Երբ արդար գործի համար դիմում են զենքի …

- in Մշակույթ

«Տաղարանի»՝ մայիսի 20-ին կայացած համերգն ուներ «Նվիրում զինվորին» խորագիրը.

«Երջանիկ է նա, ով ընկել է մարտում հանուն հայրենի հողի,
Երբ արդար գործի համար նա դիմել է զենքի…»:

XIX դարասկզբի ֆրանսացի բանաստեղծ Շառլ Պեգիի խոսքերը բերելով որպես բնաբան այն մշակութային իրադարձության, որ տեղի ունեցավ երեկ Երևանում, ուզում եմ հաղորդել այն ոգին ու շունչը, որ բերում էր այն: Իսկ դա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգն էր, որ նվիրում էր զիվորին, նրան, որի աննկարագրելի արիության շնորհիվ պաշտպանվեց հող հայրենին, որի արարքը դեռ պիտի գնահատվի՝ որպես այդ վճռական ճակատամարտի բախտորոշ դրվագ, այն զիվորի, որ այսօր խրամատում է, առաջնագծին ու մարտերից ազատ պահերին սիրուն ծաղկեփնջեր կազմելով, երգը շուրթին՝ դրանք մեկնում է հեռվում գտնվող սիրելի մորն ու իրեն սպասող աղջկան, այն զինվորին, որ աճում է ու կոփվում ոգով՝ ականատեսն ու ժամանակակիցը լինելով մերօրյա հերոսամարտերի: Հայոց երգերն իրենցում ունեն ոչ միայն կարոտ ու թախծություն, ոչ միայն կորուստների մասին հուշ ու աղոթքներով լեցուն հուսառատ տենչեր, այլ նաև ամբարած զայրույթ ու հերոսական կանչեր… Ահա այդ երգերի բազմազանությամբ նշանավորվեց զիվորին ձոնված համերգը, որից, ինչպես և նախորդած համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախ աշխարհում սահմանին կանգնած մարտիկների կարիքները հոգալուն:

… Սրանից 26 տարի առաջ զրահամեքենայում ապաստանած տաղարանականները մուտք գործեցին մարտնչող ու աննկուն Արծվաշեն, որ սեպի պես խրված ոսոխի կոկորդում՝ պայքարում էր ու չէր ուզում հանձնվել: Այնտեղ դիմակայողը ոգի՛ն էր, իրենց արդարությանը հավատացող մարդկանց ոգի՛ն, ու այն բորբոք պահելու, սփական աջակցությունը մարտիներին բերելու համար «Տաղարանի» կազմը հայտնվեց կրակի գծում: Հիմա դարձյալ կարծես երաժիշտները կրակի գծում էին, երբ պատրաստվում էին այս արտահերթ համերգին՝ հատուկ ընտրված ծրագրով ու նպատակադրմամբ: Եվ եթե (հայտնի ճշմարտություն է) մեծ արվեստագետը պետք է ծառայի մեծ նպատակների, ապա այսօրվա մեծագույն նպատակներից է հայրենիքի պաշտպանությունն ու ամբողջականությունը, հետևաբար՝ արվեստագետների միտքը, ջանքը, շնորհքը պետք մեծապես ուղղված լինի դրան: Սրանով է առաջնորդվում հնագույն երաժշտությունը բարձրարվեստ ներկայացնող համույթի գեղարվեստական ղեկավարը՝ համերգային բազում ծրագրեր կազմելիս, հայկական երաժշտական գանձարանից առնված երգերի ու մեղեդիների նորանոր մշակումներն անելիս ու հանդիսկանին ներկայացնելիս: Այս համերգին «Տաղարանը»՝ Մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ, կատարեց ոչ միայն հայրենատենչ ու ռազմակոչ պարունակող երգեր ու նվագներ, այլև սիրո, արարման երգեր՝ ցույց տալով ևս մի անգամ՝ հայրենիքը պանծացվում ու ամբողջանում է ոչ միայն կռվով, այլ մարդկային սիրով, ամենօրյա տքնանքով ու անքննելի հավատով:

Sedrak ErkanyanՀամերգային մուտքն, ինչպես ավանդաբար արվում է «Տաղարանի»՝ հայ ազգային-ժողովրդական երաժշտական արվեստը ներկայացնող համերգներին, դարձյալ նշանավորվեց «Զեբագիի» կատարմամբ, որ վաղուց արդեն կարծես դարձել է այս համույթի ոչ պաշտոնական հիմներգը: Այն իրենում ունի թե՛ ցնծություն, թե՛ աննկուն լավատեսական հնչողություն, թե՛ դեպի հաղթություն տանող կանչեր: Առաջին ծափերը հնչեցրին համերգին հատուկ հրավիրված զինվորական համազգեստով երիտասարդները, որ մարշալ Արմենակ Խամփերյանի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ էին:

