Ադրբեջանը ԱՄՆ ռազմական օգնության հարցում առավելություն ունի Հայաստանի հանդեպ

- in Հասարակություն
Zinvor

Eurasianet պարբերականում հրապարակվել է The Bug Pit բլոգի հեղինակ, Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերի լուսաբանման ոլորտում մասնագիտացած լրագրող Ջոշուա Կուչերայի «Ադրբեջանը ԱՄՆ ռազմական օգնության հարցում առավելություն ունի Հայաստանի հանդեպ» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Ավելի քան 10 տարի Ադրբեջանն ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտից ստացել է 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն, մինչդեռ Հայաստանը ստացել է գրեթե ոչինչ: Այդ մասին են վկայում ԱՄՆ կառավարության փաստաթղթերը:

Այն ժամանակ, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը, մեծ հաշվով, «հավասարակշիռ» քաղաքականություն է պահպանում երկու երկրների հանդեպ, պաշտպանության նախարարությունը ավելի պակաս բծախնդիր է գտնվել հավասարակշռության պահպանման հարցում: Բաքուն, մասնավորապես, օգուտներ է ստացել Պենտագոնի երկու ծրագրերից, որոնք հայտնի են որպես «Սեկցիա 1004» և «Սեկցիա 1206», որոնք ավելի քիչ են վերահսկվում ԱՄՆ Կոնգրեսի կողմից, և որոնց հանդեպ կան հանրային պատասխանատվության ավելի պակաս կոշտ պահանջներ:

Ադրբեջանը 2005 թվականից սկսած «Սեկցիա 1004» ծրագրով ստացել է 8.5 միլիոն դոլարի ֆինանսավորում, ինչը միտված է թմրանյութերի դեմ պայքարին օգնելուն, ինչպես նաև 11.5 միլիոն դոլար է ստացել «Սեկցիա 1206» ծրագրով, որն ապահովում է հակաահաբեկչական օգնություն:

Ի տարբերություն դրա՝ Հայաստանը «Սեկցիա 1004» ծրագրով ստացել է միայն 41.000 դոլար, իսկ «Սեկցիա 1206» ծրագրով չի ստացել ոչինչ՝ համաձայն Washington Security Monitor իրավապաշտպան խմբի հավաքած տվյալների, որը մասնագիտացած է ԱՄՆ ռազմական օգնության տարբեր ծրագրերի տվյալների բազա պահելու ոլորտում:

Ադրբեջանի համար հատկացված գումարի մեծ մասը միտված է եղել ռազմածովային ուժերին աջակցելուն, որպեսզի նվազեցնի այն (դեպի ծով ելք չունեցող) Հայաստանի դեմ օգտագործելու ռիսկը, և պայմանավորված է Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության հարցում ԱՄՆ շահագրգռվածությամբ: Սակայն ամեն ինչ չէ, որ ուղղվել է ռազմածովային ուժերին:

2013 թվականին ԱՄՆ հատուկջոկատայինները երկամսյա տևողությամբ թմրանյութերի դեմ պայքարի դասընթաց անցկացրեցին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական ստորաբաժանման 50 անդամների նախապատրաստման համար, ինչն արժեցավ 916.000 դոլար:

Պետդեպարտամենտի ծրագրերը նույնպես կարող են օգտակար լինել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինվորների համար, որոնք վերջին հաշվով կարող են մարտնչել միմյանց դեմ:

Ադրբեջանական նորությունների համաձայն՝ ապրիլին իրավիճակի սրացման ժամանակ, որը հայտնի է որպես «քառօրյա պատերազմ», սպանված Վուգար Յուսիֆովը Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի բարձրաստիճան հրամանատար էր և 2007 թվականին Արիզոնայում մասնակցել էր հետախուզական դասընթացների (իրականացվել էր Պետդեպարտամենտի միջոցով): Պետդեպարտամենտի տվյալներով՝ 2007 թվականին Ադրբեջանի միայն մեկ ներկայացուցիչ է մասնակցել այդ դասընթացին, որը տևել է 5 ամիս, և որն արժեցել է 23.582 դոլար:

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մասնակցել են Ռումինիայում անցկացված ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետևակի կորպուսի Սևծովյան ռոտացիոն ուժերի դասընթացին, որը ներառում է ցամաքային զորքերի ուսուցում՝ մերձամարտ, մարտական դիպուկ կրակելու հմտություններ այլն:

ԱՄՆ-ը փորձել է վարել անկողմնակալ քաղաքականություն՝ Հայաստանին հավասար օգնություն ցուցաբերելու համար, սակայն Պենտագոնի օգնության ծրագրերը ակնհայտորեն հավասարակշռությունը փոխում են Ադրբեջանի օգտին:

Չնայած Ադրբեջանի ստացած 20 միլիոն դոլարը փոքր գումար է անգամ տարածաշրջանի ստանդարտներով, օրինակ՝ Ղրղըզստանը նույն ծրագրերով ստացել է 118 միլիոն դոլար, այնուամենայնիվ, այն հանդիսանում է ԱՄՆ «ռազմական կոշտ օգնության» մաս (օրինակ՝ զենքն ու ռազմական ուսուցումը)՝ ի տարբերություն «ռազմական փափուկ օգնության» ծրագրերի (ինչպիսին են, ասենք, անգլերեն լեզվի դասընթացները և զենքի տարածման դեմ պայքարը):

Վերջին ամսում ԼՂ շփման գծում գրանցված սրացումը, որը վատթարագույնն էր՝ սկսած 1994 թվականին հրադադարի համաձայնագրի ստորագրումից, վերստին բանավեճեր առաջացրեց տարածաշրջանին ԱՄՆ ռազմական օգնության շուրջ:

907 բանաձևը (Ազատության աջակցության բանաձևի 907 ենթաբաժին) 1992 թվականից սահմանափակել է Ադրբեջանին ամերիկյան օգնության ցուցաբերումը, սակայն 2001 թվականից սկսած՝ այս սահմանափակումներից հրաժարվում են ամեն տարի: Վերջին անգամ դա տեղի ունեցավ ապրիլի 21-ին, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատեց, որ անհրաժեշտ է աջակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ ջանքերին, որ դա կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար, որ դա չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելուն միտված ջանքերի շարունակմանը կամ էլ հարձակողական նպատակներով չի օգտագործվի Հայաստանի դեմ»:

Spread the love