ՌԴ ԱԳՆ-ում դեռ ուսումնասիրում են ԼՂ-ում իրավիճակի մասին տեղեկությունը

- in Պաշտոնական
Peskov

ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մասին տեղեկությունը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ստացվող տեղեկությունը»,- ասել է նա սահմանին իրադրության սրման մասին տեղեկությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանա-արցախյան սահմանի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Հայկական բանակն անցել է պատասխան գործողությունների՝ ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ նաև մեկ ուղղաթիռ։

ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ ադրբեջանական կողմը ապրիլի 1-ից 2-ի գիշերը ձեռնարկել է հարձակողական գործողություններ: Այդ սանձազերծ գործողություններով հրթիռահրետակոծման են ենթարկվում նաև խաղաղ բնակավայրերը, որոնց հետևանքով, ցավոք, սպանվել են մեկ և վիրավորվել 2 երեխաներ:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները:

Դրանք կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ են, որ ենթակա են դատապարտման և պատժման միջազգային իրավունքի ողջ խոստությամբ՝ առանց որևէ բացառության: Միջազգային մարդասիրական իրավունքի հիմնասյունն է բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը: Քաղաքացիական բոլոր անձինք և, հատկապես, երեխաներն ու կանայք գտնվում են առանձնակի պաշտպանության տակ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող անթույլատրելի գործողությունների հետևողական ուսումնասիրություն՝ իր կարգավիճակի բոլոր հնարավորություններով դրանք միջազգային մարմինների ուշադրությանը ներկայացնելու և պարտադիր քննարկման հարց դարձնելու նպատակով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20