ԱՄՆ դեսպանը ԼՂ հիմնախնդրի շուրջ Վիեննայի հանդիպման արդյունքները դրական է համարում

- in Պաշտոնական
Serzh Aliyev

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները դրական է գնահատում:

«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994 և 1995 թվականների հրադադարի հաստատման և ամրապնդման համաձայնագրերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ռիչարդ Միլսը` պատասխանելով հարցին` «Վիեննայում բանակցությունների գլխավոր ձեռքբերումն այն էր, որ նախագահները պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն նույն պարտավորությունները կային 1994 թվականից ի վեր, բայց դա չխանգարեց, որ Ադրբեջանը ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի, ինչո՞ւ է մասնավորապես ամերիկյան կողմը համոզված, որ միգուցե այս անգամ հրադադարը կպահպանվի»:

Դեսպանի կարծիքով` այն, որ կողմերը պատրաստ են աշխատել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, բարի կամքի և պատրաստակամության դրսևորում է: Նա շեշտեց, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը: Նա նաև անդրադարձավ Սարգսյան-Ալիև` հունիսին սպասվող հնարավոր հանդիպմանը` նշելով, որ իրենք լավատեսորեն են տրամադրված: «Համանախագահները, իմ երկրի կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքներ և կհանգեցնի նրան, ինչին մենք բոլորս ձգտում ենք՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի համակողմանի կարգավորման»,- ընդգծեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20