2011 թ.-ին Կազանում Սերժ Սարգսյանը պատրաստ էր 5 շրջանների վերադարձի եւ խաղաղապահների տեղակայմանը

Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը սենսացիոն խոստովանություններ է արել Բլումբերգ գործակալության թղթակցի հետ զրույցում: Օրինակ, Սարգսյանը հայտարարել է, թե 2011 թվականին Կազանում ինքը պատրաստ էր 5 շրջանների վերադարձի եւ խաղաղապահների տեղակայմանը, թե ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունը նախկինում անհիմն չէր:

Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե հայկական կողմը ոչ «ռազմավարական նշանակության» որոշ տարածք է կորցրել քառօրյա պատերազմի ընթացքում հյուսիսում եւ հարավում, որոնք հետ չի բերվել միայն նոր զոհերից խուսափելու պատճառով:

Սերժ Սարգսյանը փաստացի արել է հայտարարություններ, որոնք վկայում են Հայաստանի պետական շահի ոտնահարման մասին: Օրինակ, Սարգսյանը ասում է, որ Կազանի համաձայնությանը պատրաստ էր նաեւ Արցախի կարգավիճակի հետաձգմանը:

Փաստացի, Սարգսյանը Բլումբերգի հետ զրույցով գնում է վա բանկ, կամ անցնում է գործնականում բաց խաղի: Ինչու՞, ի՞նչ նպատակով: Նա ներկայում հայտարարում է, որ ռուս խաղաղապահները Արցախում չունեն անելիք, նաեւ նշում է, որ անհնար է բանակցել, եթե չկա անվտանգության երաշխիք, քանի որ իրենք կարող են բանակցել, իսկ զինվորականները կորոշեն հարցը լուծել ռազմական տարբերակով:

Դա էլ հետաքրքիր հայտարարություն է, համենայն դեպս ըստ Բլումբերգի շարադրման, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ զինվորականների մասին է խոսքը, ինչու՞ Սարգսյանը չի ասում, որ Ադրբեջանը կփորձի հարցը լուծել ռազմական տարբերակով: Արդյոք նա ակնարկում է, որ եթե անգամ ինքը գնա ինչ-ինչ բանակցության, միեւնույն է, հայկական զինվորականությունը չի ճանաչի որեւէ բանակցություն: Արդյոք Սարգսյանն ակնարկում է, որ զինվորականությունը ներկայում էլ դնում է «ոչ ռազմավարական նշանակության» տարածքները հետ բերելու հարց եւ բանակցության կգնա միայն այն դեպքում, երբ միջնորդները կլուծեն այդ հարցը քաղաքական տարբերակով, վերադարձնելով Ադրբեջանին 1994 թվականի հրադադարի դիրք, այլապես վաղ թե ուշ դա կփորձի անել հայկական զինվորականությունը:

Այդպիսով, արդյոք Սերժ Սարգսյանը չի ակնարկում այն, որ հայկական կողմը սպասում է, թե ինչ քայլեր կարվեն Ադրբեջանին 1994-ի «դիրքեր» վերադարձնելու համար, եւ եթե առաջիկայում դրանք չլինեն բավարար, ապա կայունությունը խախտողն արդեն կլինի Հայաստանը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը, խոսելով այն մասին, որ ինքը մինչ այժմ համաձայնել է անգամ հայկական շահի տեսանկյունից անկարելիին, կարծես թե փորձում է ցույց տալ, որ ներկայում որեւէ մեկը չի կարող հայկական կողմին մեղադրել արդեն իր խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու եւ կորցրած տարածքը հետ վերադարձնելու համար: Այլապես, ինչու՞ է Սարգսյանը հրապարակավ խոստովանում, որ հայկական կողմը կորցրել է տարածք: Ո՞րն է լինելու այդ խոստովանության գինը, հատկապես երբ ակնհայտ է, թե ներքին ինչ սուր քննադատություն են առաջացնելու Սարգսյանի հայտարարությունները:

