Գեորգի Օկոև. «Մանկաբարձը իրավունք չունի որևէ փոքրիկ շեղումի, նա օգնում է մարդկային նոր կյանքի աշխարհ գալուն»

- in Առողջություն

Մայրաքաղաքի կոնտրոնում, Մաշտոցի պողոտայում գործող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևիհետ զրուցում ենք ծննօդգնության ոլորտում առողջապահական ռեֆորմների ազդեցությունների, սոցիալական խնդիրների, առաջնակարգ բժշկական կենտրոնի ու պետական աջակցությունների մասին:

– Պարոն Օկոև, սերտիֆիկատ – հավաստագրերով ծննդօգնությունն ու ըստ այդմ Առողջապահական գործակալությունների կողմից վճարումները որքանո՞վ են նպաստավոր բժշկական կենտրոնի զարգացման, նյութատեխնիկական բազայի նորացման հնարավորության տեսակետից:

– Հավաստագրերի գաղափարը կյանք մտավ 2009 թվականից: Այն շատ ճիշտ որոշում է, որպեսզի կանայք իրենց ապահով զգան պետության կողմից վճարվող ծննդօգնություն ստանալով: Ես դա անվճար չեմ անվանում, քանի որ կանայք այդ բուժօգնությունը ստանում են պետական միջոցների ֆինանսավորմամբ:

Անշուշտ, գիտենք, որ բուժօգնությունը թանկ հաճույք է, և երբեք եղած նյութական միջոցները բավարար չեն այն պահանջներին, որոնք իր առջև դնում է բուժհաստատությունը: Մշտապես առկա է նորը ներմուծելու, լավագույնին հասնելու միտումը: Այսօր եթե ուզում ենք ունենալ որակյալ բժշկություն, ապա պտեք է գիտակցենք, որ անհրաժեշտ են մեծ ներդրումներ: Անշուշտ, այսօր ավելի, քան երբևէ, պետք է ցուցաբերենք քաղաքացիական կամք և ընդունենք, որ պետք է հիմնական նյութական միջոցները ուղղվեն պաշտպանության բանակի սպառազինման և ոլորտի բարելավման խնդրին, սակայն, մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ մեր ապագա զինվորների կյանքը սկսվում է այս և նմանօրինակ հաստատություններից:

– Ինչպես Առողջապահական գործակալության պետ պարոն Սարո Ծատուրյանն է մեզ հետ զրույցում փաստել, որոշակի սահմանափակումներ կան յուրաքանչյուր ծննդօգնության տեսակի քանակի հարցում, մինչդեռ շատ ծննդատներ նախընտրում են դիմել կեսարյան կարգով ծննդօգնությանը, որպեսզի ավելի շատ ֆինանսավորում ստանան: Ինչպիսի՞ն են ձեր արդյունքները:

– Հարցը բավականին դժվար պատասխան է պահանջում ու ոչ այն առումով, որ ես խուսափում եմ որոշակի պատասխանից, այլ այստեղ պետք է հասկանալ հիմնախնդիրը: Ճիշտ չէ հստակ սահմաններ դնելը: Կան որոշակի իրատեսական թվեր, որոնք պետք է պահպանել: Եթե, այս ցուցանիշից ելնելով, չենք լավացնում մեր կողմից կատարվող այստեսակ ծննդօգնության որակը, ապա իջնում է դրա արդյունավետության ցուցանիշը: Կան երկրներ, որտեղ օրենքով արգելված է կեսարյան հատումով ծննդօգնությունը, և, հակառակը, երբեմն չարաշահվում է: Պետք է առաջնորդվել օպտիմալ թվերով: Եթե այս տեսակի ծննդօգնության թիվն աճում է, բայց կյանքի որակը չի փոխվում, միջոցը դառնում է անիմաստ:

– Վերջին մեկ տարվա ընթացքում ո՞րն է նորը Մոր և մանկան առողջության պահպանման երրորդ կարգի բժշկական կենտրոնում, մասնավորապես` նյութատեխնիկական բազայի թարմացման, մոր և նորածնի մահացության ցուցանիշների նվազման առումով:

– Անցյալ տարվա հետ համեմատած, մենք ունենք բավական դրական արդյունք` պտղի մահացության և դրա հետևանքների հետ կապված: Առաջնորդվում ենք մի կարևոր նշանաբանով. «Երեխան պետք է ծննդատնից գնա տուն»: Մեր կենտրոնում ծնված երեխաները տեղափոխվում են մեկ այլ հաստատություն, եթե տվյալ երեխան ունի սպեցիֆիկ վիրահատության անհրաժեշտություն, կամ էլ` եթե հրաժարվել են երեխայից, նրան տեղափոխում ենք մանկատուն: Հարկ եղած դեպքում նույնիսկ ամիսներ շարունակ պահում ենք նորածնին: Նույնիսկ եթե ավարտվել է նրա համար հասանելիք ֆինանսավորումը, միևնույն է երեխան մնում է մեզ մոտ այնքան ժամանակ, որքան պետք է:

Նորը ամեն օր է բժշկի գործունեության մեջ: Նորը մենք բացահայտում ենք ամեն օր. դրանք մեր փոքրիկ հաղթանակներն են: Անշուշտ, մեր բուժհաստատությունը նյութատեխնիկական առումով ևս առաջընթաց ունի:

download– Պարո´ն Օկոև, մենք գիտենք, որ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնն օգնում է նաև անպտղության խնդիրներ ունեցող ընտանիքներին: Դա, ըստ Ձեզ, ավելի շատ սոցիալակա՞ն հենք ունեցող հիվանդություն է, թե` մենթալիտետային:

– Մեր երկրում այս խնդիրը մենթալիտետային չի կարող համարվել, քանի որ մեզանում ամուսնացած զույգերի մոտ երեխա ունենալու հարցը դրված է առաջնային պլանում: Եվրոպական շատ երկրներում արդեն արմատացել է ուշ տարիքում երեխաների ծնունդը, ինչը կապված է նաև պարտադիր զինվորական ծառայության խնդիր ունեցող երկրների հետ: Մեզ մոտ առկա է սոցիալական գործոնը: Հիմնախնդիրը կապված է երկրի սոցիալական զարգացման հետ. քաղաքներում ավելի քիչ թվով երեխաներ են ունենում, քան՝ գյուղերում:

Եթե նախկինում մենք անպտղաբերությամբ տառապող զույգերին չէինք կարող որևէ ձևով օգնել, այժմ առաջարկում ենք այդ օգնությունը: Սակայն, հայտնի է, որ մեր հասարակությունում այն ընդունելու հնարավորություն քիչ զույգեր ունեն: Այս պարագայում անգնահատելի է նորամուծությունների դերը: Երջանիկ են այն ընտանիքները, ովքեր իրենց հույսն արդեն կտրել էին, բայց իրենց երեխան են ունենում:

– Փոխնակ մայրերի ինստիտուտը որքանո՞վ է գործում Հայաստանում և ի՞նչ արդյունավետությամբ: Այստեղ ևս մենթալիտետային խնդիրներ չե՞ն առաջանում:

– Փոխնակ մայրերի հարցը այսօր շատ է արծարծվում: Սա այն ինստիտուտն է, օղակը, որի շնորհիվ փոխնակ մայրերն օգնում են այն մայրերին, ովքեր չեն կարող իրենց օրգանիզմում երեխա կրել: Կարևոր է այս հարցի օրենսդրական խիստ կանոնակարգումը, որը պետք է հստակեցնի փոխնակ մայրերի իրավունքների և պարտավորությունների դաշտը: Այս հարցի շուրջ կարծիքները տարատեսակ են, սակայն եթե օրենքը չի արգելում, այս ինստիտուտը կարելի է զարգացնել: Ես այս հարցը դիտարկում եմ մարդասիրական տեսանկյունից: Միայն թե, փոխնակ մայրը չպետք է որևէ ժառանգական կապ ունենա երեխայի հետ:

