Դոն Խուան Մանուել. «Թե ինչ պատահեց շատ կատաղի և ըմբոստ կնոջ հետ ամուսնացած երիտասարդին»

- in Մշակույթ
Axjik

Կիրակնօրյա ընթերցումներ.

ՀԱՏՎԱԾ ԴՈՆ ԽՈՒԱՆ ԴԵ  ՄԱՆՈՒԵԼԻ «ԿՈՄՍ ԼՈՒԿԱՆՈՐԸ» ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԽՐԱՏԱԿԱՆ ՆՈՎԵԼՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ.

Մի անգամ կոմս Լուկանորը խոսում էր Պատրոնիոյի հետ և ասաց նրան.

– Պատրոնիո՛, իմ ծառաներից մեկն ինձ պատմեց, որ իրեն առաջարկել են ամուսնանալ մի շատ հարուստ և իրենից ավելի ազնվատոհմիկ կնոջ հետ, և այդ ամուսնությունն իրեն շատ ձեռնտու կլիներ, եթե մի խնդիր չլիներ: Իսկ խնդիրը սա է. նրան պատմել են, որ դա աշխարհի ամենակատաղի և ըմբոստ կինն է: Հիմա խնդրում եմ՝ ինձ խորհուրդ տաք, թե նրան ինչ ասեմ. ամուսնանա՞ այդ կնոջ հետ, թե՞, իմանալով նրա բնավորությունը, չամուսնանա:

– Սենյո՛ր կոմս,- ասաց Պատրոնիոն,- ժամանակին մի բարի արաբի որդի է ապրել. եթե Ձեր ծառան նրա նման է, խորհու՛րդ տվեք, որ ամուսնանա, բայց եթե նման չէ, ապա թող չամուսնանա:

Կոմսը խնդրեց նրան, որ պատմի, թե վերջինս ինչպիսին է եղել:

Պատրոնիոն ասաց, որ ինչ-որ քաղաքում մի բարի մարդ էր ապրում, որը որդի ուներ՝ հրաշալի մի երիտասարդ, բայց այնքան հարուստ չէր, որ իրագործեր իր սրտի կամեցած բոլոր մտադրությունները: Այդ պատճառով նա մեծ մտահոգության մեջ էր, որովհետև կամքը կար, իսկ կարողություն չկար:

Նույն այդ քաղաքում տղայի հորից ավելի ազնվատոհմիկ և հարուստ մի ուրիշ մարդ էր ապրում, որն ընդամենը մի դուստր ուներ: Վերջինս նշված երիտասարդի հակապատկերն էր. որքան երիտասարդի պահվածքը բարեկիրթ էր, այնքան այդ բարի մարդու դստեր պահվածքը վատն էր ու անհնազանդ: Դրա համար աշխարհում ոչ մի տղամարդ չէր ցանկանում ամուսնանալ այդ դևի հետ:

Մի օր այդ լավ երիտասարդը եկավ հոր մոտ և ասաց, որ ինքը լավ գիտի. այնքան հարուստ չէ, որ կարողանա պատվավոր կյանք վարել, ու քանի որ կա՛մ պետք է զրկանքներով լի թշվառ կյանք ապրի, կա՛մ լքի քաղաքը, լավագույն լուծումն իր կարծիքով ամուսնությունը կլիներ, որի միջոցով կհաղթահարեր այդ իրավիճակը: Հայրն ասաց, որ իր սրտով կլինի, եթե նա կարողանա համապատասխան կին գտնել: Այդ ժամանակ որդին ասաց, որ եթե հայրն ուզում է, թող իր համար խնդրի այն բարի մարդու դստեր ձեռքը: Այդ լսելով՝ հայրն ապշած մնաց ու հարցրեց, թե դա ինչպես է մտքով անցել. չէ՞ որ այդ աղջկան ճանաչող այնպիսի տղամարդ չկա, որը, ինչքան էլ աղքատ լինի, ցանկանա նրան կնության առնել: Որդին, սակայն, խնդրեց գլուխ բերել այդ ամուսնությունը: Եվ այնքան պնդեց, որ հայրը, որքան էլ զարմացած էր, համաձայնեց:

Այսպիսով՝ նա գնաց այն բարի մարդու մոտ (նրանք լավ ընկերներ էին) և ամեն ինչ պատմեց իր որդու մասին՝ խնդրելով, որ նա համաձայնի աղջկան կնության տալ, քանի որ իր որդին համարձակվում էր ամուսնանալ նրա հետ: Երբ բարի մարդը լսեց ընկերոջ խոսքերը, ասաց.

