Mossack Fonseca պանամական ընկերությունն օգնել է ստեղծել 240 հազար կեղծ ընկերություն

- in Տնտեսական
Barak Obama

Պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերությունը, որի աշխատանքի մասին կիրակի տեղեկություն էր հրապարակել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ, Վաշինգտոն), օգնել է ստեղծել 240 հազար կեղծ ընկերություն՝ մեկօրյա կյանքի տևողությամբ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Mossack Fonseca-ն սկսել է այդ ուղղությամբ իր աշխատանքը 1986 թվականին, երբ գերմանացի Յուրգեն Մոսակը, ով մանուկ հասակում Երկրորդ համաշխարհայինից հետո ժամանել էր Պանամա, միավորել էր իր ընկերությունը իրավաբան Ռամոն Ֆոնեսկայի ընկերության հետ։ Նրանք ժամանակին սովորել և աշխատել էին Լոնդոնում։

ICIJ-ն կիրակի հրապարակել էր հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնք վերաբերել են մի շարք գործող և նախկին համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվների։ Հաշվետվությունները, որոնց տրվել էր «Պանամայի փաստաթղթեր» անվանումը, հիմնված են Mossack Fonseca-ից տեղեկատվական արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցմանը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանելով ԶԼՄ-ներում «պանամական փաստաթղթերի» հայտնվելը՝ հայտարարել է, որ ազդեցիկ քաղաքական գործիչների և գործարարների կողմից հարկերից խուսափումը մնում է լուրջ գլոբալ խնդիր: «Հարկերից խուսափումը գլոբալ մեծ խնդիր է»,- ասել է Օբաման:

Հայտնի գործարարների և քաղաքական գործիչների անունով գրանցված օֆշորային ընկերությունների մասին հրապարակումները համաշխարհային խոշորագույն ԶԼՄ-ներում հայտնվել են ապրիլի 3-ին: Դրանք հիմնված են Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերության՝ լրագրողների ձեռքում հայտնված փաստաթղթերի վրա:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի նյութերի համաձայն՝ Mossack Fonseca-ն մի շարք դեպքերում հաճախորդներին օգնել է փող լվանալ, խուսափել պատժամիջոցներից, հարկերի վճարումից: Ընկերության հաճախորդների թվում նշվում են պետությունների ներկա և նախկին ղեկավարներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20