Ալիևի արձանը պղծած երիտասարդներին ազատելու համար պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել արձանից

- in Հասարակություն
dzerbakalutyun

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա «Շնորհավորում ենք ստրուկների տոնի առթիվ» գրություն կատարելու մեջ կասկածվող NIDA երիտասարդական շարժման ակտվիստներ Բայրամ Մեմմեդովի և Գիյաս Իբրահիմովի նկատմամբ Բաքվի Խաթայիի դատարանը փակ նիստում 4 ամիս ժամկետով կալանման որոշում է ընդունել:

Խոշոր չափերի հասնող թմրանյութ պահելու և շրջանառելու հոդվածով առաջադրված մեղադրանքով նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Դատարանում նրանց ասել են. «Արձանից ներողություն խնդրեք, ազատենք»: Այս մասին հայտնում է Meydan TV հեռուստաալիքի կայքը:

Երիտասարդների մերձավորները լրագրողներին հայտնել են, որ տղաներն անգամ սիգարետ չեն ծխում, ուր մնաց թմրանյութ օգտագործեն: Երիտասարդների փաստաբան Էլչին Սադըգովը լրագրողներին ասել է, որ դատարանի կողմից նրանց նկատմամբ թմրանյութի հետ կապված մեղադրանքի առաջադրումը կապված է Հեյդար Ալիևի արձանի հարցի հետ: «Նրանց մեղադրեցին թմրանյութի հարցով: Ինքնագլուխ, բռնությամբ ներխուժեցին տուն: Խուզարկության ժամանակ տնեցիներց ոչ մեկը չի մասնակցել: Տղաները բոլորովին կապ չունեն թմրանյութի հետ», -ասել է նա: Փաստաբանն ասել է, որ Գիյաս Իբրահիմովը հրաժարվել է հարցաքննության ժամանակ խոշտանգումներով տված իր ցուցմունքներից: «Նրանք համառում են, որ հենց այդ տղաներն են արձանի վրայի գրության հեղինակները: Դատարանում նրանցից պահանջել են արձանի առաջ ներողություն խնդրել: Ասել են, որ համաձայնեք ներողություն խնդրելու ժամանակ AzTv-ն նկարահանի, ազատ թողնենք ձեզ», -լրագրողներին հայտնել է փաստաբանը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ Բայրամ Մեմմեդովի մոտից 2, 904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից` 1 կգ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից` 2, 607 գ հերոին, իսկ նրա տանից` 1 կգ 10 գ հերոին: Ենթադրվում է, որ երկու երիտասարդ ակտվիստները ձերբակալվել են Հեյդար Ալիևի արձանի շուրջ գրված կարգախոսների պատճառով: Ադրբեջանի ՆԳՆ-ն երիտասարդներին թմրանյութերի հետ կապված մեղադրանք է ներկայացրել նրանց մոտ երեք օր ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո` մինչ այդ հրաժարվելով հայտնել նրանց ձերբակալության մասին:

Spread the love