Հեղափոխական քահանայի վրեժը

- in Մամուլ, Մշակույթ
khach xach

Խոսելով հայկական կոտորածների, Ցեղասպանության մասին՝ սովորաբար հիշատակում ենք մարդկային զոհերի թիվը, երբեմն նաև մշակութային ու նյութական արժեքները։

Բայց կա ահռելի արժեք, որի կորուստը անվերականգնելի է, բայց բավարար չափով չենք կարևորել։

Հայկական գերդաստանները։ Որոնց միջոցով փոխանցվել են մշակութային ու նյութական արժեքները, ավանդույթները։

Մի քանի ամիս, ամեն էջից մի քանի նշում անելով, ըմբոշխնում եմ «Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը» գիրքը՝ արևմտահայ կյանքի մի հանրագիտարան։ Վերջում տիրապետող զգացումը մնաց դառնությունը, թե քանի-քանի իրենց բնիկ հողերում հարյուրամյակներ ապրող գերդաստան դադարեց գոյություն ունենալ կամ սփռվեց աշխարհով մեկ Ցեղասպանպության ընթացքում։

Տեր Ղևոնդը եղել է տոհմիկ քահանա, 21-րդ սերնդի հոգևորական։ Նրա ընտանեկան հուշերը հետ են տանում մեզ մինչև ուշ միջնադար, ներկան՝ XIX դարի երկրորդ կեսն ու XX դարի սկիզբը։ Գիրքը սկսվում է առօրյա պարզ ուրախությունների ազգագրական հետաքրքրություն ներկայացնող գունագեղ պատկերներով։ Հեղինակը երկու գլուխ նվիրում է իր «ծիծաղելի թերություններին», ասես հետևելով սցենարական արվեստին նվիրված վերջին հոլիվուդյան դասագրքերին, որոնք խորհուրդ են տալիս հերոսին օժտել փոքրիկ թերություններով, որպեսզի նրա հետագա քաջագործությունները կասկած չհարուցեն։

Տեր Ղևոնդի աշխարհիկ անունը Երջանիկ է։ Նա սովորել է Մարաշի Ս. Քառասուն Մանուկ եկեղեցու վարժարանում. «…Դպրոցի մէջ գրաբառ, Սաղմոս, Աւետարան, Նարեկ, Գործք Առաքելոց դաս կու տային։ Ցաւալին այն է, որ դպրոցին մէջ տիրող լեզուն թրքերէնն էր» (էջ 63)։ Երեխայի ուշք ու միտքը խաղերն են եղել. «Աղւոր գաւազան մ’ունէի, իբրեւ ձի վրան կը հեծնայի, մեր թաղին ուրիշ տղայոց հետ փողոցները ձիարշաւ կ’ընէինք» (էջ 56)։ Բայց փոքր տարիքում արդեն նա պետք է ընտրություն աներ. իտալացի միսիոներները Մարաշում դպրոց են բացել, որտեղ նույնպես մանչուկը հաճախում է… և հասկանում, որ «լատին փադրէներուն նպատակը կրթական վարագույրի տակ» կաթոլիկություն «փրօփականտ ընելն» է։ «Աւելի լաւ համարեցի փոխանակ լաւ թրքերէն եւ իտալերէն գիտցող ջերմ կաթօլիկ մը ըլլալու, տգէտ լուսաւորչական հայ մնալ» (էջ 64)։

Տեր հայրը պատմում է, որ 1870-ականներին «Ամերիկայի միսիոնարք» ևս եկել են Թուրքիա։ Լուսավորչականների հետ նրանց վեճ ու կռիվները քաղաքում անպակաս են եղել, մինչև որ Ղևոնդի հայրը՝ Մարաշի Առաջնորդական Փոխանորդ տեր Նահապետը, համոզել է միսիոներ «ամերիկացի մըստըր պատուելի Փըրաթին», որ «փոխադարձաբար» բողոքական ժողովարանի և հայկական եկեղեցու մեջ քարոզ կարդան։ Դա հանդարտեցրել է երկու քրիստոնեական համայնքի առճակատումը (էջ 70-71)։

