ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Թուրքիային միայնակ են թողել

- in Միջազգային
Erdoghan Putin

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Թուրքիային միայնակ են թողել:

«Մինչ աշխարհի մի անկյունում սպանում են անմեղ մարդկանց, աշխարհի մյուս մասում փորձեր են ձեռնարկվում կյանքի հարմարավետության բարելավման ուղղությամբ, ինչը ցավ է առաջացնում միլիոնավոր սրտերում:

Անպաշտպան կանայք ու երեխաները, որոնք փախել են դաժան բռնապետներից ու ահաբեկչական անխիղճ կազմակերպություններից, իրենց ճանապարհին հանդիպում են փակ դռների ու բարձր պատերի: Նրանք չունեն գթասրտություն ու արդարություն:

Վեց տարում Սիրիայում վերապրած իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդկությունը չանցավ այդ քննությունը: Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղելու պնդումներով հանդես եկածներից ոչ մեկն էլ ԴԱԻՇ-ին չի հասցրել այնպիսի հարված, ինչպիսին մենք ենք հասցրել, և չի վճարել այնպիսի գին, ինչպիսին մենք ենք վճարել:

Նրանք մահապարտների դեմ պայքարում մեզ միայնակ են թողել, որոնք իրենց հարձակումներով մեզ ցավ են պատճառում Քիլիսում: Անկարայի ու Ստամբուլի և Փարիզի ու Բրյուսելի ահաբեկչություններին արձագանքելու միջև տարբերությունը կարելի է անվանել միայն անարդարություն»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ունեցած ելույթում հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու և երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտության մասին:

«Նոր Սահմանադրությունն ու նախագահական համակարգը Թուրքիայի նախագահի անձնական ցանկությունը չեն: Դա Թուրքիայի համար անհրաժեշտ է դարձել զարգացման ներկա փուլում: Պետք չէ վախենալ այդ փոփոխություններից: Մենք ակնկալում ենք, որ բոլորը կաջակցեն դրանց, և նոր Սահմանադրությունը՝ նախագահական համակարգի հետ միասին, կմտնի ուժի մեջ:

Նոր Սահմանադրությունը չի ծառայի մեկ կուսակցության կամ մեկ մարդու շահերին, իսկ գործող խորհրդարանական ձևը հանգեցնում է ճգնաժամերի: Հունիսի 7-ի ու նոյեմբերի 1-ի (խորհրդարանական ընտրությունների միջև) անորոշության ժամանակաշրջանը չվերաճեց ճգնաժամի շնորհիվ նախագահական լիազորությունների ուժի»,- ասել է Էրդողանը:

Խոսելով վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հեռանալու մասին՝ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նրան՝ կատարած աշխատանքի համար, և հավելել է, որ կառավարության ղեկավարի փոփոխումը տեղի կունենա առանց պետության աշխատանքային դադարների:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20