Արցախից փախստականներին օգնություն է հարկավոր

- in Սոցիալական
khach xach

Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մայիսի 14-ին փախստականներին օգնություն տեղափոխելու` Լոռի կատարածս այցի ժամանակ մի սարսափելի բան պարզեցի: Ապրիլի 1 լույս 2-ի գիշերը ադրբեջանական հրթիռակոծությունից փախչող սահմանամերձ բնակչությունը կազմակերպված կերպով չի տարհանվել, այլ յուրաքանչյուրը հույսը դրել է սեփական ուժերի ու բախտի վրա: Ինչո՞ւ չի եղել տարհանման ծրագիր: Չեմ զարմանա, եթե ծրագիր չկա նաև մեր այլ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, այնինչ սահմանամերձ շրջաններում պետք է հստակ մշակված տարհանման պլան լինի և ուսումնական վարժանքներ անցկացվեն… Ինչևէ, թալիշցի փախստականների վկայությամբ, գիշերը արթնացել են պայթյունների ձայնից ու տարերայնորեն փորձել փախչել: “Կիսամերկ, ոտաբոբիկ, երեխաներին գրկած վազում էինք դեպի անտառ մինչև որ որևէ մեքենա հանդիպեր, կամ հենց մեր տղամարդիկ մեքենաները մոտեցնեին”, – պատմեց 5 երեխաների հետ Ստեփանավան փախած Աննան: Դեռ ավելին, ճանապարհին պարզել են, որ վառելիքն է թանկացվել…

Արցախից Լոռվա մարզ է տեղափոխվել մոտ 30 ընտանիք, որոնց մի մասը վերադառնում է Արցախ: Մնում են միայն Թալիշի ու Մատաղիսի ընտանիքները (10-12 ընտանիք) և նրանցից գրեթե յուրաքանչյուրը կտրականապես դեմ է վերադառնալուն: Ուզում են հաստատվել Հայաստանում: Բայց կան նաև ընտանիքներ, որոնք դեմ չեն բնակություն հաստատել Արցախի համեմատաբար անվտանգ տարածքներում, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն` տուն, հող…

Ինչպես է հյուրընկալել փախստականներին, ինչ օգնություն է տրամադրվել

Փախստականների հյուրընկալման և նրանց օգնելու միասնական ծրագիր նույնպես չի եղել: Նրանց չի տրամադրվել ընդհանուր կացարան, ապահովված չեն գոնե օրական մեկ անգամ տաք սնունդով:

Ընտանիքների մի մասը տեղավորվել է բարեկամների մոտ, մյուս մասին առաջարկվել է բանակարան վարձել: Բնակարանի վարձի վճարը խոստացել է վճարել Լոռվա մարզպետը, որի նաև դրամական օգնության մասին լսեցի առնվազն երկու ընտանիքից: Ինչը չես ասի Վանաձորի քաղաքապետի մասին, ում քաղաքն, ի դեպ, սարսափելի վիճակում է գտնվում: Նույնիսկ ռմբակոծված ճանապարհները ավելի բարվոք են, քան Վանաձորի փողոցները: Սառնասիրտ ու անտարբեր մոտեցում է ցուցաբերել, փախստական ընտանիքի պատմելով, Ստեփանավանի քաղաքապետը: “Ասաց, ինձ մի դիմեք, սրտի հետ խնդիրներ ունեմ, սիրտս լավ չէ”, – պատմեց Ստեփանավան տեղափոխված Աննայի սկեսուրը: Ուզում եմ առանձնակի գոհունակությամբ շեշտել “Շահումյան” գյուղի գյուղապետի ՄԱՐԴ լինելը, ով ոչ միայն կացարան է տրամադրել ընտանիքներին, այլ նաև օգնել ու օգնում է սնունդով, հագուստով, դեղորայքով: Այս գյուղում փախստականները նաև հոգատար վերաբերմունք են ստացել դպրոցի կողմից, որը երեխաներին ապահովել է անհրաժեշտ գրենական պարագաներով:

Օգնություն են տրամադրել ՄԱԿի “Առաքելություն Հայաստանը” և Կարմիր խաչը:

ՀՀ Սոցապ նախարարությունը, փախստականների վկայությամբ, դեռ նոր է հաշվեհամարներ ուզել, որպեսզի թոշակները ու մանկական նպաստները Արցախից տեղափոխվեն ՀՀ:
Ինչ է պետք այս ընտանիքներին

Ըստ էության, այս ընտանիքների կացարանի խնդիրը մշտական լուծում չի ստացել: Նրանցից մի մասին արդեն իսկ տան տերերը զգուշացրել են, որ մտադիր են վաճառել տները և խնդրել են տուն փնտրել: Յուրաքանչյուր օր նրանք կարող են փողոցում հայտնվել: Ամենասարսափելին Ստեփանավանում գտնվող` 5 անչափահաս երեխաներով ընտանիքի վիճակն է, որը շտապ լուծում է պահանջում: Նրանց մասին կգրեմ առանձին:

Հող մշակելով ու կենդանի պահելով իրենց գլուխը պահող այս մարդկանց պետք է տուն և հող: Նրանցից շատերը աշխատանք են փնտրում:

Բոլոր կոմունալ վճարները եկամուտ չունեցող այս ընտանիքների ուսերին են, բնականաբար, չեն կարող վճարել…
Հագուստով արդեն քիչ թե շատ ապահովված են բարի մարդկանց շնորհիվ:

Սուղ է սննդամթերքի հարցը: Թալիշեցի 57ամյա Լարիսան նեղսրտում են, թե 7 տղա երեխաները “չեն հասկանում, որ սնունդը քիչ է, ուտել են ուզում”… Նա հաց է իր ձեռքով թխում, որ ընտանիքը սոված չմնա…

Ալյուր, շաքարավազ, մակարոնեղեն, յուղ, մուրաբաներ, ջեմեր, պահածոներ: Այս ամենի կարիքը ԽԻՍՏ է Զգացվում:

Որոշ ընտանիքներ ունեն նաև վառելափայտի կարիք, քանի որ տանը շատ ցուրտ է երեկոյան ու խոնավ: Ինքս համոզվեցի …

Շատ լավ կլիներ, եթե բազմաթիվ երեխաներին հասցվեին նաև գրքեր, ներկեր, մատիտներ, ալբոմներ, խաղեր:

Երեխաները վախեցած են… Գիշերը կայծակից վեր են թռնում ու կարծում, թե արկեր են … Բացի այդ, մեծերը պարբերաբար լաց են լինում, սարսափելի բաներ պատմում, ընկճում փոքրիկներին…

ՀՈԳԵԲԱՆԻ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ԿԱ:

Ստեփանավանի ընտանիքը ՇՏԱՊ տեղափոխել է ՊԵՏՔ:

Հինգ անչափահաս երեխայով Աննայի ընտանիքը “հյուրընկալվել է” ամուսնու խորթ մոր տանը, որտեղ անկոչ հյուրի կարգավիճակում է: Ամեն օր դուրսը հայտնվելու սպառնալիքներին զուգահեռ, կոպիտ վերաբերմունքի է արժանանում: “Տատիկից” սարսափած են նաև փոքրիկները… Աննայի խոսքերով, երբեմն նաև երեխաների վրա ձեռք է բարձրացնում խորդ սկեսուրը … Իմ ներկայությամբ տիկինը հրեշտակ էր ձևանում, սակայն քանի որ արդեն տեղյակ էի իրավիճակի մասին, փորձեցի նրան հասկացնել, որ մարդ լինելը վատ չէր լինի … Մի Գրադից փախած երեխաները մեկ այլ Գրադի տակ են հայտնվել..

Խնդրում եմ Լոռվա մարզպետին անհապաղ տեղափոխել այս ընտանիքը այլ տուն:

Spread the love