Տեր Ղևոնդը շատ է ճանապարհորդել հոր հետ, նկարագրում է նրա պատվարժան բարեկամներին, տարբեր հայաբնակ վայրեր։ 20-ամյա հասակում նա ամուսնանում է, մեծ գորովանքով է խոսում կնոջ մասին, որ ասես ընտանեկան ավանդույթ է. «Հայրս մորս միշտ «խըսըմ» (հարազատ) ըսելով կը խօսեր» (էջ 111)։ Բայց ընտանեկան հովվերգությունը մթագնվում է թուրք հարկահանների դաժանությամբ, որոնք նույնիսկ երկու աչքով կույր կնոջ անկողինն են խլում ամուսնու «պարտքի» դիմաց, իսկ Ղևոնդի Հակոբ հորեղբոր «համեստ կինը՝ Տիրուհի» դրանց հայհոյանքներից ու սպառնալիքներից վիժում է և ամիսներով պառկում հիվանդ։

Եթե «տաճիկ կառավարութինը» հարկերով է սնանկացնում հայերին, բողոքական, կաթոլիկ հայերը, «լատին փադրէները» վարկեր տալով, պարտքերը փակելով «կ’աշխատեին բաժան բաժան ընել խեղճ հայութիւնը» (էջ 130)։

Բայց ամենածանր հանգամանքներն էլ կարելի է հօգուտ բարի գործերի շուռ տալ հնարամտորեն, ինչպես ցույց է տալիս Տեր Ղևոնդի մի զվարճալի պատմությունը։ Թելեմելիքցի Պարոն անունով մի ունևոր գյուղացի, «ազգասէր եւ բարեպաշտ», կաշառում է թուրք ոստիկանին, որ սա Մարաշի կառավարչի անունից հրամայի իր համագյուղացիներին… այգիներ տնկել։ 10 տարի անց գյուղը շրջապատված է լինում բերրի այգիներով։

Զվարճության տեղ չի մնում, երբ վրա է հասնում 1895 թվականը, «Մարաշի ահեղ կոտորածը»…

Օսմանյան կառավարության կողմից ամիսներ առաջ պատրաստված տապարներով, մետաղե սուր ձողերով զինված մուսուլման խաժամուժը տնից տուն է անցնում։ Տեր Ղևոնդին փրկում է նրա հարևանը («Օրհնեալ ըլլայ Տէրէլի Օղլու Մուսա»). «Պարապ տեղը մի աշխատիք, երբեք չպիտի հանձնեմ ձեզի, տունս ապաստանող քէյիշը վաղեմի դրացիս է, հայրը հօրս հետ ապրած, նստած ելած է» (էջ 196)։ Գերդաստանի երեխաներին ապաստան է տվել «Շէրիֆ Հաթըն անուն թուրք այրի» կինը (էջ 198)։ Մահացու վտանգները արհամարհելով քահանայի ընտանիքին ուտեստ է հասցնում Մարգարիտ Ջանսըզյանը։

Ընտանիքը մազապուրծ ազատվել է ջարդից։ Գրքի մի քանի էջ տեր հայրը նկարագրում է տան՝ երեք դար նշխարք առ նշխարք ամբարված ունեցվածքը, որը թալանվել է մոտ 500 հոգանոց ամբոխի կողմից։ Հին ձեռագրեր, գորգեր… հուզիչ մանրամասն՝ «բերքն առատ ըլլալուն վեց հարիւր սուճուղ» (192-94)…

