ռուսաստանին ու նաև համաշխարհային հանրությանը պետք է կարողանա բացատրել, որ նման քայլը հղի է ցեղասպանական հետևանքներով»:

Բանախոսը կարևոր քայլ համարեց այն, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին ագամ համաշխարհային հանրությունը եվրոպական բարձր ամբիոններից պատգամավորների մակարդակով սկսել է խոսել Արցախի ժողովրդին սպառնացող վտանգի մասին, իսկ դրանից խուսափումը տեսնում է ԼՂՀ-ն ճանաչելու մեջ: «Վերջին վայրագությունները, որ նախաձեռնեց Ադրբեջանը, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մակարդակի գործողություններ էին, հուշում են, որ Արցախի ժողովուրդը կարող է ենթարկվել ցեղասպանության, ու 100 տարի հետո հայ ժողովորդի հետ կարող է կրկվել այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին: Գոնե եվրոպական խորհրդարանի պատգամավորների մակարդակով խոսվում է այն մասին, որ ցեղասպանությունից Արցախի հանրությանը փրկելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է: Կարծում եմ` ՀՀ արտաքին գործերի գերատեսչության առաջին խնդիրր պետք է լինի այն, որ շարունակի աշխարհի մոտ այս մոտեցումն ամրապնդելը»,-հավելեց պատմաբանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20