Այ քեզ խայտառակություն

- in Մամուլ
Ator

Ռուսական ՌԲԿ-ն տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանը նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի խորհրդական:

Այդ տեղեկատվությունը Հայաստանի համար հանդիսանում է պետական խայտառակության աղաղակող, ամոթալի մի օրինակ:

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը հանդիսանում է պետության կարեւորագույն պաշտոն, որում գտնված մարդը անկասկած տիրապետում է պետության համար չափազանց կարեւոր տեղեկատվության: Թերեւս ավելորդ է ասել, թե ինչեր կարող են անցնել այդ պաշտոնը զբաղեցնող անձի ձեռքի տակով:

Այժմ, փաստորեն, այդ անձը դառնում է մեկ այլ պետության գլխավոր դատախազի խորհրդական, այսինքն մեկ այլ պետության չինովնիկ: Հայաստանում կարեւորագույն պետական պաշտոն, եւ անկասկած կարեւորագույն տեղեկատվության տիրապետող անձը դառնում է բոլորովին այլ պետության ենթակա:

Այլ կերպ ասած, այդ պետությունը դառնում է Հայաստանի մասին տվյալ տեղեկատվության պոտենցիալ տիրապետող: Ինչ խոսք, ֆորմալ առումով թերեւս շատերն են համոզված, որ Հայաստանի վերաբերյալ ՌԴ իշխանությունն ունի եւ ստանում է ավելի շատ տեղեկատվություն, եւ գուցե ավելի օպերատիվ, քան Հայաստանի իշխանությունը:

Եվ այդ իմաստով, իհարկե, Մնացական Սարգսյանը Ռուսաստանում Հայաստանի մասին գուցե ավելի շատ բան կարող է իմանալ, քան հայտնել: Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ Հայաստանն է հասել այն բանին, որ Սարգսյանը նշանակվի Չայկայի խորհրդական եւ կարեւոր տեղեկություններ կարողանա ունենալ եւ փոխանցել Երեւան, տարբեր հարցերում Ռուսաստանի մտադրության մասին: Առավել եւս, որ ներկայում համաշխարհային մթնոլորտը ներծծված է հակակոռուպցիոն բավական թեժ օդով, եւ այստեղ իհարկե որեւէ հնարավոր զարգացում, որեւէ պայմանավորվածություն, որեւէ գործարք չի բացառվում համաշխարհային ուժային կենտրոնների միջեւ: Ըստ այդմ, Մնացական Սարգսյանը երեւի թե պետք է փորձի ռուսական թեւում հնարավոր մտադրությունները եւ զարգացումները փոխանցել Հայաստանի համակարգին:

Անգամ դժվար է ասել՝ կարո՞ղ է այդպիսի տարբերակը լուրջ լինել, թե ոչ: Բայց, ընդհանուր առմամբ, փաստորեն չի պահպանվում պետական արժանապատվության եւ անվտանգության ֆորմալ կողմն անգամ, եւ Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալը աշխատանքի է անցնում այլ պետության իշխանական համակարգում:

Իհարկե, այն, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնը թողնելուց հետո աշխատանքի են անցնում Ռուսաստանում, նորություն չէ: Օրինակ՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո այնտեղ է աշխատում Ռոբերտ Քոչարյանը, բայց իհարկե մասնավոր ոլորոտում, թեեւ խորհրդանշական անվանումով Սիստեմա ընկերությունում: Ռուսաստանում է աշխատում նաեւ նրա նախագահության տարիներին ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած Կառլոս Պետրոսյանը: Նա էլ այնտեղ է հասարակական կազմակերպությունում եւ զբաղված է եվրասիական տարածությունում Ռուսաստանի շահերը սպասարկող գործունեությամբ:

Մնացական Սարգսյանի դեպքը կարծես թե աննախադեպ է նրանով, որ նախկին հայաստանցի պաշտոնյան գործի է անցնում Ռուսաստանում արդեն պետական համակարգում:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20