Արկադի Տեր-Թադևոսյանը հանդիպել է իր հրավերով Հայաստան ժամանած հայ գեներալների և ռազմական փորձագետների հետ

- in Պաշտոնական
Arkadi Ter Tadevosyan

«Արևելքի» տեղեկություններով, երեկ և այսօր տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հանդիպումը՝ մի շարք պաշտոնաթող գեներալների և ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադևոսյանի կոչով:

Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ:

Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հանդես էր եկել կոչով, որում ասված է. «Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ և ռազմական փորձագետներ,

Այսօր հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետև ՀՀ-ն և ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա:

Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց և հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին: Եվ հիմա, կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին:

Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:

Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների և ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երևանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20