Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով բոլոր ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչել

- in Իրավունք
Atrchanak

Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում բոլոր երեք ամբաստանյալները՝ «Գաստիկ» մականվամբ Վահան Հակոբյանը, «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանն ու «Ծգլ» մականվամբ Սարգիս Գրիգորյանը հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքում: «Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ նրանք միաժամանակ օգտվել են իրենց իրավունքից ու հրաժարվեցին հարցերին պատասխանելուց:

Մասնավորապես, ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի  «ԱԿՄ »   տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի  ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

Ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը տեղում, իսկ Լ. Ղազարյանն ու Դ. Թադևոսյանը  «Էրեբունի»  բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նախաքննական մարմինը որպես սպանության դրդապատճառ նշում է այն, որ Վահան Հակոբյանը «լարված, անբարյացակամ, գժտված վիճակում» է եղել Լևոն Ղազարյանի ու նրա շրջապատի հետ և, ըստ մեղադրական եզրակացության, սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված:

Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, նախ կհարցաքննվեն վկաները, ապա տուժողների իրավահաջորդները, ամբաստանյալները, վերջում կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20