«Ես Կարոն եմ». Ակցիա Երևանում՝ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգությունն ապահովելու կոչով

Turkia

Մայիսի 11-ին երիտասարդները ակցիա են կազմակերպում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց` սատարելով Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին և կոչ անելով ապահովել նրա անվտանգությունը:

Facebook սոցիալական ցանցում «Ես Կարոն եմ» խորագրով երթի անցկացման իրադարձություն է բացվել: Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է. «Այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ելույթում հարգեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ ելույթից հետո, խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց»:

«Նրա հասցեին հնչեցին նաև հայ լինելու վերաբերյալ հայհոյանքներ ու ռասիստական այլ արտահայտություններ: Թուրքական սոցցանցերում արդեն կոչեր են հնչում Կարո Փայլանին Հրանտ Դինքի պես սպանելու մասին: Կարո Փայլանի կյանքին վտանգ է սպառնում: Մենք մեր նախաձեռնությամբ ուզում ենք մեր աջակցությունը հայտնել հայազգի պատգամավորին, ով, իր կյանքը վտանգի տակ դնելով, Թուրքիայում խոսում է հայերի ցեղասպանության, հայապահպանության մասին: Մենք Կարոյի հետ ենք և հետևողական կլինենք, որ նրա կյանքին վտանգ չսպառնա: Այդ իսկ պատճառով դիմելու ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ՝ պահանջելով սթափության կոչ անել Թուրքիային, որ կատարի իր ստանձնած պարտավորությունները:

Կարճատև ցույցից հետո նամակ ենք հանձնելու. ՄԱԿ-ին պետք է հիշեցնել իր իսկ առաքելության մասին ու ստիպել, որ իր անդամ պետություններն էլ ընդունեն ու իրականացնեն իր կողմից պարտադիր պայմանները»:

Ակցիան կմեկնարկի մայիսի 11-ին` ժամը 13:30-ին, Հանրապետության Հրապարակի «Հայփոստ»-ի դիմացից խումբը կշարժվի դեպի ՄԱԿ-ի գրասենյակ,-ասվում է հայտարարության մեջ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.