Եվրամիությունում Ռուսաստանը որակել են «ռազմավարական խնդիր»

- in Միջազգային
em

Միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարության նախագծում, որը մշակվել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գերատեսչության կողմից, Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները որակվել են որպես «ռազմավարական խնդիր»: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովին մոտ կանգնած EurActiv առցանց-ռեսուրսը:

«Ռուսաստանը, որքան ես հիշում եմ, նշվելու է որպես «ռազմավարական խնդիր»: Ո՛չ գործընկեր, ո՛չ էլ թշնամի, այլ ռազմավարական խնդիր, ինչը, ինչպես ես եմ կարծում, շատ լավ դիվանագիտական ձևակերպում է»,-ԶԼՄ-ները մեջբերում են եվրոպացի դիվանագետի խոսքը: Նա հայտնել է նաև, որ փաստաթղթի նախագծում միջազգային ասպարեզում ՌԴ-ի հետ ԵՄ-ի փոխգործակցությունը սահմանված է որպես «սահմանափակ համագործակցություն»:

Դրա հետ մեկտեղ դիվանագետը խոստովանել է, որ ԵՄ-ի մի շարք երկրներ այս ձևակերպումներն անհարկի կոշտ են համարում և կցանկանային մեղմացնել դրանք: Ընդհակառակը, ԵՄ-ի այլ անդամներ «պնդում էին, որ Ռուսաստանը պետք է ագրեսոր երկիր հայտարարվի Ուկրաինայի նկատմամբ»: Ավելի վաղ RIA Novosti-ի դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում հայտնել է, որ ԵՄ-ի 28 անդամ երկրների նախագահներն ու վարչապետերը հունիսի 28-29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն և, ինչպես սպասվում է, հավանություն կտան միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարությանը և, մասնավորապես, կորոշեն Եվրոպայի «ռազմավարական գործընկերներին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20