Սեդրակ Երկանյանը ներկայացնում է` Ֆ. Լիստ «Պոետիկ և հոգևոր հարմոնիաներ»

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ, Ժ. 19.00-ԻՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎ. ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ

Սեդրակ Երկանյան. «Ես սովորաբար ընտրում եմ այն հեղինակներին, որոնց հետ ինչ-որ ներքին կապ թե նմանություններ, իրենց ապրումների, իրենց կյանքի ինչ-ինչ դրվագների մեջ զուգահեռներ եմ տեսնում: Նաև այդ պատճառով եմ անդրադառնում իրենց: Շատ կոմպոզիտորների եմ նվագել, շատերին եմ սիրում, աստվածացնում… Բայց կան ոմանք, որոնց համար ես մեզ մոտ, կարծես, կռիվ տված լինեմ: Դրանց շարքում նաև Լիստն է»:

Ս. Երկանյան.- Եվ դարձյալ՝ ինչու՞ հատկապես կանգնեցի Լիստի հոբելյանական տարեթվի վրա: Այն որ մեր երաժշտասեր հասարակությանը ծանոթ է Լիստի դաշնամուրային ստեղծագործություններին և գրեթե ծանոթ չէ իր հոգևոր երկերին,- սա դեռ հարցի մեկ կողմն է: Ամբողջ կարևորությունը Լիստին անդրադառնալու նրանում է, որ Լիստը՝ որպես անհատ, որպես երևույթ, եզակի է XIX դարի եվրոպական ռոմանտիզմի ողջ կտրվածքում: Եզակի է, նախ, իր հանճարի թափով: Երկրորդ, իր՝ որպես արվեստագետ, խիզախությամբ, ռոմանտիզմի մեջ նորարար, որպես գաղափարակիր, որպես հսկայական գեղագետ՝ ի վերուստ տրված իմաստասերի հանճարով: Լիստն ապրել է մի ժամանակաշրջան, երբ Եվրոպան լեցուն էր հանճարեղ պոետներով, նկարիչներով, երաժիշտներով, կատարողներով, և նա իր ունակությունների, հեղինակության շնորհիվ որքա՜ն մեծ մարդկանց, երևույթների է կարողացել իր շուրջը համախմբել: Մարդ, որ այսքան բան ամփոփելով իր մեջ, նաև ստանձնել է օպերային թատրոնի ղեկավարի պաշտոն: 12 տարում նա Վայմարի թատրոնում վերաբեմադրել է 24 ներկայացում (սա նշանակում է արտիստին սովորեցնել այլ տեսանկյունից երգել ու խաղալ այդ ներկայացումը): Բեմադրել է մի քանի նոր օպերաներ: Սա նշանակում է՝ գործ ունենալ արտիստական խմբի հետ՝ ռեժիսուրա, նկարչություն, հեղինակներ, թշնամիներ, ներքին ինտրիգներ, արքունական բարերարություն կամ ընդհակառակը: Ահռելի մարդուժ և էներգիա է պետք՝ այս ամենն իրականություն դարձնելու: Նա անգամ, չընկրկելով, իր հեղինակությունը դրել է կասկածի տակ՝ խիզախություն, համառություն ունենալով բեմադրելու այն հեղինակի օպերան, որի մասին հակասական կարծիքներ են եղել: Այս ամենը գալիս, ավելացնում է նրա չափերը, ահռելիությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20