– Ամենաբարձր` երրորդ կարգի բժշկական կենտրոն ծննդատուն կառավարելը մայրաքաղաքի կենտրոնում, հասարակական լայն ուշադրության ներքո ի՞նչ խնդիրներ է առաջացնում, ինչո՞վ օգնում, նպաստում:

– Պարտադրող է, պարտավորեցնող: Ես միշտ հպարտանում եմ, երբ գալիս են ու ասում. «Ծնողներս այստեղ են ծնվել, թոռնիկս նույնպես պետք է այստեղ ծնվի»: Կենտրոնը գործում է 1931թվականից, ժողովուրդն այն անվանում է «Մարգարյան» հիվանդանոց: Մենք փորձում ենք բարձր պահել այս հաստատության անունը, պատիվը, լինել բարձրակարգ, որակյալ: «Գործը կամ պետք է լավ անել, կամ չանել ընդհանրապես»,- ասում էր հայրս: Մանկաբարձությունը արվեստ է: Մանկաբույժը, մանկաբարձը իրավունք չունի որևէ փոքրիկ շեղումի, նա օգնում է մարդկային նոր կյանքի աշխարհ գալուն: Իսկ դրա հետևանքները մեծ պատասխանատվություն են պահանջում:

– Ինչպիսի՞ն է մրցակցությունը երրորդ կարգ ունեցող կենտրոններիդ միջև և որքանո՞վ քաղաքակիրթ:

– Կարծում եմ՝ մրցակցություն պետք է լինի ցանկացած ոլորտում, այլապես կլճանաս և առագընթաց չի նկատվի: Իհարկե, դա պետք է լինի բժշկական էթիկայի նորմերի շրջանակում և ոչ երբեք՝ մեկ ուրիշին փնովելու հաշվին: Պարզապես` պետք է քո գործը լավ անել: Ես ինքս աշխատում եմ անվերապահորեն հետևել այդ նորմերին, դրանք ինձ համար «սպայի պատվի» պես մի բան է:

– Վերջին շրջանում ի՞նչ առանձնահատուկ ծնունդներ եք ունեցել այս կենտրոնում` թե´ բարդության, թե´ բազմազավակության տեսակետից:

– Արտամարմնային բեղմնավորումը հանգեցրեց այն բանին, որ շատացան բազմապտուղ ծնունդները: Պետք է ասել, որ դժվար է նրանց և´ հղիության շրջանը, և´ ծննդաբերությունը, և´ իհարկե, հետագա խնամքը: Այս հարցը նույնպես պետք է կարգավորվի օրենքով, որը կսահմանափակի սաղմերի տեղադրումը: Այդ դեպքում գործը անհամեմատ կհեշտանա: Այժմ ավելացել է այս ճանապարհով երկվորյակների և եռյակների ծնունդները: Այս հարցում մեծ է «Արագիլ» հիմնադրամի դերը, որը 2013-14 թթ.–ից խթան է դարձել ծննդօգնության հարցում և, այն մեծ լումա ունի հայ կանանց օգնելու հարցում, որի շնորհիվ ԼՂՀ-ում նույնպես կատարվում են նմանօրինակ ծնունդներ: Ի զարմանս ինձ, պետք է ասեմ, որ ինչպես ՀՀ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի, այնպես էլ` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ևս կա մեծ աջակցություն, այսինքն` պետական մակարդակով նույնպես հարցը իր մասնակի լուծումներն է գտնում:

– Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, մենք գիտենք, որ ծննդկաններին տարբեր ֆիրմաների կողմից նվերներ, անակնկալներ են մատուցվում, կխոսե՞ք այդ մասին:

– Մասնավոր ֆիրմաները առաջնային պլան են մղում գովազդը: Հետո, նրանց արածը չփնովելով, ասեմ, որ մեկանգամյա օգնությունը քիչ է այս հիմնահարցի համար: Սակայն նաև կան դեղագործական ընկերությունների աջակցությունները, միջամտությունները: Սակայն խնդիրը պահանջում է հիմնավոր նյութական բազա:

Զրուցեց` Շուշան ԴԱՆՈՅԱՆԸ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20