Թե՞ նրան հենց դա էլ պետք է՝ առաջացնել ներքին ուժգին ալիք եւ այդպիսով կանխել Կազանի վերադարձի փորձերը:

Սարգսյանի հարցազրույցի առաջացրած հարցերն իսկապես շատ են: Դրանում բացված խաղաքարտերն այնքան աղմկոտ են, որ Սարգսյանի խոստովանությունը չափազանց պարզ է թվում պարզապես խոստովանություն լինելու համար:

Նա գնում է վա բա՞նկ՝ բացելով Կազանը, թե՞ փորձում շեղել բոլորին մի նոր խաղից, որ սկսել է կամ պատրաստվում է սկսել: Իսկ ու՞մ հետ եւ որտեղ՝ արտաքին հարթության վրա՞, թե ներքին: Արցախի խնդիրն այդ խաղում լինելու է միջո՞ց՝ գուցե իշխանության ներքին խնդիրներ լուծելու համար, թե՞ առարկա:

Այդ իմաստով ուշագրավ է Սարգսյանի հայտարարությունը, թե Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարը հնարավոր է անբավարար լինի ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալու համար:

Դա անվստահությու՞ն է Ռուսաստանին: Բլումբերգի հետ զրույցից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանն, ընդունելով ՌԴ արտգործնախարար Լավրովին, նրան հարցնում էր, թե ուզում է լսել Ռուսաստանի կարծիքը՝ ինչու՞ հարձակվեց Ադրբեջանը: Ըստ ամենայնի, Սարգսյանը Լավրովից այդքան էլ հուսադրող պատասխան չի լսել եւ այդ պատճառով ահազանգում է, որ պատրաստվում է ռուս-ադրբեջանական նոր սադրանք:

Ընդ որում, ուշագրավ է, որ Լավրովը Երեւանում հայտարարեց, թե ակնկալում են, որ Գերմանիան քայլեր կկատարի հրադադարի պահպանման մեխանիզմ ներդնելու համար: Այլ կերպ ասած, Ռուսաստանը հրապարակավ հրաժարվեց կայունության համար իր պատասխանատվությունից, իսկ դա նշանակում է, որ Մոսկվան գուցե ազատեց իր ձեռքերը, ազատեց ինքզինքը կայունության համար հետագա պատասխանատվությունից, հետեւաբար այդպիսով ստեղծեց նոր ապակայունացման «ալիբի»:

Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը Ալիեւին պարզապես հայտնի, որ կկատարի Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունը, ապա դա անկասկած բավարար է, որ Ալիեւը զսպվի: Եվ եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարն անկայուն է, ապա դա մի կողմից կնշանակի, որ այս անգամ էլ Հայաստանն իրեն լիովին իրավունք կվերապահի զենքի ուժով վերականգնել կորցրածը եւ գուցե ավելին՝ դրա համար էլ Սերժ Սարգսյանը խոսում է զինվորականների մասին: Մյուս կողմից, դա կարող է նշանակել, որ Լավրովը Երեւանին չի տվել դաշնակցային հույս:

Ըստ այդմ, անկայունության մասին հայտարարությամբ Սարգսյանն արդյոք ակնարկում է, որ Ռուսաստանը Երեւանի համար այլեւս անվստահելի դաշնակից է, եւ Հայաստանը պատրաստ է համարժեք քայլերի, եթե լինեն դաշնակցային նոր առաջարկներ:

Ընդ որում, հետաքրքիր է, որ Բլումբերգի հետ զրույցի հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել ոչ ավանդականի պես, այսինքն ոչ իշխող շքախմբի ուղեկցությամբ, այլ գործնականում մենակ: Ինչու՞ եւ ինչի՞ց էր իրեն տարանջատել Սարգսյանը, եւ արդյոք դա որեւէ կապ ուներ Բլումբերգին արված խոստովանության հետ եւ կրում էր «մաքուր էջից» սկսելու պատրաստակամության մասին ակնարկ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.