Անսպասելի իրավիճակ «ոհմակի» համար. Խուճապը չի անցնում

- in Հրապարակ
Serzh Gagik

Քառօրյա պատերազմը եւ հետագա իրադարձություններն ուշագրավ ազդեցություն են թողել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Մի կողմից, տեղի է ունեցել հանրության լայն ու «ապակենտրոն» համախմբում, մյուս կողմից կենտրոնախույս որոշակի զարգացումներ են տեղի ունեցել իշխող համակարգի ու քաղաքական դասի շրջանում:

Պատերազմին հաջորդող օրերին նկատելի էր որոշակի խուճապ ու շփոթ իշխող համակարգի ներսում: Բանն այն է, որ առաջին պլան է մղվել պատասխանատվության խնդիրը, որից համակարգը մինչ այժմ խուսափում էր՝ պատասխանատվությունը հանրության վրա գցելու միջոցով, միեւնույն ժամանակ նրան զրկելով այդ պատասխանատվության իրացումից: Քառօրյա պատերազմից հետո հանրությունը ստանձնեց իր պատասխանատվությունն, այդպիսով առաջին անգամ պատասխանատվության տակ դնելով իշխող համակարգին:

«Զինադադարից» հետո ՀՀԿ երկու նիստերը ցույց տվեցին, որ իրավիճակն առավել քան լուրջ է, եւ բավական իրական սպառնալիք է առաջացել համակարգի դիրքերին ու սեփականությանը: Խնդիրը բարդանում է նրանով, որ բացի հանրության գործոնից, քառօրյա պատերազմը փաստացի նաեւ վերջ էր դրել ներհամակարգային պայմանավորվածություններին, եւ առաջացել է «զրոյից սկսելու» հանրային ու համակարգային պահանջ:

Ահա այս երկու հանգամանքը՝ պատասխանատվության խնդիրը եւ պայմանավորվածությունների չեղարկումն էլ իշխող համակարգին դրել է վտանգավոր վիճակում: Ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ՝ այլեւս ակնհայտ է դարձել, որ իշխող համակարգի ու պետական շահը հակամետ են:

Ընդ որում, հանրության համար բացահայտվել է եւս մեկ կարեւոր խնդիր՝ հակամետ են նաեւ պետական շահն ու իշխող համակարգի արտաքին հովանավորի նկրտումներն ու մտադրությունները, ինչն իր հերթին սրել է ներքին լարվածությունը:

Իշխող համակարգի ներսում սկսվել են քայքայման ու իրար «հանձնելու», ներքին սաբոտաժի, արտաքին հովանավորին հավաստիացումներ հղելու անխուսափելի գործընթացներ: Դրա ապացույցն էին ընտրական օրենսգրքի շուրջ սկանդալը, ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները հողերը հանձնելու, անցյալը ջնջելու եւ այլնի մասին: Հատկանշական էր նաեւ, որ Ղարաբաղյան կարգավորման իշխանության պայմանները հնչեցին ոչ թե պետական որեւէ խողովակով, այլ՝ ՀՀԿ-ի:

Նկատելի է, որ իշխանությունը փորձում է ուշքի գալ հետպատերազմյա իրավիճակի շփոթից, ի մի բերել հակասությունները եւ հանդես գալ միասնական դիրքորոշումներով, կրկին «հավաքել» համակարգը: Նկատելի է, որ իշխանությունն օգնության է կանչել քաղաքական դասին՝ նրան խոստանալով պրեֆերենցիաներ՝ հանրության օրինական պահանջների դեմ համատեղ պայքարելու համար:

Սակայն իրավիճակի ողջ հմայքն այն է, որ դա այլեւս չի ստացվելու, եւ ներքին այս զարգացումներն ավելի են խորանալու: Սա պատերազմի եւս մեկ արդյունքն է՝ դրական արդյունքը հանրության համար՝ համակարգի քայքայումը, որի անպատասխանատվության, անհամարժեքության ու հանցավոր գործունեության արդյունքում վտանգի տակ է դրվել պետությունը, նրա անվտանգությունը:

Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը սպառեցին հետպատերազմյա օրերի, Ժաննա Անդրեասյանի դիպուկ բնորոշմամբ՝ «լռության քվեն», իսկ ներկայում արդեն կանգնած են իրենց «ներքին քվեն» սպառելու շեմին:

Սակայն դա իրենց խնդիրն է, իսկ հանրությունը ներկայում դրսեւորում է անսպասելի հատկություններ՝ այն գտել է համակարգը «բերման ենթարկելու» ձեւը՝ չհայտարարված անհնազանդություն, անտեսելով իշխանությանը, լուծելով իր անվտանգության խնդիրն ու իշխող համակարգին դնելով պատասխանատվության տակ:

Spread the love