Ադրբեջանական ագրեսիայի ցանկացած ակտ կուժեղացնի ԼՂՀ փաստարկները Կոսովոյի ճանապարհով շարժվելու մասին

- in Պաշտոնական
LGHH

Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը պատասխան տա ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի դեմ կոպիտ ռազմական ագրեսիայի համար: Այս մասին հայտարարել է Իլինոյսցի սենատոր Մարկ Քիրքը։ Նա մասնավորապես ասել է.

-Քանի որ հրադադարի վերահսկողության համակարգ չկա, և Ադրբեջանը չի բախվում իր գործողությունների հետևանքներին, ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում: Այսպես չի կարող շարունակվել:

Ես սատարում եմ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նախաձեռնությունը, որը խաղաղության հաստատման, հրադադարի վերահսկողության միջոցներ է առաջարկում:

Նախ՝ կողմերը պետք է համաձայնեն դիպուկահարներին դուրս բերել շփման գծից:

Երկրորդ՝ հարկավոր է շփման գծի ամբողջ երկայնքով հրետանային կրակի և ձայնի չափման լրացուցիչ տեղորոշիչներ տեղակայել, որի մոնիթորինգը կիրականացնի ԵԱՀԿ-ն:

Երրորդ՝ շփման գծի երկայնքով հարկավոր է ԵԱՀԿ-ի լրացուցիչ դիտորդներ տեղակայել, որպեսզի խախտումների մոնիթորինգն ավելի արդյունավետ լինի: Հիմա մոնիթորինգ են իրականացնում 6 դիտորդներ, որոնց թիվը ծայրահեղ փոքր է՝ հաշվի առնելով ամենօրյա խախտումները:

Ռոյսի և Էնգելի առաջարկների փաստաթղթի տակ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամ է ստորագրել: Փաստաթուղթը սատարել են և՛ ԱՄՆ պետքարտուղարությունը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ես վարչակազմին կոչ եմ անում Ռոյսի և Էնգելի առաջարկները հասցնել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը:

Մենք պետք է Ադրբեջանի իշխանություններին կոչ անենք պատասխան տալ Ղարաբաղի հայերի հանդեպ վերաբերմունքի համար. նույնպես, ինչպես և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ ագրեսիայի համար:

Ալիևի ընտրությունը պարզ է. կա՛մ լրջորեն դիվանագիտական բանակցություններ է սկսում հայերի հետ խաղաղության պայմաններում, կա՛մ շարունակում է անպտուղ ռազմատենչ քաղաքականությունը:

Եթե նա ընտրի երկրորդ տարբերակը, պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ցանկացած ակտ կուժեղացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստարկները Կոսովոյի ճանապարհով շարժվելու մասին: Որպես Կոսովոյի պատերազմի մասնակից՝ հույս ունեմ, որ Ադրբեջանը կհասկանա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20