Բանակը հայտնվել է «նյարդերի» վրա. Ինչու պահը չի օգտագործվում

- in Մամուլ
Tank

Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ զինուժը դրել է խնդիրը.

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայում հանդիպելով այդ երկրի թե արտաքին գործերի, թե եվրոպական հարցերի նախարարների հետ ու քննարկելով Արցախի գործընթացը, խոսել է հրադադարի պահպանման մեխանիզմների հրատապ ներդրման անհրաժեշտության մասին: Հայաստանն ապրիլի 2-ից ի վեր խոսում է այդ մասին: Երեւանը գաղափարին համաձայնություն էր տվել դրանից առաջ էլ, երբ իրադարձությունների լարվածության հետեւողական աճը կանխելու համար ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը առաջին անգամ բարձրաձայնեց այդ գաղափարի մասին:

Մայիսի 16-ին սպասվում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Արդյոք այդ հանդիպմանը դրվելու է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի հարցը: Դատելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, օրակարգում կլինի այդ հարցը:

Կնշանակի, որ Ադրբեջանը համաձայնե՞լ է, թե՞ այդ հայտարարությունը բանակցային սեղանի մոտ վերադառնալու երեք պայման առաջ քաշած Հայաստանի մանեւրի համար է, որպեսզի պաշտոնական Երեւանը հանդիպման մեկնելու համար ունենա սեփական հանրության ու բանակի առաջ բացատրություն:

Տեղեկություն է տարածվել, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Մինսկի համանախագահ երկրների արտգործնախարարները: Արդյոք դա նշանակում է, որ նախատեսվում է որոշակի փաստաթղթային արդյունք: Թե՞ պարզապես այդ ներկայացուցչականությունն անհրաժեշտ է հրադադարի միջազգային մեխանիզմի շուրջ քննարկումների գործընթացի լուրջ եւ ծանրակշիռ մեկնարկ ապահովելու համար:

Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին հայտարարությանը նախորդեցին մի քանի հետաքրքիր իրադարձություններ: Նախ Հայաստանի իշխանությունը գեներացրեց Արցախի անկախության ճանաչման գործընթաց, որն անմիջապես արժանացավ Ռուսաստանի անբարյացկամ արձագանքին: Հատկանշական է, որ Նահանգները կրկին բացասական, բայց արձագանքեց որոշակի ուշացումով:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հայտարարեց, որ Բաքուն առաջին անգամ անցել է խորը պաշտպանության: Մինչ այդ էլ հայկական հրետանին պատժիչ գործողություններ էր իրականացրել Ադրբեջանի Թարթառի շրջանի ուղղությամբ, եւ այդ գործողության արդյունավետության մասին կվկայի այն, որ նախ այնտեղ էր մեկնել այդ երկրի պաշտպանության նախարարը, բայց ըստ երեւույթին դա էլ բավարար չլինելով իրավիճակը պահելու համար, առաջացել էր նաեւ Ալիեւի այցի անհրաժեշտությունը:

Արդյոք պատժիչ գործողությունը Ալիեւին բերեց հրադադարի հարց քննարկելու: Արդյոք պաշտոնական Երեւանը Մինսկի խմբի համանախագահների առաջ հարցը դրել է կամ-կամ՝ կամ Ալիեւին շուտափույթ բերման են ենթարկում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմը քննարկելու համար, կամ հայկական զինուժն անցնում է ռազմական գործողության:

Չի բացառվում իհարկե, որ պաշտոնական Երեւանի առաջ էլ հարցը կամ-կամ-ով է դրել հենց հայկական զինուժը, առաջնագծում կանգնած բանակը: Խնդիրն այն է, որ քառօրյա պատերազմից հետո բանակի գործը մնացել է կիսատ: Ընդ որում, ոչ միայն պարզապես կիսատ: Բանակը հայտնվել է «նյարդերի» վրա, ոչ թե վիրավոր, այլ վանդակում փակված առյուծի վիճակում: Կա Ադրբեջանի հանդեպ ռազմական այնպիսի խնդիրներ լուծելու հնարավորություն եւ պահ, ինչի շնորհիվ հնարավոր է պարտադրել տեւական եւ կայուն խաղաղություն, բայց այդ պահը չի օգտագործվում անհասկանալի քաղաքական պատճառներով: Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում օգտվում է վիճակից եւ շարունակում հեռվից հարվածները, պարտությունը ձգելով ժամանակի մեջ:

