ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը ԼՂՀ ճանաչման օրինագծի վերաբերյալ

LGHH

Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարությունում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագծի քննարկումը, տեղեկացնում է Ազատություն ռադիոն:

«Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար», հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է Թոները:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ավելացրել է, որ Միացյալ Նահանգներն առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միևնույն ժամանակ ընդգծելով. «Այս ամենը, սակայն, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում: Գոյություն ունի գործընթաց, որը պետք է հարգեն բոլոր կողմերը»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.