Առանց ԼՂՀ մասնակցության մշակված որևէ փաստաթուղթ կենսունակ չէ

- in Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ:

Այդ մասին eadaily.com-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով հարցին` ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը «մադրիդյան սկզբունքներ»-ի փաստաթղթի նկատմամբ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին որպես լիարժեք կողմ և իր անմիջական մասնակցությունն ունենա հակամարտության վերջնական կարգավորման փաստաթղթի մշակմանը՝ գաղափարների քննարկման սկզբից, կարգավորման մոտեցումներից մինչև ստորագրում և խաղաղ պայմանագրի իրականացում: Այլապես, յուրաքանչյուր փաստաթուղթ, որի մշակմանը ԼՂՀ-ն չի մասնակցել, կենսունակ չէ»,- ասել է Միրզոյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին՝ Միրզորյանն ասել է, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն Արցախի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: «ԼՂՀ ժողովուրդը վճռական է ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր պետականությունը: Այս ուղղությամբ ձեռքբերումները թույլ են տվել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում հասնել դրական գործընթացների:

Ամերիկյան 7 և Ավստրալիայի մեկ նահանգ, ինչպես նաև Բասկերի խորհրդարանը ընդունել են ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցելու բանաձև: Արցախի միջազգային ճանաչումը ոչ միայն լրացուցիչ ազդակ կհաղորդի արցախյան պետականության, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, այլ նաև դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: ԼՂՀ միջազգային ճանաչումը նաև թույլ կտա վերջ դնել Ացախը և նրա ժողովրդին ոչնչացնելու Արբեջանի անդադար փորձերին և կապահովի ողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»,- ընդգծել է Կարեն Միրզոյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20