Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Serzh Sargsyan

Հարգելի պարոն նախագահ. Մի պարգևատրեք զոհված հերոսներին նույն շքանշաններով, որոնցով պարգևատրում եք գեներալներին և այն թուլամորթերին, որոնք թիկունքում թաքնված հարմար առիթի էին սպասում ինքնահասատատվելու համար:

Զոհվածներին տրված հետմահու ոչ մի շքանշան մեկ կոպեկի արժեք չունի հետնորդների համար, իսկ գեներալների շքանշանները խոսում են իրանց չարածների փոխարեն: Եվ հետո զոհվածի երեխա լինելը պիտակ է ամբողջ կյանքի ընթացքում, իսկ գեներալի երեխա լինելը` բազում անսահմանափակ հնարավորությունների անցափուղթ: Այսպիսին է հայի մեր տեսակը, երբ սգում ենք ազգովի մեկ կամ երկու շաբաթ, իսկ հետո մոռանում` համարելով, որ ժամանակը բուժում է, իսկ ժամանակը չի բուժում, այն սեպի նման ավելի խորն է մտնում սրտիդ մեջ և պատերազմից 25, թեկուզ 45 տարի անց ավելի ցավեցնում: Իսկ ինչ արժեք ունի շքանշանը: Ինչ կարող է այն տալ զոհվածի երեխային, երբ դասարանում 200 դրամ հավաքելու համար ուսուցիչը անընդհատ նշում է, որ զոհվածի երեխայից գումար չվերցնեք` հիշեցնելով, որ նա ընդամենը զոհվածի երեխա է, ով հնարավորություն չունի 200 դրամ տալու, իսկ երբ ասում ես` ոչ, ես կտամ, նորից է հիշեցնում, որ դու զոհվածի երեխա ես: Իսկ երբ պիտի գեներալի երեխայից վերցնեն` դե գեներալի երեխա է, հո 200 չի տա, թող 2000 տա: Հենց այդքան էլ արժեքավորում ենք երկուսի շքանշանները: Բուհ ընդունելությունը զոհվածների երեխաների համար անվճար է, նույնիսկ քիչ միավոր հավաքելու դեպքում ընդունվում ես ու ստանում անվճար կրթություն, նույնիսկ կրթաթոշակ` «զոհվածի թոշակ»:

Շատ մեծահոգի եք պարոն նախագահներ, այսպես էլ անգիտակաբար ազդում եք երեխաների բարոյահոգեբանության վրա: Իսկ գեներալների երեխաները նույնիսկ չեն բարեհաճում ներկայանալ քննություններին: Նրանց համար կրթությունն էլ է վճարովի, քննություններն էլ, ստուգարքներն էլ:Ինչպես իրանց հայրերի շքանշանները… Հետագա կրթություն, մասնագիտացում և աշխատանք: Դե, իհարկե, առաջնահերթ հենց արժանի հայրերի արժանի որդիներն են, ու գործատուն անգամ բարևներ է ուղարկում պարոն հայրիկներին, իսկ զոհվածի երեխային նայում են այնքան խղճուկ հայացքով, որ անգամ կաշկանդում են ու ազդում ինքնագնահատականի վրա, չէ որ նա զոհվածի երեխա է ընդամենը: Այստեղ էլ շքանշաններն են ցույց տալիս իրենց իրական արժեքները: Կյանքի ամեն մի ասպարեզում, ամեն մի քայլափոխի,հստակ ծրագրով թերարժեքավորվում է ամեն մի սուրբ նահատակի ոչնչով մեղք չունեցող` ամեն մի զավակ, և այդպես նա էլ չի կարողանում լիարժեք ապրել` ոչ զոհված հայրիկի այրան համար ստացվող ընդամենը 18.000 դրամ թոշակով, ոչ շրջապատի մարդկանց գեղեցիկ բառերով, որ ունեցել է հերոս հայր, լավագույն կռվող հայր, կամ անդավաճան հայր. Ոչ էլ այն գիտակցումով` որ հայրիկը զոհվել է առաջինը իր համար:

Միևնույն է Զոհվածի երեխա լինելը հենց պիտակ է, ինչպես որ պիտակավորում են ամենավերջին մարդուն: Ու ավելի է կաշկանդում երեխային, քան ամենաստոր որևէ պիտակ: Մի պարգևատրեք զոհված հերոսներին նույն շքանշաններով, որոնցով պարգևատրում եք գեներալներին և այն թուլամորթերին, որոնք թիկունքում թաքնված հարմար առիթի էին սպասում ինքնահասատատվելու համար:

Ալմաստ Կ. Եսայան, Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20