ԵՏՄ ճանապարհի ադրբեջանական ագրեսիան

- in Մամուլ
ETM

Աստանայում տեղի ունեցող ԵՏՄ Վեհաժողովի ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է անվտանգությանը, նշելով, որ տնտեսական տարածություններն արդյունավետ են, եթե դրանք անվտանգ են: Սարգսյանը այդ համատեքստում հիշատակել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, եւ ակնարկել դրա հանդեպ ԵՏՄ երկրների մեղմ ասած իներտ վերաբերմունքը:

Իրականում սակայն, այդ վերաբերմունքը եղել է ոչ թե իներտ, այլ թշնամական: ԵՏՄ երկրները սեփական դաշնակցին աջակցելու փոխարեն, ագրեսոր Ալիեւին չնեղացնելու համար չեղարկեցին Հայաստանում պլանավորված ԵՏՄ վարչապետների հավաքը:

Այդ առումով զարմանալի է, որ Սերժ Սարգսյանն այս անգամ չի խոսում «հեռախոս անգամ չվերցնելու» մասին, այլ իրավիճակին անհամարժեք զսպվածությամբ փորձում է դիվանագիտորեն շաղկապել Ադրբեջանի ագրեսիան դիմագրավելը ԵՏՄ շահին: Այսինքն, Սերժ Սարգսյանը փորձում է շաղկապել անշաղկապելին:

Բանն այն է, որ ԵՏՄ համար Հայաստանը «800 հեկտար» է, «չմշակված ու չցանված» մի տարածք, ինչպես Սերժ Սարգսյանի կուսակիցների համար «800 հեկտարը»: ԵՏՄ համար, ԵՏՄ «գաղափարախոս» Ռուսաստանի համար խնդիրն ընդամենն այն է, որ որեւէ մեկը Հայաստանը չմշակի, որ Հայաստանը հանկարծ բերք չտա:

Իսկ ահա Ադրբեջանը այն տարածքն է, որը ԵՏՄ համար ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանն ու Արցախը ԵՏՄ համար խայծն են, որով պետք է ձեռք բերվի այդ ռազմավարական նշանակության տարածությունը: Հետեւաբար, Ադրբեջանի ագրեսիան ԵՏՄ համար փոխանակման ենթակա ապրանք է, Ադրբեջանի ճանապարհը դեպի Արցախ՝ ԵՏՄ ճանապարհն է դեպի Ադրբեջան:

Եվ երբ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, թե անկայունությունն Արցախում կդիտվի անկայունություն ԵՏՄ-ում, ապա դա իհարկե որեւէ աղերս չունի իրականության հետ, որովհետեւ ԵՏՄ հետ որեւէ իրական տարածական կապ չունի Հայաստանը: Հայաստանը որեւէ մեկը չի դիտում ԵՏՄ անդամ: Հայաստանը ԵՏՄ անդամ չի էլ դարձել, Հայաստանը ԵՏՄ միջոցով պարզապես դուրս է բերվել քաղաքակիրթ աշխարհից:

Սերժ Սարգսյանի խոսքերը որեւէ արժեք չունեն Հայաստանին առ այսօր 200 միլիոնի սպառազինությունը չմատակարարող Ռուսաստանի, Ալիեւի բարեկամ Ղազախստանի եւ Բելառուսի համար, որովհետեւ նրանց բոլորի խաղադրույքը կատարված է Ադրբեջանի վրա, այն էլ վաղուց: Եվ ապրիլյան պատերազմից հետո նրանք բոլորը միարժեքորեն վերհաստատել են իրենց խաղադրույքը:
Ընդ որում, Երեւանն էլ մասնակցել է այդ գործընթացին, վարչապետի մակարդակով մեկնելով Մոսկվա, ուր տեղափոխվեց Ալիեւին չնեղացնելու համար Երեւանում չեղարկված ԵՏՄ վարչապետների հավաքը: Դրանից հետո առնվազն անհասկանալի է, երբ Երեւանը փորձում է անվտանգության բանեձեւեր մատուցել ԵՏՄ երկրներին, որոնք խորն արհամարանքով են վերաբերում այդ բանաձեւերին:

Հայաստանի իշխանությունը ԵՏՄ-ին անվտանգության բանաձեւեր փոխանցելու փոխարեն, պետք է վերանայի անվտանգության իր բանաձեւերը, միաժամանակ էական քայլեր ձեռնարկի անվտանգություն հասկացության հանդեպ հանրային ընկալումներն ու մոտեցումները վերանայելու համար, որոնց առանցքում պետք է լինի անվտանգության հարցում սեփական ուժին ապավինելը, սեփական ռեսուրսային գեներացիայի կայուն եւ հուսալի համակարգ կառուցելը:

Իսկ դա նշանակում է որակական արդիականացում, դա նշանակում է քաղաքակրթական բոլորովին այլ կանոններ Հայաստանում, որտեղ այդ կանոնները միայն իշխանական ճառերում չեն, այլ նաեւ պետական ու հանրային կենսագործունեության մեխանիզմներում:

Միայն այդօրինակ պետությունը, որը անվտանգության տեսանկյունից իրենից ներկայացնում է ինքնաբավ եւ ինքնիշխան կայուն համակարգ, կարող է ակնկալել աշխարհի որեւէ ուժային կենտրոնում իր դաշնակցային առաջարկների ու գաղափարների հանդեպ ուշադրություն եւ ընկալում:

ԵՏՄ-ն այն կառույցը չէ, որն ունակ է Հայասանից լսել անվտանգության առաջարկներ: Ավելին, ԵՏՄ-ն այն կառույցն է, որի նպատակներից մեկը Հայաստանի անվտանգունակությունը չեզոքացնելն է, Հայաստանի անվտանգության որեւէ առաջարկ հենց սկզբից, արմատից արժեզրկելը:

Եվ երբ Հայաստանը շարունակում է անվտանգության հույսեր տածել այդ կառույցի հետ, դա ԵՏՄ անդամների համար ցուցիչն է, որ Հայաստանի անվտանգության ռեսուրսի չեզոքացումը շարունակվում է իր արդյունավետ ընթացքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20