«Եղածը քանդելով` նոր ԱՏԳ-ը ստեղծելն անթույլատրելի է»

Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանի հետ զրուցել ենք Հրազդանի կիրճում գործող «Մերիդիան»` Ազատ տնտեսական գոտու մասին:

— Պարոն Գրիգորյան, Ազատ տնտեսական երևանյան գոտի` ԱՏԳ-ի մասին ժամանակին հայտարարել եք, թե «Ազատ տնտեսական գոտին չպետք է վերածվի «կադրային սինթեզի»: Մեր անհանգստությունը կապված է աշխատուժի և ֆինանսական հոսքերի ԱՏԳ տեղափոխմամբ»: Ձեր մոտից ոսկերիչների արտահոսք կա՞ դեպի ԱՏԳ:

— Այո´, ինչպես արտահայտել եմ մտահոգությունս, այդպես էլ` եղել է, ցավոք: Ամենափայլուն օրինակն են երկու ֆիրմաները, որոնք մինչ այդ արտադրություն էին հիմնել մեր արտադրական տարծքներում, հանգիստ, նորմալ աշխատում էին` օգտվում գործարանի բոլոր հնարավորություններից, ընդհուպ` մինչև հարկային և մաքսային խորհրդատվության հարցերից, ներքին օրենսդրությունների պարզաբանման, հաշվապահական հաշիվների շուրջ օգտակար խորհրդատվության, արտադրության բնագավառում օդի արտանետումների և ջրահեռացման գործում թունավոր ջրերի վերականգնման հարցերի լուծումներից: Այն կոոպերացիայով աշխատելու ցայտուն և արդյունավետ օրինակ էր, երբ պետք չէր, որ այդ ֆիրմաները բոլոր սարքավորումներն ունենային, այլ օգտվում էին Երևանի ոսկերչական գործարանի հանարավորություններից: Մինչդեռ` անհասկանալի ձևերով, երկուսն էլ տեղափոխվեցին ԱՏԳ: Այնտեղ ինչպե՞ս են ընթանում իրենց աշխատանքները, առայժմ չեմ հետաքրքրվել, բայց ըստ իս` իմանալով ԱՏԳ-ում տիրող իրավիճակը` շենքային, տարածքային, ենթակառուցվածքների պայմանները, պետք է որ բարեհաջող չլինի: Պետք է աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ, քանի որ ԱՏԳ-ն գտնվում է Երևանով անցնող միակ գետի ափին և կանաչ տարածքում, որտեղ էկոլոգիական խնդիրներին մեծ ուշադրություն է պետք դարձնել և օգնել այդ ընկերներին ինտեգրվելու նոր աշխատանքային տեղում:

Իսկ այն մասին, որ ահազանգում էինք, ԱՏԳ ղեկավարությունն էլ պաշտպանվում, թե այդ նպատակով չենք ստեղծվում, որևէ մեկիդ չենք խանգարի, կադրերին չենք վերցնի` ի չիք դարձան: Եվ այժմ էլ ունեմ ոչ պաշտոնական հայտարարություններ, որ որոշ ընկերներ էլ են ցանկանում տեղափոխվել և ամենակարևորը` ոչ թե իրենք են ցանկություն հայտնել, այլ իրենց հրավիրում են, համոզում, որ ԱՏԳ-ում աշխատեն:

— Այսինքն` այն ինչ նախատեսվում էր ստեղծել ԱՏԳ-ում. Ներգրավել 150 ընկերություն, ստեղծել մոտ 2000 աշխատատեղ և հասնել 200 — 250 մլն դոլարի չափով արտահանման, զուտ մինչ այդ արդեն իսկ գործող կորպորացիաներիդ հաշվի՞ն է փորձում կատարվել:

— Բնական է, որ այդ ամենը չի իրականացվի, մեկ — երկու ֆիրմաների ներգրավմամբ դրական տեղաշարժ չի լինի: Լավն այն է, որ այդ երկու ֆիրմաները ներքին շուկայում իրացում չեն կազմակերպում, ամբողջ արտադրանքն արտահանում են, ԵԱՏՄ շուկա փորձում մուտք գործել որպես երրորդ երկիր, վճարել բոլոր հարկերը, իսկ մենք փորձում ենք մտնել առանց լրացուցիչ հարկումների: Կադրային հարցում էր վնասը: Վատն այն է, որ որոշ ընկերներ չեն հասկանում, որ եղածը քանդելով նորը ստեղծելն անթույլատրելի է: Եվ բոլոր ներդրողները, որոնք գալիս են Հայաստան, նրանց հանդեպ համապատասխան պետական, իշխանական կազմակերպությունները պետք է համակողմանի և լուրջ մոտենան, որպեսզի չքանդվի եղածը:

— Պարոն Գրիգորյան, մինչդեռ նախորդ տարի, Նկարիչների միությունում կազմակերպված «Ոսկեգործություն — 2014» ցուցահանդեսից հետո կազմակերպել էիք սեմինար — քննարկում, որտեղ մանրամասն ներկայացվում էր ԱՏԳ-ի առավելություններն ու թերությունները: 

— Այո´, այնտեղ էլ մեր անհանգստությունը հայտնեցինք և´ ՀՀ, և´ ԱՏԳ ղեկավարություններին` առ այն, որ ԱՏԳ-ի ճիշտ կազմակերպման ձևը սխալ է ընտրված, մասնավորապես` կադրերի հետ կաված և շուկայի հարցերում: Խնդիրները չկարգավորվեցին, իսկ ԱՏԳ-ն գործում է` ի դեմս մինչ այդ արդեն իսկ կայացած կառույցների ու ձև անում, թե ստեղծում է նորը, որը շատ բացասական երևույթ է:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ.

Էմիլ Գրիգորյան. «ԵԱՏՄ մտնելու արդյունքում ռուսական շուկան կտրուկ նվազել է»

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20