Գեներալ Մանվելի արցախյան արշավի սկանդալային ավարտը

- in Մամուլ
Manvel Grigoryan

Երեկ տեղի ունեցավ Արցախից գեներալ Մանվելի վերադարձի ու դիմավորման հանդիսավոր արարողությունը մի շարք ԶԼՄ-ների մասնակցությամբ, որոնք այդտեղ էին արձանագրելու եւ հավերժացնելու նրա արցախյան «ռազմարշավի» ամփոփումն ու մտքի հերթական փայլատակումները:

Ինչպես բուն «ռազմարշավը», այնպես էլ վերադարձը սկանդալային ստացվեցին: Մանվել Գրիգորյանը հայհոյախառն նկարագրեց իր հետ կատարվածը: Ավելին իհարկե սպասելի էլ չէր:

Մինչ վերադարձը, գեներալ Մանվելի «փիարշիկները» հարցումներ էին անում Արցախում ու Հայաստանում, պետական պաշտոնյաների, զինվորականների, բնակիչների շրջանում, իսկ ֆեյսբուքյան բանակը ոտքի էր հանվել «համար մեկով»: Բակո Սահակյանից սկսած, հավաքվում էին կարծիքներ նրա մեծ դերի ու առաքելության մասին: Երեւի նախապատրաստում էին երեւանյան հարցազրույցը, որը պետք է դառնար «ռազմարշավի» պսակը: Բայց ստացվեց այն, ինչ պետք է ստացվեր:

Երեւանում, նաեւ ԶԼՄ-ների ջանքերով, բավական յուրօրինակ պատկերացումներ կան պատերազմական իրողությունների, հերոսների եւ այլնի մասին: Դա բնական է, այն առումով, որ կախված է այդ պահի իշխանության նախընտրություններից, քարոզչության բնույթից եւ ուղղվածությունից, հանրային տրամադրություններից:

Իր հերթին, այստեղ դեր է խաղում այն, որ շատերը, ովքեր անցել են այդ ամենի միջով, կամ նախընտրում են չխոսել՝ ելնելով ինչ ինչ հանգամանքներից, կամ ասում են այն, ինչ թելադրում են օֆիցիոզը եւ «պահը»:

Հնարավոր է՝ իսկապես պետք էլ չէ խոսել: Սակայն խնդիրն այն է, որ չի կարելի անել նաեւ հակառակը, քանի որ դա հանգեցնում է անցանկալի, երբեմն նաեւ ողբալի հետեւանքների թե հանրային գիտակցության, թե կոնկրետ դրսեւորումների առումով:

Պատերազմը շանս էր շատերի համար՝ կյանքի «հատակից» բարձրանալու եւ ինչ որ դիրքերի հասնելու համար: Այստեղ էլ առաջանում է հետպատերազմյա սինդրոմ կոչվող երեւույթը, «հերոսների ու դավաճանների» կործանարար դիլեման, որն իր տարբեր դրսեւորումներով Հայաստանում հասցվել է բարձրակետին, ընդհուպ իշխանությունը «պատերազմի իրավունքով» յուրացնելուն:
Հայաստանը երկու տասնամյակ ապրում է այս սինդրոմով, որն իհարկե դժվար հաղթահարելի երեւույթ է նույնիսկ ամենազարգացած հասարակությունների համար: Իսկ Հայաստանի հասարակության պարզունակ պատկերացումների, առասպելաբանության ու քարոզչության պայմաններում այն պարզապես պարարտ հող է գտել:

Այս թեմայի շուրջ բանավեճեր, քննարկումներ չեն եղել, բոլորին ձեռնտու է եղել այս «ստատուս-քվոն»:

Այսպես սովորաբար շարունակվում է մինչեւ հերթական ցնցումը, ինչպիսին էր ապրիլյան պատերազմը, որը սպառնալիք է դառնում այս երեւույթի համար: Ապրիլյան իրադարձություններից հետո նկատելի է, թե ինչպես է իշխող համակարգը քայլեր ձեռնարկում այս սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ:

Խնդիրն ամենեւին էլ անձերը չեն, անձերը չեն փոխվում՝ լինեն սովորական մարդ, թե գեներալ կամ խորհրդանիշ: Գեներալ Մանվելն իրականում այս երեւույթի խորհրդանիշն է, կամ խորհրդանիշներից մեկը, որն անխնա շահագործվել է համակարգի կողմից՝ «իշխանության իրավունքը» պահպանելու համար:

Ապրիլյան իրադարձություններն այս երեւույթները պատմության գիրկն ուղարկելու առիթ եւ հնարավորություն են հանրության, եւ ինչու ոչ՝ իշխանության համար, ինչը արդյունավետ պետականություն, անվտանգության համակարգ կառուցելու նախապայմանն է: Կօգտագործվի՞ այս հնարավորությունը:

Ամեն դեպքում, գեներալին պետք է ուղարկել վաստակած հանգստի, գոնե մարդկային մղումներից ելնելով: Այդ դարաշրջանն ավարտվել է, որքան էլ փորձեն դիմադրել:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20