Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա և որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել

- in Կարծիք

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հաստատեց, որ Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկներ կան այսօր:

Ի՞նչ առաջարկներ են դրանք, որ երկրների կողմից, սակայն նա հստակ պատասխան չտվեց, ասաց, որ դեռևս վերջնական որոշում կայացված չէ. «Խաղաղապահների մասին մենք ձեզ հայտարարում ենք, որ հույսը պետք է դնենք հայ ժողովրդի վրա, հայկական բանակի, մեր մոբիլիզացիայի վրա: Նման ոգևորություն, որ ունի հայ ժողովուրդը հիմա, երբևէ չի ունեցել: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա և որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել: Պարզապես մենք շարունակում ենք շփումները միջազգային կառույցների հետ, շարունակում ենք մեր պնդումները, և նման երևույթ առայժմ չկա, թե խաղաղապահները պետք է իմպերատիվ ձևով տեղակայվեն: Եթե կլինի նման խնդիր, մենք քննարկումներում դրան կանդրադառնանք»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հայկական կողմը պատերազմ չի ուզում. «Եթե լուծումն այն է, որ խաղաղապահները պետք է մտնեն խաղաղություն ապահովելու համար, մենք դեմ չենք դրան, եթե դրա միակ լուծումը դա կլինի»:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ՝ Բաղդասարյանն ասաց, որ չպետք է թշնամիներ փնտրել այսօր, պետք է բարեկամներ փնտրել. «Եվ պետք չէ շատ սուր քննադատություններ անել: Մեր ամբողջ գործընթացը՝ և Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունների, Զինված ուժերի, և քաղաքական գործիչների, մենք բոլորս պահանջատեր ենք այսօր, տարբեր ատյաններում պնդում ենք, որ ի հայտ գա ճշմարտությունը»:

Ըստ նրա, հայկական կոմղը ոչ թե հիասթափված է, այլ պահանջատեր է և պահանջում է, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը: Նա չբացառեց պատերազմի վերսկսումը՝ ասելով, որ Թուրքիան էլ է ագրեսիվ տրամադրված: Այդ դեպքում կարող են գործողությունները միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ չլինել. «Ես ոչ մի հրադադարի չեմ հավատում, որովհետև չկա պայմանավորվածություն: Մենք պետք է պատրաստ լինենք, որ կարող են լայնամասշաբ գործողություններ սկսել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20