– Աստծու՜ սիրուն, եղբա՛յր, եթե ես այդպիսի բան անեի, շատ կեղծ ընկեր կլինեի: Ախր Ձեր որդին լավն է, ու ես մեծ վատություն արած կլինեի, եթե թույլ տայի նրա դժբախտությունը կամ մահը, որովհետև վստահ եմ, որ, աղջկաս հետ ամուսնանալով, նա կամ կմեռներ, կամ մահը կյանքից կգերադասեր: Ու մի՛ մտածեք, թե Ձեր խնդրանքը մերժելու համար եմ ասում, որովհետև եթե ուզում եք, ես հաճույքով կտամ նրան Ձեր որդուն կամ յուրաքանչյուրին, ով նրան կտանի իմ տնից:

Ընկերը պատասխանեց, որ շատ երախտապարտ է նրա խոսքերի համար, և խնդրեց թույլ տալ այդ ամուսնությունը, քանի որ դա էր իր որդու կամքը:

Այդպես նրանք ամուսնացան, և նորահարսին իր ամուսնու տուն տարան: Իսկ արաբները սովորություն ունեն. նորապսակների համար ընթրիքի սեղան են պատրաստում և նրանց մինչև հաջորդ օրը տանը մենակ են թողնում: Այդպես էլ արեցին, բայց խնամիներն ու բարեկամները շատ էին վախենում՝ սպասելով, որ մյուս օրը փեսային մահացած կամ հյուծված կգտնեն:

Տանը մենակ մնալով՝ նորապսակները սեղանի մոտ նստեցին, և նախքան հարսը կհասցներ ինչ-որ բան ասել, փեսան սեղանի շուրջ նայեց, տեսավ շանը և կատաղությամբ ասաց.

– Շու՛ն, մեզ լվացվելու ջու՛ր բեր:

Շունը դա չարեց: Իսկ տղան սկսեց գազազել և ավելի մեծ կատաղությամբ հրամայեց, որ իրենց լվացվելու ջուր բերի: Իսկ շունը դա չարեց: Երբ տղան տեսավ, որ շունն իր ասածը չի անում, ցասումով վեր կացավ սեղանի մոտից, թուրը բռնեց և ուղղվեց դեպի շունը:

Երբ շունը տեսավ, որ սա իր վրա է հարձակվում, սկսեց փախչել, փեսան էլ հետևից ընկավ: Երկուսով կտորների, սեղանի և կրակի վրայով ցատկելով՝ այնքան վազեցին, մինչև որ տղան հասավ շանը, կտրեց գլուխն ու թաթերը, լրիվ կտոր-կտոր արեց և արյունոտեց ամբողջ տունը, սեղանն ու հագուստը:

Եվ այսպես, շատ ցասկոտ և արյան մեջ կորած, կրկին նստեց սեղանի մոտ ու նայեց իր շուրջը, կատվին տեսավ և ասաց, որ իրենց լվացվելու համար ջուր բերի: Քանի որ վերջինս դա չարեց, տղան ասաց.

– Ինչպե՜ս թե, պարոն կեղծավոր դավաճան: Չտեսա՞ր, թե ինչ արեցի շանը, որը չուզեց կատարել իմ հրամանը: Աստծուն եմ երդվում, որ եթե մի անգամ էլ համառես, քեզ նույն բանը կանեմ, ինչ շանը:

Կատուն ոչինչ չարեց, որովհետև ինչպես շան, այնպես էլ իր սովորությունների մեջ չի մտնում լվացվելու համար ջուր բերելը: Եվ քանի որ նա ոչինչ չարեց, տղան վեր կացավ, կատվի թաթերից բռնեց, պատով խփեց ու նրանից ավելի քան հարյուր կտոր արեց՝ ավելի մեծ ցասում ցուցաբերելով, քան շան դեպքում էր:

Եվ այդպես, կատաղի ու ցասկոտ քայլերով նորից նստեց սեղանի մոտ ու զննեց շուրջբոլորը: Կինը, տեսնելով նրա արածները, մտածում էր, որ նա գիժ է կամ խելքը թռցրել է, և ոչինչ չէր ասում:

Շուրջբոլորը նայելով՝ տղան տեսավ իր ձիուն՝ իր միակ ձիուն, որը տանն էր գտնվում, և կատաղած հրամայեց, որ ձին իրենց լվացվելու ջուր բերի: Իսկ ձին դա չարեց: Երբ տղան տեսավ, որ ձին ջուրը չի բերում, ասաց.

– Ինչպե՜ ս թե, պարոն ձի: Ձեր կարծիքով, քանի որ ուրիշ ձի չունեմ, կհանդուրժե՞մ, որ իմ հրամանը չկատարեք: Ուրեմն իմացա՛ծ լինեք, որ եթե Ձեր սև բախտից հրամայածս չանեք, երդվում եմ Աստծուն, որ Ձեզ մյուսների նման սարսափելի մահով կսատկացնեմ, և աշխարհում այնպիսի կենդանի էակ չկա, որ իմ հրամանին չենթարկվի, ու ես նույն ձևով չվարվեմ:

Ձին տեղից չշարժվեց: Եվ երբ տղան տեսավ, որ ձին իր հրամանը չի կատարում, բռնեց նրան, գլուխը կտրեց և հնարավորինս մեծ ցասմամբ նրան ամբողջովին կտոր-կտոր արեց:

Երբ կինը տեսավ, որ նա սպանում է իր միակ ձիուն և ասում է, որ նույնը կանի յուրաքանչյուրի հետ, ով իրեն չենթարկվի, արդեն մտածեց, որ նա չի խաղում, և այնպես վախեցավ, որ չգիտեր՝ ողջ է, թե մեռած:

Իսկ տղան, այդպես կատաղի, ցասկոտ ու արյան մեջ կորած, նորից նստեց սեղանի մոտ՝ երդվելով, որ եթե տանը հազար ձի, տղամարդիկ ու կանայք լինեին և չկատարեին իր հրամանը, բոլորը մեռած կլինեին:

Եվ նստեց ու արնոտ թուրը գրկին՝ շուրջբոլորը նայեց. երբ այս ու այն կողմ նայեց և ոչ մի կենդանի էակ չտեսավ, աչքերը հառեց իր կնոջն ու թուրը ձեռքին՝ մեծ կատաղությամբ և ցասմամբ ասաց նրան.

