Ալիևի արձանը պղծած ակտիվիստներն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով

- in Իրավունք
dzerbakalutyun

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հայտարարել է, որ ապօրինաբար թմրանյութեր պահելու մեղադրանքով Բաքվում Հեյդար Ալիևի արձանը պղծած ակտիվիստներ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով։ Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց:

«Ադրբեջանը երիտասարդ ակտիվիստների դեմ թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներ առաջադրելու տխուր պատմություն ունի»,-ասել է ՀարավայինԿովկասի գծով HRW-ի տնօրեն Գեորգի Գոգիան՝ փոխանցում է «Թուրան» գործակալությունը։

Նշվում է, որ Բայրամ Մամեդովը հանդիսանում է NIDA երիտասարդական շարժման, իսկ Գիյաս Իբրահիմովը` ձախամետ «Ձախ ճակատ» երիտասարդական խմբի անդամ: Երկու ակտվիստներն էլ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողներ են:

«Իբրահիմովն ու Մամեդովն ինձ ասացին, որ ոստիկանությունն իրենցից պահանջել է, որպեսզի հրապարակորեն ներողություն խնդրեն արձանից տեսախցիկի առաջ, եթե ուզում են ազատ արձակվել», -լրագրողներին պատմել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը` նշելով, որ երիտասարդ ակտվիստները հրաժարվել այդ առաջարկությունից:

Դրանից հետո երիտասարդներին սպառնացել են կատարելագործված մեթոդներով խոշտանգումներով, եթե նրանք չխոստովանեն իրենցից թմրանյութեր առգրավելը, ինչից հարկադրված նրանք խոստովանական ցուցմունքներ են տվել, իսկ հետո դատարանում հրաժարվել դրանցից:

Ոստիկանությունում երիտասարդներին նվաստացրել և ստիպել են ավլել հատակը: Մամեդովն ու Իբրահիմովը փաստաբանին հայտնել են իրենց դեմ խոշտանգումներ իրագործելու մասին: HRW-ն կոչ է արել անհապաղ հանել ակտվիստների վրայից մեղադրանքները:

«Դա քաղաքական դրդապատճառներով թմրանյութերի հետ կապված քրեական մեղադրանքների կեղծման աղաղակող դեպք է: Իշխանություններն ակնհայտ փորձում են ուղերձ հայտնել, որ եթե մասնակցում եք չհամաձայնեցված քաղաքական գործունեության մեջ, ապա կբախվեք ամենադաժան հետապնդումների», -ասվում է HRW-ի հայտարարության մեջ, որում նշվում է նաև, որ եթե ադրբեջանական իշխանությունները ցանկանում են երիտասարդներին պատժել Ալիևի արձանին գրություններ կատարելու համար, ապա դրա համար Ադրբեջանի վարչական օրենսգրքով տուգանք է հասնում:

Spread the love