Մարաշում «մարդակերպ գազան տաճիկները… 800էն ավելի հայ սպաննած էին։ Ցաւ ի սիրտ, մենք չէինք կրցած գէթ 80 տաճիկ սպաննել (էջ 202), մորմոքում է տեր Ղևոնդը, չէ որ «ընդ ամենը 2000 տունե բաղկացած Զէյթուն 120 հազար զինուորէ բաղկացեալ ստւար բանակի մը դէմ դրաւ ամբողջ 2 ամիսներէ ի վեր» (էջ 219)։

Կոտորածի առաջին ալիքից օրեր անց, երբ արդեն թուրքերն ու մարաշցի հրեաները հայերի դիակները պարաններով ոտքերից կապած քաշում գցում են քաղաքի աղբանոցները, Ղևոնդ քահանային ձերբակալում են։

Մինչ այդ բանից անտեղյակ ընթերցողն իմանում է, որ նա մեղադրվում է… հեղափոխական գործունեության համար։

Միայն առաջին ժամերին նրան երկաթե գավազանով 100-ի չափ հարված են հասցնում, որպեսզի խոստովանի իր գաղտնի գործունեությունը։ Քահանան դիմանում է։ Բայց ոստիկանապետը պատվիրում է «քիւրտ Մեւլութին» կողքի սենյակը տանել նրան և «լլկել պատիվը», և տեր Ղևոնդը ընդունում է, որ Մարաշի «Հնչակեան ընկերութեան ատենապետն» է, ծածկանունը՝ Մարուքե Ճգնավոր։ Գրքի առաջաբանից տեղեկանում ենք, իր նա ևս «500-800 զինեալ կտրիճներով» պետք է բարձրանար Զեյթուն, բայց դա չի հաջողվել։ Թուրքերը շարունակում են տանջանքները, նա կիսամեռ է։ Երբ հասկանում է, որ իրեն սպանելու են, հայտնում է կուսակից ընկերներից մի քանիսի անունը, թվարկում տները, որտեղ հավաքներ են ունեցել… Այս մարդկանց կալանավորում են, նրանցից մի քանիսը մահանում է թուրքական բանտում։

Այս բանտում նաև թուրքերն են մեռնում, եթե կաշառքի փող չունեն։ Մի երիտասարդ, որի քթից մի քանի օր արյուն է գալիս։ Թուրք հարուստ երիտասարդի յոթ ընկերներից երեքը, որոնք նրա հետ աղջիկ են փախցրել, բայց սա փողով ազատվել և ամուսնացել է աղջկա հետ, իսկ ընկերները մնացել են։

1896-ին «արյունոտ սուլթան» Աբդուլ Համիդը համաներում է հայտարարում, և տեր Ղևոնդը վերադառնում է տուն։ Անկարելի ողբերգություն։ Սիրված հոգևորական, հեղափոխական հերոս, որից կտտանքներով մատնություններ են կորզել։ Համայնքից շատերը մերժում են նրան։

Շուրջ 15 տարի նա դեգերում է տարբեր համայնքներում, պատվով ընդունվում հայ մեծ բարերարների ու Օսմանյան Կայսրությունում բարձր դիրքեր գրավող պաշտոնյաների կողմից, գործակցում թե´ բարեպաշտ և ուսյալ հոգևորականների հետ, թե´ այլոց, որոնք «աչօք տեսած եմ, կիներ կը պահեն գաղտնի, փոքրավորներ ունին, արուագիտութեան, գինեմոլութեան սիրահար ըլլալով աշխարհային ամեն տեսակ հեշտութեանց եւ զվարճութեանց գերի դարձած են։ Որովհետեւ դրամ ունին, փառք եւ պաշտօն ունին, Առաջնորդ կըլլան, Պատրիարք կըլլան, Կաթողիկոս կըլլան» (269-270)։