«Հարգելի՛ հանդիսատես, հարգելի՛ զիվոր եղբայրներ,- համերգային առաջին ելույթից հետո կարճ խոսքով հանդիսականին դիմեց Մաեստրոն.- այս ստեղծագործությունը, որ լսեցիք, մեր հնագույն, ավանդական հարսանեկան պարեղանակներից մեկն է՝ «Զեբագին»: Ես շատ կուզենայի, որ այսօր շահարկվող մետրեր, կիլոմետրեր, սանտիմետրեր հողատարածքների ընդդիման՝ դուք, մենք, բոլորս մեր հաղթական հարսանիքները տոնեինք այդ սահմանագծում»:

Պերճ Քարազյանի թավշե տենորով հնչեց «Իմ հայրենիք զիս կը կանչէ» կոչը, և հայրենականչի այս ոգին, որ հնուց է գալիս, հայ նոր սերնդի շուրթի երգն ու ոգու զորությունն է խորհրդանշում: Այս երգը ևս մի վկայությունն է նրա, որ մենք արցունքին միախառն երգերի հետ ունենք ազգի բարձր ու հաղթական ոգին կրող ու դեպի հերոսացում կոչող երգեր: Եվ դրանց մեջ շատերը՝ մոռացված, նոր փայլով ներկայացվում են այս համույթի կողմից:

Գեղջկական նվագների նորօրյա մշակումները՝ սիրուց տոչորվող հոգիների հույզ ու կարոտի, կանչ ու ափսոսանքի պարզ ու մանրիկ, բայց արտահայտիչ պատումներով, լցրեցին համերգային սրահը զվարթությամբ. դրանք էին «Աղջի Հոռոմը»՝ Պ. Քարազյանի, «Լուսնյակը ցոլաց գնաց»-ն ու «Ջաղացս պատիկ-պատիկ»-ը՝ Լուսինե Մարկոսյանի կատարմամբ: Հարուստ, գեղեցիկ ձայնով երգչուհին, որն աչքի է ընկնում դասական երաժշտական ստեղծագործությունների ուրույն մեկնությամբ, նույն հաջողությամբ և խորությամբ ներկայացնում է ժողովրդական երգերն ու մեղեդիները: Դրանցից է նաև «Վերին արտերու գարին» երգը, որ երկանյանական մշակմամբ հնչում է իրոք որ դասական ստեղծագործության որակներով:

Իսկ «Վզնոցդ ես եմ նախշել» սիրերգը երգիչ-երգչուհիներ՝ Պերճ Քարազյան, Մարինա Զալինյան, Լուսինե Մարկոսյան, Հովսեփ Նշանյան հրաշալի քառյակի ձայնասփյուռով մի սիրուն պատում է՝ անմեղ ու թերևս կորուսյալ աշխարհից եկած, մեզ հասած, որի նվագները այնքան գուրգուրանքով պեղում և նոր փայլով հանրությանն է ներկայացնում համույթի գեղարվեստական ղեկավարը:

Երգերին զուգընթաց հնչեցին պարեղանակների նորօրյա մշակումների շարքից «Իլիկներով պարը», որ կատարեց երաժշտախումբը: Սայաթնովյան հանրահայտ «Դուն էն հուրին ես» նվագն էլ՝ Ս. Երկանյանի նորերս արած գործիքավորմամբ, կատարեց քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը:

«Կոմիտաս վարդապետին» ձոներգը, որ հեղինակել է աշուղ Քիշոն, դարձյալ անցել է Մաեստրոյի մշակման ու գործիքավորման «քուրայով» և առել առանձին փայլ՝ միջնադարյան հոգևոր նվագների հնչողություն, ինչը և քնքշորեն, միաժամանակ մեղմ հանդիսականությամբ առաջին անգամ այս համերգին ներկայացրեց երգչուհի Մարինա Զալինյանը:

Բայց երեկոյին գերակշռողը, բնականաբար, հարենասիրական երգերն էին: Իր բարիտոնով «Բամփ որոտանի» խրոխտ կանչերն արեց Հովսեփ Նշանյանը, «Հայ ապրինք, եղբարք» և «Ազատության մարտիկներին» ստեղծագործությունները հնչեցին քառաձայն՝ իրար փախանցվող դերերգերով և կամ խմբով:

Ինչպես Մաեստրո Ս. Երկանյանն է բնորոշում այս համերգին մասնակցությունը, «այն սեփական ու իրական խոնարհումն ու աջակցությունն է հայ զինվորին»: Համերգային երեկոյին հնչեց երաժշտություն, որ գալիս էր սրտից և ահա թե ինչու անխոչընդոտ գնաց դեպի սրտերը, նաև նրանց, ովքեր հեռու են՝ սահմանին, խրամատներում…

Հասմիկ Սարգսյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20