Ադրբեջանի ռազմական գործողությունների պլանը բավական մանրամասն մշակված է եղել

- in Հրապարակ
Zinvor

Ապրիլյան ռազմական գործողությունների պատճառների եւ հետեւանքների մասին քննարկումները շարունակվում են, եւ դա բնական է՝ այն ոչ թե պարզապես հայ-ադրբեջանական բախում էր, այլ ուներ շատ ավելի լայն աշխարհքաղաքական ընդգրկում, որտեղ խաչվում են բազմաթիվ շահեր ու նպատակներ:

Ադրբեջանը երկար տարիներ մշակել է հարձակման պլանը, ինչպես պնդում են ռազմական ու փորձագիտական շրջանակները: Ռուսաստանը վերջին տարիներին ինտենսիվ զինել է Ադրբեջանին, փոխարենը զենք չի մատակարարել Հայաստանին: Ռազմական գործողությունների նախօրեին ռուսական մամուլում հրապարակվեց հայկական բանակի սպառազինության մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ կարեւոր հետախուզական տվյալներ փոխանցվեցին Ադրբեջանին: Բացի այդ, Ռուսաստանը հասել էր նրան, որ Հայաստանը չէր կարող երրորդ երկրներից զենք ստանալ:

Ադրբեջանի ռազմական գործողությունների պլանը բավական մանրամասն մշակված է եղել, այդ թվում մանրամասն տեղեկություններ են եղել հայկական բանակի վերաբերյալ: Եզրակացվել է, որ հայկական բանակում կան սպառազինության եւ ըստ այդմ մարտունակության հետ կապված խնդիրներ, ինչը բլից կրիգի հաջողության երաշխիքն է:

Արդյոք հայկական կողմը տեղյակ է եղել ադրբեջանական հարձակման մասին: Հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության հայտարարություններն այս կապակցությամբ բավական հակասական էին, թեեւ գերակշիռն այն է, որ դա սպասելի էր:

Ըստ որոշ տեղեկությունների, Մինսկի խմբի համանախագահներից մեկը հարձակման մասին զգուշացրել է հայկական կողմին: Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո Լավրովի հետ հանդիպմանը նրան հարց էր ուղղել՝ թե ինչու այդպես ստացվեց: Դատելով այդ հանդիպումից ու հարցադրումից, հարձակման մասին զգուշացնողը Ռուսաստանը չի եղել, ավելին՝ փաստացի ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանին հավաստիացրել էր, որ հարձակում չի լինելու:

Հայկական բանակը մեծ կորուստների գնող կասեցրեց հարձակումը, բայց կասեցվեց նաեւ հայկական կողմի հակահարձակումը, եւ ռուսները չհասան իրենց նպատակին՝ որ Հայաստանը օգնություն խնդրի «խաղաղապահների» տեսքով: Համենայնդեպս, այս փուլում:

Please follow and like us:
18642