Տեր Ղևոնդը քիչ է գրում 1915-ի և հայկական հեղափոխական շարժման մասին՝ երևի զգուշանալով, որ թուրքերը կարող են ձեռագիրը բռնագրավել՝ 1895-ին, դիցուք, նրա գրառումները անհետացել էին տան թալանի ընթացքում։ Բայց շատ սուր թեմաներ նա չի շրջանցում, ընդվզում է անգամ իր Աստծու դեմ, որը թույլ է տվել անմեղ քրիստոնյաների բնաջնջումը. «Ո՞ւր ես, «ընդ ձեզ եմ մինչեւ կատարած աշխարհի» ըսող Յիսուս»։ Ճիշտ է, նախ սեփական աչքի գերանը փնտրելու քրիստոնեական ավանդությանը հետևելով, անմիջապես էլ ավելացնում է. «Մասամբ ալ իրաւունք ունիս, ով Տէր… Պէտք էր հոյնին եւ հռովմայեցիին պէս ազգամոլ ըլլալ, սիրել մեր տոհմային լեզուն, յարգել մեր տոհմային աւանդութիւն եւ սովորութիւնները։ Համերաշխ ըլլալ, միաբանութիւն եւ սէր ունենալ իրարու։ Անկ էր մեզի աղւոր զէնք շինել, կտրիճ ըլլալ, թուրքին, քիւրտին եւ չէրքէզին պէս կողոպտել, յափշտակել միշտ եւ հանապազ ազատ ապրելու փափաքիլ» (200)։

«Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը» գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, 2013-ին, վերջերս այն լույս տեսավ նաև ֆրանսերեն։

Տեր Ղևոնդ քահանայի թոռներից էր վաստակաշատ պատմաբան Արամ Տեր-Ղևոնդյանը (1928-1988)։ Նրա որդին՝ Վահան Տեր-Ղևոնդյանը, նույնպես պատմաբան է, դիվանագետ, եղել է «Հայաստան» հիմնադրամի տնօրեն։ Հենց նա էլ ամենայն գիտական բարեխղճությամբ կազմել, ծանոթագրել է գիրքը, գրել 20 էջանոց առաջաբան, որի շատ դիտարկումներ սիրով կմեջբերեի, եթե չլիներ այս նոթի ողջամիտ ծավալը գերազանցելու մտավախությունը։

Տեր Ղևոնդն իր ամբողջ էությամբ դիմադրության կողմնակից է եղել, բայց ակնհայտ էր, որ հայկական կուսակցությունները գերագնահատել էին իրենց ներուժը, սովորական մարդկանց տրամադրությունները, եվրոպական օգնության հավանականությունը, թերագնահատել թուրքերի վայրագությունը, որին միայն 1895-96-ին զոհ գնաց շուրջ 300 հազար հոգի։

Ամեն ապրիլի 24-ի առաջանում է այդ երկմտանքը. ո՞րն էր, ի վերջո, ճիշտ. հարմարվե՞լ, գոյատևե՞լ մինչև ավելի բարենպաստ ժամանակներ, թե՞ ապստամբությունների միջոցով գոնե հայության մի մասին զինված պայքարի մղել։ Հարց, որի պատասխանը երևի չկարողանանք տալ մինչև օրերի վերջը։

Եթե միայն «արդյունքներին», մեր զոհերին նայենք, ակնհայտ է, որ հեղափոխական քահանան չի կարողացել վրեժ լուծել թուրքերից։ Բայց նրա վրեժն իր գերդաստանն է, որից բարեբախտաբար շատերն են փրկվել, հարուստ գրադարանը, որը ստիպված է եղել վերականգնել… երեք անգամ, և վերջապես այս հուշագրությունը։ Այն արժեքավոր է ոչ միայն իր ազգագրական, բանահյուսական, աղբյուրագիտական տեսանկյունից, այլ նաև ընթերցանության հրաշալի նյութ է՝ հեղինակային առաջադիմական հայացքով, բազմաթիվ «գործող անձանց» դիպուկ, երբեմն՝ անողոքաբար դիպուկ բնութագրումներով, զարմանալի ինքնահեգնանքով ու անկեղծությամբ։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գրող, հրապարակախոս; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20