Ես նամակ եմ գրել Դավիթ Հարությունյանին

- in Կարծիք
Davit Harutyunyan

Անցյալ շաբաթ ես էլեկտրոնային նամակ գրեցի Դավիթ Հարությունյանին։ Ինչպես որ խորհուրդ էր տվել Հովիկ Աբրահամյանը (ելույթը տեղադրված է կառավարության կայքում)։ Եվ իզուր տեղը սպասեցի պատասխանի։

Հնարավոր է, որ Դ. Հարությունյանի փոստը ծանրաբեռնված է, իմ նման շատ միամիտ մարդիկ են ցանկանում օգնել կառավարությանը։ Բայց «մեյլից» քիչ թե շատ գլուխ հանող ամեն մեկը գոնե ստանդարտ ինքնապատասխան կուղարկեր նամակագիրներին. «Շնորհակալություն նամակի համար, առաջարկությունների մեծ քանակի պատճառով Ձեզ կպատասխանենք x-օրյա ժամկետում»։

Այն, որ ոչ մի պատասխան չեղավ, մի բան է նշանակում. Քառօրյա պատերազմից հետո Հովիկ Աբրահամյանի ձեռնարկած գործողություններն այնքան ձևական են, որ նրա խոսքերին ուշադրություն չի դարձնում նույնիսկ իր աշխատակազմի ղեկավարը։
Ուրեմն, մեզ մնում է հանրությանը դիմելը, հրապարակային դիմումը, սովորականի նման։

Կառավարությունը նախաձեռնել է կրճատումներ, նախարարություններում խուճապ է սկսվել, ըստ մամուլի։ Բայց ինչո՞ւ կառավարությունը չի արել ամենաակնհայտ, ամենասպասվող քայլը՝ կրճատումը չի սկսել ոստիկանությունից։ Թե՞ կառավարությունում տեղյակ չեն վիճակագրությանը, որ ներկայացվել է հայկական մեդիայում։

2005-2013 թվականներին ՀՀ ոստիկանության կազմը ավելի քան կրկնապատկվել է ՝ 8875-ին հասնելով 18333-ի։ Հարյուր հազար բնակչին ընկնող ոստիկանների թվով մենք… առաջին տեղն ենք աշխարհում։ Հազար ոստիկա´ն։ Այդ ցուցանիշը «ԱՄՆ-ում 256 է, Գերմանիայում՝ 298, Բելգիայում՝ 373, Ավստրիայում՝ 326, Մեծ Բրիտանիայում՝ 307, Ճապոնիայում՝ 197, Ռուսաստանում՝ 285»։

Ինչի՞ համար։ Բավական չէ՞ միջոցներ վատնեք ձեզ հանրությունից պաշտպանելու համար։ Ամեն մի հանրահավաքից կամ երթից հետո քննարկվում է ոստիկանության բռնությունների իրավաչափությունը։ Իմաստ կա՞ «իրավաչափություն» գեղեցիկ բառը չարաշահել, երբ հանրահավաքի մասնակիցներին 2-3 անգամ գերազանցող ոստիկանների բուն քանակն է անիրավաչափ։

Հանուն արդարության պետք է ասեմ, որ ծառայողական մեքենաների կրճատման քայլը կառավարության կողմից ողջունելի է։ Բայց ո՞րն է մարդկանց աշխատանքից ազատելու տրամաբանությունը, ռազմավարությունը, և որևէ խոստում կա՞, որ կրճատումը ուղեկցվելու է զբաղվածության ծրագրերով։

Կրճատվողները վարորդ ու քարտուղարուհի, սպասարկող անձնակազմ են պաշտոնյաների համար, բայց նրանք նաև աշխատունակ տարիքի քաղաքացիներ են, որոնց ապագայի մասին հոգալու անհրաժեշտությունը հանրությունը չէ, որ պետք է հիշեցնի։

Նաև ոստիկանության դեպքում պետք չէ գնալ մարդկանց փողոց շպրտելու ճանապարհով։ Կարելի է, դիցուք, զինվորական պայմանագրային ծառայության հատվածն ավելացնել՝ համապատասխան պատրաստություն անցած կադրերին այնտեղ աշխատանք առաջարկելով։

Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանին գրած նամակիս, ես թարմացրել էի մի առաջարկությունս, որն արել էի դեռ Քառօրյա պատերազմից առաջ։ Որ բարձրաստիճան պաշտոնյաները աճուրդով վաճառեն ավտոմեքենաների «գոլդ» պետհամարանիշները՝ ծառայողական թե անձնական, ու միջոցները ուղղեն բանակի կարիքներին։

Դա ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական մեծ նշանակություն կունենա։ Կնշանակի, որ իշխանավորների արժեքային համակարգում պարզունակ, ողորմելի ցուցամոլությունն այլևս առաջին տեղում չէ։
Եվ վերջում՝ մի հարց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին։

Պարոն Հարությունյան, Դուք ծանո՞թ եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ոսկե մատյանին»՝ 100.000-ից մեկ միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատուների ցուցակին (էջ 119-124)։ Ինչպե՞ս է, որ հարյուրավոր նվիրատուների ցուցակում ընդամենը 10-15 անուն կա Հայաստանից։ Եվ ինչո՞ւ այդ ցուցակում չեն Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, Տարոն Մարգարյանը, ԱԺ շատ պատգամավորներ, որոնց հայտարարագրված ունեցվածքը միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ է կազմում։

Դա նշանակու՞մ է, որ Հիմնադրամի ծրագրերը կարևոր չեն, թե՞ նրանք կարծում են, որ Հայաստանն ու իր քաղաքացիները միմիայն հարստություն դիզելու միջոց են իրենց համար։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գրող, հրապարակախոս; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20