Այդ իրավիճակը, ի վերջո, ժամանակի եւ տարածության մեջ հավասարեցնելու է կողմերին, Բաքվին թույլ տալով լղոզել քառօրյա պատերազմի անհաջողությունը, երբ ժամանակի ընթացքում նույնիսկ այդ ամենի տակ կմնա անգամ այն, որ Բաքուն հաջողել է՝ վերցնելով թեկուզ մի քանի հենակետ:

Ըստ այդմ, օդում աներկբա կախված է հարցը՝ Ադրբեջանը ներկայում, քառօրյա պատերազմում խոշոր հաշվով անհաջողությունից հետո կամ «տաք հետքով» պետք է մատնվի դիվանագիտական պարտության եւ «կապիտուլյացիայի», կամ ռազմական խոշոր պարտության:

Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանի առաջ զինված ուժերում դրվել է հենց այդ հարցը:

Այստեղ անկասկած է, որ կա մարդկային կյանքի գերկարեւոր, առաջնային գործոնը: Ամեն մի հայ զինվորի կյանքը անգնահատելի արժեք է, եւ այդ կյանքը խնայելու համար պետք է գնալ հնարավոր ու անհնար ամեն ինչի: Բայց, այստեղ խնդիրն այն է, որ կա խաբկանքի մեծ ռիսկ, որովհետեւ խնդիրն այն է, որ Ադրբեջանը այսպես թե այնպես, դանդաղ սպանում է մեր զինծառայողներին: Եվ անկասկած է, որ եթե նա չի ենթարկվել կապիտուլյացիայի կամ խոշոր պարտության՝ դիվանագիտական կամ ռազմական տարբերակին, նա շարունակելու է դանդաղ սպանելու քաղաքականությունը:

Եվ այստեղ արդեն հարց է առաջանում՝ հայկական կողմը ձեռնպահ մնալով այդ կամ-կամ-ից եւ տրվելով բանակցային «իմիտացիային», զինվորի կյա՞նք է փրկում, թե՞ հակառակը: Այդ հարցի պատասխանը տեսականում բարդ է, իսկ գործնականում պատասխանը ներկայիս վիճակն է, երբ պարբերաբար տեղեկություն է ստացվում հրադադարի խախտման եւ դրա հետեւանքով զոհի մասին:

Այսինքն, գործնականում ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց այժմ շարունակում է սպանել եւ դա անում է՝ օգտվելով հենց արհեստականորեն պահվող ոչ-ոքիից:

Կասկած չկա, որ կամ-կամ-ի առաջ չդրվելու դեպքում, Բաքուն ժամանակը շահելու է մեկ նպատակով՝ անել հնարավորը ռազմական նոր ագրեսիայի հնարավորություն ստեղծելու համար: Դա կլինի մեկ ամիս, մեկ տարի, թե հինգ կամ տասը տարի անց, արդեն տեխնիկական խնդիր է: Քանի դեռ Բաքուն կամ դիվանագիտական-քաղաքական, կամ ռազմական առումով չի դրվել նոր իրավիճակի առաջ, ժամանակը մշտապես ենթակա է կանգ առնելու, իսկ մուսաները՝ լռելու վտանգին:

Անկասկած է, որ ցանկալին հենց քաղաքական-դիվանագիտական ճանապարհն է, որտեղ չկա մարդկային կորստի ռիսկ: Ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք հայկական դիվանագիտությունն ունակ է սպասարկել այդ խնդիրը: Թեեւ, գուցե հարց է նույնիսկ, թե արդյոք հայկական դիվանագիտությունն իր առաջ դրել է այդպիսի խնդիր: Բանակը դիվանագիտության առաջ այդ խնդիրը դրել է՝ ակնհայտորեն, առնվազն քառօրյա պատերազմի արդյունքով: Իսկ դիվանագիտությու՞նն ինչ խնդիր է դրել ինքն իր առաջ:

Հակոբ Բադալյան; մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20