– Վե՛ր կացեք և ինձ լվացվելու ջու՛ր բերեք:

Եվ կինը, սպասելով, որ իրեն ուր որ է՝ կտոր-կտոր է անելու, շատ արագ վեր կացավ և նրան լվացվելու ջուր բերեց: Իսկ ամուսինն ասաց.

– Ա՜խ, փա՜ռք Աստծո, որ իմ ասածը կատարեցիք, թե չէ այս գժերն ինձ այնպես բարկացրին, որ նույնը Ձեզ էի անելու:

Իսկ հետո կարգադրեց, որ իրեն ուտելու բան տա, և կինն այդպես էլ արեց: Ու ինչ էլ որ ասում էր ամուսինը, այնքան կատաղած էր ասում, որ կնոջը թվում էր՝ ուր որ է՝ իր գլուխը կկտրի:

Այդպես էլ նրանք անցկացրին երեկոն. կինը մի բառ անգամ չէր ասում, միայն կատարում էր նրա հրամանները: Եվ երբ պառկել էին քնելու, ամուսինն ասաց.

– Այս երեկոյի զայրույթից քնել չեմ կարողանում: Տեսե՛ք, որ առավոտյան ինձ ոչ ոք չարթնացնի և ինձ մի լավ նախաճա՛շ պատրաստեք:

Երբ լույսը բացվեց, խնամիներն ու բարեկամները դռանը մոտեցան, և քանի որ ձայն չէր լսվում, կարծեցին, որ փեսան մահացած է կամ վիրավորված: Եվ երբ դուռը բացվեց, ու հայտնվեց հարսը՝ առանց փեսայի, նրանց կասկածներն ավելի ամրապնդվեցին: Իսկ հարսը, նրանց դռան մոտ տեսնելով, առաջ եկավ ու սարսափով ասաց.

– Խելագարնե՛ր, դավաճաննե՛ր, ի՞նչ եք անում և ինչպե՞ս եք համարձակվում գալ դռան մոտ և խոսել: Լռե՛ք: Ապա թե ոչ, ինչպես դուք, այնպես էլ ես, բոլորս կմեռնենք:

Այս խոսքերը լսելով՝ բոլորն ապշեցին և երբ իմացան, թե ինչ է պատահել, գնահատեցին երիտասարդին, որը կարողացել էր անել այն, ինչ անհրաժեշտ էր, և այդքան լավ կառավարել իր տունը:

Այդ օրից սկսած՝ նրա կինը շատ հնազանդ եղավ, և նրանք երջանիկ կյանք ապրեցին:

Դրանից մի քանի օր անց աները ցանկացավ իրեն փեսայի նման պահել և այդպես մի աքաղաղ սպանեց: Իսկ նրա կինն ասաց.

– Հե՜յ, պարո՛ն ֆլան-ֆստան, ուշ ուշքի եկաք. թեկուզ հարյուր ձի սպանեք, դա արդեն Ձեզ չի օգնի. շուտ պետք է սկսեիք, թե չէ հիմա իրար լավ ենք ճանաչում:

Իսկ Դուք, սենյո՛ր կոմս, եթե Ձեր ասած ծառան, որն ուզում է ամուսնանալ այդպիսի կնոջ հետ, այն երիտասարդին նման է, խորհու՛րդ տվեք, որ անվարան ամուսնանա, որովհետև նա կիմանա, թե ինչպես պահի իր տունը: Բայց եթե նա այնպիսին չէ, որ իմանա, թե ինչ անի, և իրեն ինչ է անհրաժեշտ, թող այդ հնարավորությունը բաց թողնի: Ու դեռ Ձեզ խորհուրդ կտամ, որ ում հետ էլ գործ ունենաք, միշտ մարդկանց հասկանալ տաք, թե ինչ ձևով պետք է վարվեն Ձեզ հետ:

Կոմսը սա լավ խորհուրդ համարեց, դրան համաձայն վարվեց և դրանից օգուտ քաղեց:

Եվ քանի որ դոն Խուանը սա լավ օրինակ համարեց, այն գրի առնել տվեց այս գրքում և գրեց այս երկտողը, որն ասում է.

– Եթե հենց սկզբից ցույց չտաս, թե ով ես, հետո էլ չես կարողանա, ինչքան էլ ուզես: 

© Թարգմանությունը` Հասմիկ Ամիրաղյանի

Spread the love