Զինադադարի խախտման պատճառը Հայաստանը թույլ օղակ դարձնելու Ադրբեջանի փորձն էր

Tomas de Vaal

Հայաստանն ու Ադրբեջանը 2 կամ 3 քայլ են հեռու Բոսնիայի ոճով հակամարտությունից, որը կարող է վտանգավոր դառնալ առավել մեծ տարածաշրջանի համար: 

Politico Europe պարբերականում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել Քարնեգի հիմնադրամի` Հարավային Կովկասի հակամարտությունների ու քաղաքականության հարցերով վերլուծաբան, քաղաքագետ Թոմաս դե Վաալը:

«Ապրիլի քառօրյա բռնությունը ապասառեցրել է Լեռնային Ղարաբաղի մի ամբողջ սերունդ տևող հակամարտությունը: Նոր զինադադար է կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն այն փխրուն է և արդեն իսկ խախտվել է, և ցանկացած պահի առավել մեծ կռիվ կարող է բռնկվել», – գրում է վերլուծաբանը` ընդգծելով, որ 1994-ին կնքված զինադադարը պետք է նախերգանքը դառնար խաղաղության համաձայնագրի, որն այդպես էլ չստեղծվեց:

«Հրադադարը լարված իրավիճակում է եղել վերջին տարիներին: Այդ ընթացքում Ադրբեջանը կառուցել է ծանր զինտեխնիկայի իր պահեստը, որի արդյունքում կողմերը հայտնվեցին առավել ծայրահեղ հակամարտության կենտրոնում, քան 1990-ականներին, և հրադադարը վերջնականապես խախտվեց ապրիլի 2-ին: Պատճառը, հավանաբար, Հայաստանի պաշտպանունակությունը ստուգելու և նրան բանակցություններում թույլ օղակ դարձնելու Ադրբեջանի փորձն էր»,- ընդգծում է հոդվածագիրը:

Թոմաս դե Վաալը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերը  բանակցային գործընթացում «անվտանգության երաշխիքներ» ապահովելու գործում, սակայն չի բացառում հակամարտության էսկալացիան:

«Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք այն կանխակալ կարծիքին, որ Ռուսաստանը կարող է լրացնել այդ անվտանգության բացը և կարգավորել հակամարտությունը:

Ռուսաստանյան պաշտոնյաների ջանքերով ապրիլի 5-ին իսկապես զինադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն Ռուսաստանը շատ քիչ բան է արել այդ օրվանից ի վեր: Ռուսաստանը զենք է վաճառում երկու կողմին էլ: Ադրբեջանի սպառազինման 85 տոկոսը Ռուսաստանից է գալիս, մինչդեռ ՌԴ-ն Հայաստանի ռազմական դաշնակիցն է: Այս հավասարակշռման խաղը նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող սահմանել Ղարաբաղյան օրակարգը: Այսպիսով` այն ընդունված կարծիքը, որ «եթե իրավիճակը բարդանա, Ռուսաստանը կկարգավորի այն», տեղին չէ: Սա մարտահրավեր է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնցից և ոչ մեկը բավարար ջանքեր չի գործադրել հավասարակշռված միջազգային ծրագիր առաջարկելու համար», – եզրափակում է դե Վաալը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.