Ո՞վ կցանկանա լինել հետամնաց, չափից ավելի կոռումպացված, կլանային-օլիգարխիկ պետության գործընկեր, ինչպիսին Ռուսաստանն է

- in Հրապարակ
Russia

Շա՞տ են աշխարհում մեկուսացված երկրները: Համենայնդեպս, այդպիսիք կան: Օրինակ, Հյուսիսային Կորեան չուչխեի իր գաղափարախոսությամբ, որը հպարտանում է իր մեկուսացմամբ:

Ռուսաստանը համառորեն ձգտում է նման կարգավիճակի եւ արդեն սկսել է հպարտանալ դրանով: Մնում է միայն մի բան՝ վասալային «բարեկամությունը» հայերի ու ադրբեջանցիների հետ: Սակայն մեկուսացվածն ինքն է դառնում վասալ, ընդ որում՝ սեփական մեկուսացվածության վասալը:

Սկսենք Հյուսիսից: Հյուսիսը յուրահատուկ, սակրալ տարածություն է, ռուսների կողմից լիովին անօրինականորեն յուրացված, եւ ներկայում այնտեղ ստեղծում են ռազմածովային բազաներ եւ այլ օբյեկտներ: Ռուսներն, ինչպես միշտ, չեն հաշվել, թե ինչ կնստի իրենց վրա Հյուսիսի յուրացումը: Շատ փող կծախսվի, չնայած Հյուսիսում նավթ այլեւս ոչ ոք չի արդյունահանի, իսկ ռոմանտիկայից մնացել է միայն Արթուր Չիլինգարովը: Թեեւ Հյուսիսը դասական գոտի է ռուսների համար, որտեղ կարելի է վիճել ու մրցակցել ամերիկացիների հետ:

Բալթիկ ծով կամ Բալթիական տարածաշրջան: Պետք է ասել, որ այս շրջանը ռուսների համար հուսալի ու հիմնավոր փակ է: Եվ բոլոր անմիջական մասնակիցները, այդ թվում Լեհաստանը եւ Գերմանիան, գրավում են ամուր հակառուսական դիրքեր, այդպիսով պաշտպանելով իրենք իրենց:

Այն բանից հետո, երբ Գերմանիան դադարեց լինել Ռուսաստանի փաստաբանը, դարձավ հակառուսական ուղղության հարվածային ուժերից մեկը: Բալթիկայի ոչ մեծ երկրները հուսալի հիմնավորվել են ատլանտիզմի ոլորտում եւ գերադասում են մնալ հակառուսական գործակալների շարքում, քան համագործակցել Ռուսաստանի հետ:

Եվրոպայի կենտրոնում է բավական տարօրինակ Հունգարիան, որտեղ ալկոհոլիկներն ավելի շատ են, քան զինվորականները, ինչպես Ռուսաստանում: Ահա այդ Հունգարիան էլ ներկայում հռչակված է Ռուսաստանի բարեկամ, քանի որ այլ բարեկամներ չի կարողանում գտնել:

Եվրոպայի հարավում Ռուսաստանը դեռ ունի ինչ որ «ընկերներ», օրինակ հույները, որոնք այնքան են երես առել եվրոպացիներից, որ չեն պատկերացնում այլ նոր «ընկերների» Թուրքիային դիմակայելու համար, երբ Ռուսաստանը դեռ թվում է այդ դերում:

Օրինակ, Սերբիան արդեն սպառել է իր պրոռուսական դերը, դառնալով պրո-ՆԱՏՕ-ական ու պրո-եվրոպական երկիր: Ընդհանուր առմամբ, Բալկանները ոչ թե վեճերի, այլ ՆԱՏՕ-ին ու Եվրոպական միությանը երկրների ինտեգրվելու հեռանկարային ուղղություն է: Ռուսները փորձում են խաղալ Մոնտենեգրոյի կասկածների վրա, սակայն անօգուտ:

Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանն ավելի ու ավելի է դառնում Ռուսաստանի հետ մրցակցության ասպարեզ, եւ դա հաջողությամբ ծավալվում է, երբ այդ շրջանը դառնում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պայքարի ասպարեզ: Դեռ ոչ շատ վաղուց, մինչ Ուկրաինայի հետ հակամարտությունը, իրավիճակն այլ էր: Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանում մեծանում է ՆԱՏՕ-ի ռազմա-ծովային ու ռազմա-օդային ուժերի համոզիչ ներկայությունը:

Հարավային Կովկասում դեռ շատ խնդիրներ կան, սակայն Վրաստանն արդեն հաջողությամբ հավաքագրվել է, իսկ Հայաստանը գտնվում է ատլանտյան հաջող ինտեգրման ճանապարհին: Դիվերսիֆիկացման թեզը Հայաստանի համար կորցրել է իմաստը, Հայաստանը պատրաստվում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը:

Ադրբեջանի ճակատագիրը շատ բանով կախված է լինելու Թուրքիայի տրամադրություններից ու մտադրություններից, եւ Կասպից ծովից արձակված մի քանի բալիստիկ հրթիռները փաստարկ չեն դառնա ռուսական սադրանքի համար:

Կենտրոնական Ասիայում իրավիճակն ավելի բարդ է: Ռուսներն անընդհատ պարծենում են Աֆղանստանում ամերիկացիների անհաջողություններով, երեւի մոռանալով իրենց ոչ վաղ անցյալի խնդիրների մասին: Կենտրոնական Ասիայում ռուսներին այդպես էլ ոչինչ չհաջողվեց, այդ թվում Ղազախստանի պարագայում: Կենտրոնական Ասիան դարձել է մի տարածաշրջան, որտեղ գերակայում է Չինաստանը: Եվ ձեւ անել, թե ռուսները հեռանկարներ ունեն այս տարածաշրջանում, պարզապես դատարկախոսություն է:

Տարածաշրջանի ռեսուրսների գերակշիռ մասը պատկանելու է Չինաստանին, թեեւ արդեն պատկանում է, իսկ Ռուսաստանին առայժմ տրված է ժանդարմի գործառույթ, որը հասկանում է, որ ինքը ժամանակավոր է ամրակցված այս տարածաշրջանին:

Հեռավոր Արեւելքում Չինաստանն է, որի առաջ Ռուսաստանը դողում է, եւ պարզվում է, որ ոչ մի նախագիծ, որի հետ իբր պետք է կապված լիներ Չինաստանը, չի իրագործվելու: Պետք է ուշադիր վերաբերվել Չինաստանի առաջարկներին:

Ճապոնիայի հետ գործերն ավարտված են, այն այլեւս փնտրելու բան չունի Սիբիրում, կգտնվեն հումքի ու էներգիայի այլ աղբյուրներ:

Հարավում ստեղծվել են երկու հզոր կենտրոններ, որոնք կարող են դիմակայել Ռուսաստանին՝ Թուրքիան ու Իրանը, որոնց հետ ռուսներն այդքան մեծ հույսեր էին կապում: Մերձավոր Արեւելքում պարզվում են բավականաչափ իրողություններ, նախեւառաջ այն, որ տարածաշրջանը փակ է Ռուսաստանի համար, իսկ Սիրիայում անիմաստ ծախսած 37 միլիարդ ռուբլին այդպես էլ որեւէ նոր ու հետաքրքիր բան չտվեց, ռուսներին քշել են Մերձավոր Արեւելքից, եւ դժվար թե նրանք եւս մեկ անգամ հայտնվեն այդ տարածաշրջանում:
Վերջնականապես կորսվել են Հնդկաստանի ու շատ այլ երկրների հետ կապված հույսերը, նույնիսկ Վիետնամը պարզվեց ԱՄՆ-ի ընկերն է:

Ո՞վ կցանկանա լինել հետամնաց, չափից ավելի կոռումպացված, կլանային-օլիգարխիկ պետության գործընկեր, ինչպիսին Ռուսաստանն է: Նրա հետ երբեմն զրուցում են, որովհետեւ չզրուցելը պարզապես անպատշաճ է: Սակայն գործընկերությունը լիովին այլ բան է, մեկուսացված երկիրը գործընկեր չի դառնում, նա տալու բան չունի:

Ռուսաստանն ավարտված է եւ տնտեսապես, եւ քաղաքականապես, մնում է միայն մշակութային կողմով, բայց այդ մասին դեռ կխոսենք:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20