Ազգային-պետական խայտառակությունը շարունակվում է

Hermine Naghdalyan

Ս.թ. մայիսի 1-ի հոդվածում անդրադարձել էինք այն փոփոխություններին, որոնք տեղի էին ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի տարբեր կայքերում տեղադրված կենսագրության տեքստերում:

Մասնավորապես և հատկապես` այն փաստին, որ նրա կենսագրությունից հանկարծ անհետացել են Արցախյան պատերազմում, այնտեղ մարտական գործողություններում նրա` իբր մասնակցությունը լուսաբանող տողերը: Եվ որ մարտական գործողություններում այդ իբր մասնակցելու համար նա իրականում պարգևատրվել է Մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով և Մարշալ Բաղրամյան մեդալով:

Մենք դիմեցինք համապատասխան ատյաններին` խնդրելով տրամադրել համապատասխան ապացույցներ և հիմնավորումներ մարտական գործողություններում սույն տիկնոջ մասնակցության և այդ գործողությունների մասնակիցների համար նախատեսված պարգևներով նրան պարգևատրելու վերաբերյալ: Ատյաններից պատասխաններ դեռևս չեն եկել: Դեպքերից առաջ չընկնենք և սպասենք նման դեպքերում օրենքով նախատեսված մեկ ամիսը:

Սակայն չափազանց արագ` հենց հաջորդ օրը, այդ հարցերին «պատասխան տվեց» հենց ինքը` Հերմինե Նաղդալյանը: Նախ նա կտրականապես բացառեց, թե ինքը որևիցե տեղեկությունններ և առնչություն ունի տարբեր կայքերում` մասնավորապես Վիքիպեդիայում իր կենսագրությունը տեղադրելու կամ էլ նրա տեքստում ինչ-ինչ փոփոխություններ կատարելու գործողությունների հետ:

Միաժամանակ, դատական զանազան քաշքշուկներում ձեռք բերած փորձի համաձայն, գործը «շուռ տվեց» հարցազրույցը վարողի վրա, թե Վիքիպեդիաներից դուք եք լավատեղյակ, և բավականին պաթետիկ-կտրուկ և սպառնալից տոնով հավելեց. «Ինչ վերաբերում է նրան, որ իմ կենսագրությունից կարելի է տող հանել, ուրեմն ես ձեզ ասեմ, որ իմ կենսագրության որևե տողը ոչ հանել կարող եք, ոչ ջնջել կարող եք, ոչ էլ կարող եք շուռ տալ կամ նենգափոխել»:

Ինչ ասենք, ոչ մեկն էլ ոչ ցանկություն և ոչ էլ կարիք ունի խառնվել մեկ ուրիշի կենսագրական մանրամանություններին: Պարզապես օրեցօր հայաստանյան իրականությունը մեզ նորանոր ու բազմաթիվ դեպքեր ու օրինակներ է մատուցում, երբ անձն ինքը` մեծի մասամբ պաշտոնատար (կամ դրան պատրաստվող ու տենչող) կեղծում է սեփական կենսագրությունը, հարմարեցնելով այն պաշտոն ստանալու պահանջներին: Իսկ պաշտոնը ստանալուց հետո ավելի աներկյուղ փոփոխում ու հերոսացնում են այն:

Առավել տարածում է դա գտել անձերի կրթական ցենզին և Արցախյան պատերազմին մասնակից լինելու հարցերին: Եթե կեղծ դիպլոմը դուռ է բացում դեպի անդիպլոմ անձի համար անհասանելի պաշտոնը, ապա «կռված տղու» և հատկապես`«կռված աղջկա» կարգավիճակն իր հետ բերում է նախ «աբոնեմենտ»` իշխանական կերատաշտի մոտ մշտական և երաշխավորված տեղ ունենալու համար, ինչպես նաև տալիս է անարգել թալանի քվոտա և իրավունք:
Տվյալ դեպքում, Հերմինե Նաղդալյանը իր հողամատույց հայտարարությունից հետո զգաց որոշակի վտանգ և շտապեց վերացնել ապացույցները և անհետացնել կայքերում տեղադրված իր կենսագրությունից «Արցախյան հետքը»: Եվ հետո էլ հայտարարեց, թե ինքը դրանից տեղյակ չէ: Եթե մի պահ ենթադրենք, որ սույն տիկինը իրոք տեղյակ չէ, բա էդ ում բան ու գործը պրծել է, որ ընկնի դես ու դեն, կայքեր կոտրի, որ այնտեղից անհետացնի Արցախում վարած «հերոսական մարտերին» վերաբերող կեղծ տողերը: Հավատացեք, ոչ մեկի: Առավելևս, որ սույն տիկինը ոչ մի ցուցանիշով այն անձը չէ, որ արժանանա նման ուշադրության`թեկուզ չարամիտների կողմից: Իսկ էդ որ պաթետիկ հայտարարում է, թե «…իմ կենսագրության որևե տողը ոչ հանել կարող եք, ոչ ջնջել կարող եք, ոչ էլ կարող եք շուռ տալ կամ նենգափոխել», ապա, հավանաբար նկատի ունի իր կենսագրության նախավերջին (բնականաբար` այս պահով) տարբերակի հետևյալ տողերը. Участвовала в освободительных боях Арцаха. 1991-1994 гг. была награждена медалями: участника боевых действий и Маршал Баграмян: Энциклопедия фонда Хайазг կայքում «չարագործները», բարեբախտաբար, դեռ չեն հասցրել մաքրել Հերմինե Նաղդալյանի փառահեղ կենսագրության առավել փայլուն և հերոսական էջին վերաբերող տողերը:

Բոլորի համար էլ պարզ է, որ Участвовала в освободительных боях Арцаха եզրույթը ծայրից ծայր կեղծիք է: Իսկ պարգևադրողներն էլ անմիջական մասնակիցն ու խրախուսողն են բացահայտ ու աղաղակող այս կեղծիքի: Եվ, բնականաբար`դրա առաջին ու անմիջական պատասխանատուները: Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ այս խայտառակության կապակցությամբ պատկան մարմիններից մենք ակնկալում ենք ստանալ սպառիչ պատասխան…

Երրորդ Ռայխի պրոպագանդայի մինիստր Յոզեֆ Գեբելսը հաճախ էր կրկնում այն միտքը, թե «որքան հրեշավոր լինի սուտը, այնքան հեշտ կհավատան նրան»: Բայց լինում են դեպքեր, իրավիճակներ, երբ ասածի կամ ներկայացվածի իրական նկարագրման համար սուտ, կեղծիք և նման եզրերը չափազանց թույլ են և անզոր:

Մարտական գործողություններում իր մասնակցության վերաբերյալ կայքերում գրավոր պնդումների անհետացումից հետո, Հերմինե Նաղդալյանը այդ մասին խոսեց արդեն բանավոր. «…Էսօրվա էսպես մեծ-մեծ խոսացողները,մեկը հարցնող լինի, էդ որտեղ էիք, էդ որտեղ էիք, էդ որտեղ էիք էդ Արցախյան պատերազմի օրերին: Ինչ-որ չեմ տեսել, չեմ հիշում: Թաքնված տարբեր ասպիրանտուրաներում, տարբեր գիտական-ոչգիտական հիմնարկներում, դե մեկդ զենք վերցնեիք ձեռքներդ, գնայիք պաշտպանեիք»:

Ինչպես տեսնում ենք, մարտատենչ տիկինը ուղղակիորեն չի ասում, օրինակ «ես որ զենքը ձեռքիս խրատներում էի, դուք որտեղ էիք», այլ ճարպկորեն ընտրում է նախատինքներն ընդհանրական և անհասցե ուղղությամբ հղելու դիրքը, իրեն տեղ հարմարացնելով պատերազմի իրական մասնակիցների կողքին, որոնք միանգամայն իրավացիորեն կարող են այդ խոսքերն ուղղել շատ շատերին:

Բայց տիկին Նաղդալյանը թող շատ հեռու չորոնի իր նշած կոնտինգենտին`դրա ամենավառ ու բացահայտ կերպարները հենց իր մոտակա շրջապատում են: Իսկ գուցե հենց միտումնավոր է ակնարկում հենց իր կողքին գտնվող «ասպիրանտուրաներում թաքնվածներին», որոնք նույնպես անհասկանալի հիմնավորմամբ պաշտպանության նախարարության տարբեր պարգևներ են ստացել:

Հետո շարունակում է. «Ուրեմն Արցախյան ազատամարտի առաջին օրերից, դեռ ոչ մարտական օրերից, պարզապես ինքորոշման առաջին օրվանից ես մասնակցել եմ շարժմանը, մասնակցել եմ այդ գործողություններին, որոնք հետագայում դարձան մարտական գործողություններ, ռազմական գործողություններ: Ես մասնակցել եմ Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին, ինքնապաշտպանության կազմակերպմանը, զենք-զինամթերքով մատակարարմանը, Շահումյանի և այլ գյուղերի այդ տարածաշրջանի ևս: Ինքս եմ կազմակերպել այդ ուղղաթիռային չվերթները և բոլորովին էլ հեշտ գործ չի եղել, և տասնակ ուղղաթիռների չվերթներ եմ կատարել հենց այդ ժամանակ, երբ մի կողմից Սովետական բանակն էր, մյուս կողմից Նառոդնի ֆրոնտն էր, և հիմա դրա համար եմ ասում այ էդ էսօրվա խոսացողներին և մեղադրողներին ես չեմ հիշում էդ օրերին: Իմ մարտական կենսագրությունից դուք որև տող չեք կարող հանել»:

Ինչպես ասում են, պատկերը պարզ է և լրացուցիչ ախտորոշման անհրաժեշտություն չկա:

Վաղը Հերմինե Նաղդալյանը կարող է հայտարարի, որ ինքը կազմակերպել է Սարդարապատը, Մուսա լեռան և Վանի ինքնապաշտպանությունները, որ Սոսեի կերպարի նախատիպը իրականում հանդիսանում է ինքը, իսկ Ավարայրի ճակատամարտի ժամանակ իր ուղարկած ուղղաթիռն է խրտնացրել ու փախուստի մատնել Հազկերտի գինովցած փղերին: Բա տարիք, տարեթվեր: Կապ չունի` այդ ամենն էլ եղել է Հերմինե Նաղդալյանի «այն կյանքերում»` այս վերջին ռեինկարնացիայից առաջ…

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.