2016 թվականը սահմանում է ջերմաստիճանային ռեկորդ

- in Հասարակություն

Այս տարին սկսվել է ռեկորդային բարձր ջերմաստիճաններով, ինչը մեծապես կապված է Էլ-Նինյոյի ուժեղացած ազդեցությամբ: Սակայն այդ բնական երևույթի հզորությունը սկսում է նվազել:

Օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչության փորձագետները կանխատեսում են, որ Էլ-Նինյոյի ազդեցության թուլացումը կարող է բերել ջերմաստիճանի որոշակի անկման արդեն այս տարի:

Վերջին 11 ամիսներն ամենատաքն են համաշխարհային ջերմաստիճանների մակարդակի գիտական ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում՝ 19-րդ դարից սկսած:

Էլ-Նինյոն Խաղաղ օվկիանոսի մակերևութային ջրերի անոմալ տաքացում է, ինչի հետևանքով զգալիորեն տաքանում է մթնոլորտը, ինչը եղանակային փոփոխություններ է առաջացնում երկրագնդի վրա: Այդ կլիմայական ֆենոմենը գրանցվում է 2-7 տարի միջակայքով: Էլ-Նինյոն սովորաբար ուղեկցվում է էկոլոգիական աղետներով՝ երաշտ, հրդեհներ, հեղեղներ առաջացնող հորդառատ անձրևներ:

Աննախադեպ շոգը Աֆրիկայում և Հարավային Ասիայում արդեն հանգեցրել է մի քանի հարյուր մարդու մահվան: Ավելի վաղ Էլ-Նինյոն ոչնչացրել է բերքի կեսից ավելին Կենտրոնական Ամերիկայի երկրներում: Մինչ Աֆրիկայի հարավում, Հնդկաստանում, Բրազիլիայում երաշտ է, Արգենտինայում և Տեխասում հորդառատ անձրևները հեղեղում են փողոցներն ու տները:

Հետազոտողների տվյալներով՝ անոմալ եղանակային պայմանները շատ լրջորեն անդրադարձել են Արկտիկայի վրա, քանի որ Երկրի միջին ջերմաստիճանը մի քանի աստիճանով բարձր է եղել սովորականից:

Օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչության փորձագետ Քևին Տրենբերտի տվյալներով՝ ներկայումս Էլ-Նինյոյի հզորությունը թուլանում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20