Արդեն երգում են. Հուսանք, այսուհետ միայն կարծեսի տպավորություն չեն թողնի …

Karen Karapetyan

Խորհրդարանում այսօր միմյանց էին հաջորդում մի քանի թեմաներ՝ մայրաքաղաքի Հալաբյան փողոցում երեկ երեկոյան պայթած ավտոբուսինը, ղարաբաղա – ադրբեջանական շփման գծում երեկ ծավալված լայնածավալ պատերազմական գործողություններինը և Հրազդանի ցեմենտի գործարանի 500 մլն դոլար վարկը ադրբեջանցի սեփականատիրոջը պատկանող ՎՏԲ ռուսական բանկին զիջելունը:

Առաջինի դեպքում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուսադրեց սպասել պաշտանական, ուժային կառույցների հայտարարություններին, երկրորդի դեպքում՝ զրուցել է ԼՂՀ ԱԺ և կառավարության ղեկավարների հետ և այսօր հարաբերական անդորր է տիրում շփման գծում, իսկ ցենետի գործարանի դեպքում՝ միայն վարման կարգով արտահայտվելու իրավունք էր տալիս պատգամավորներին, մինչև որ ՕԵԿ խմբակցությունից Մհեր Շահգելդյանը 20 րոպե ընդիմիջում վերցրեց:

Այդ ընթացքում խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նախ՝ լրագրողների համար մանրամասնեց իրավիճակն ու վարկը պետբյուջեից չներելու պահանջները, ապա խորհրդարանի դահլիճի մուտքի մոտ կանգնած պատգամավորների թվում պատգամավոր էր փնտրում, որպեսզի համոզի դեմ քվեարկել:

ՀՀԿ խմբակցությունում միևնույն ժամանակ իրական տուրուդմփոց էր: Այստեղ Տաշիրի Կարեն Կարապետյանին համոզում էին, որ անհրաժեշտ է կողմ քվեարկել, ինչին վերջինս պատասխանում էր հիշոցներով և մերժելով, թե գնացեք, ինչ ուզում եք արեք, ես դեմ եմ քվեարկելու ու վերջ: Ի վերջո, նա առանձնացավ ու ԱԺ ԲՀԿ-ի թևում հանգստանում էր մինչ քվեարկությունը:

20 րոպեանոց ընդմիջումից հետո, արդեն առանց վարման կարգի համար ձայն տալու իրավունքի, որը կանոնակարգվում է նաև օրենքով, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցը դրեց քվեարկության: Այն, ի դեպ, երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ էր դրվում քվեարկության, սակայն չանցավ՝ հավաքելով ընդամենը 63 կողմ, 1 դեմ քվեարկության արդյունք: Միակ դեմը Կարեն Կարապետյանն էր, իսկ կողմ էին ՀՀԿ-ական ներկա պատգամավորներից բոլորն ու մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ: ՀԱԿ, Ժառանգություն, ՕԵԿ խմբակցությունների բոլոր և ԲՀԿ մի քանի պատգամավորները պարզապես չմասնակցեցին քվեարկությանն ու տապալեցին Հրազդանի ցեմենտի գործարանի 500 մլն դոլար վարկը ներելու և գործարանը ՎՏԲ բանկի սեփականությունը դառնալու հնարավորությունը:

Ինչո՞ւ «դեմ» քվեարկեցիք՝ հարցին Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, և պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն: Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել»:

Իսկ ինչո՞ւ մինչ այս չէիք խոսում այս հարցերի շուրջ՝ մեր այս հարցին Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Երբ խոսում ես, երբեմն թիմին ես վնասում, իսկ թիմին վնասել երբեք չեմ ցանկացել: Հաճախ շատ ավելի արդյունավետ է ուղղակի օգնել, հուշել: Իսկ բարձրաձայնել այն դեպքերում, երբ արդյունքը նկատելի չէ: Կարծում եմ՝ սա նախադեպ կլինի, որպեսզի վերջապես զսպվեն ոմանց անհագ ախորժակները»:

Ինչպես ՄԻՏՔ.am-ի հետ զրույցում մասնավորեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը, ով չէր բարեհաճում կանգ առնել ու հանգամանալից պատասխանել լրագրողների հարցերին, ՀՀ կառավարությունը եթե նպատակահարմար գտնի, ապա նորից կբերի օրինագիծը, որը պիտի քննարկվել ու քվեարկվել նորից առաջին, երկրորդ և երրորդ ընթերցումներով:

Mikhayil BaghdasarovՀՀԿ-ն, ըստ էության չհաջողեց անցկացնել հերթական պայմանավորված արտոնությունը, որն ըստ էության տրվում է նախկինում իրենց հովանավորչությունը վայելող Միխայիլ Բաղդասարովի ամենաթողությունների արդյունքում: Այդ նա է վարկը վերցրել, գործարանն աշխատեցրել ըստ սեփական նպատակահարմարության, թերևս՝ ապահովելով իշխանական կերակրամանին մուծումներն ու հեռացել Հայաստանից: Նրա մասին էր նաև ՀՀԿ-ից լսվող արտահայտություններն այն մասին, թե եթե մի մարդու ազգանունը Բաղդասարով է, էլ ի՞նչ սպասել նրանից:

Ընդհանրապես մեկ անգամ չէ, որ արտահայտվել ենք այն մասին, որ հայրենի օլիգարխիան զգացել է վտանգը, մասնավորապես՝ ապրիլսկզբյան քառօրյա պատերազմից հետո և սկսել է երգել, ինչպես Խոշոր շահում ֆիլմի հերոսը: Առաջիկայում նորերի ու նորովի գործողություններ և արտահայտչաձևեր են սպասվում ու ակնկալվում: Օլիգարխիան թերևս հասկանում է, որ անվերջանալի չի կարող լինել կթու կովի կարգավիճակում և փորձում է քաղաքացիություն դրսևորել, որը նրանց գուցե տրամադրում է նաև ակտիվացող քաղաքացիական հասարակությունը, որոնց գործողություններն իշխանությունները ձև են անում, թե բանի տեղ չեն դնում ու գնահատում, կամ՝ դրանց մասին դրական են արտահայտվում եվրոպա – ամերիկյան կառույցների հետ հանդիպումների ժամանակ, սակայն իրականու,մ առայժմ ցավոք, ոմանք թասիբի են ընկնում կարծես: Հուսանք, այսուհետ միայն կարծեսի տպավորություն չեն թողնի …

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20