Զինվորը բացահայտեց մեծ սուտը

- in Մամուլ
Serj Sargsyan

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով 800 հեկտար տարածքի խնդրին, որի մասին հայտնի հայտարարություններն արել էր Սերժ Սարգսյանը, արտահայտել է բավականին ուշագրավ դատողություններ:

«Ոչ թե ընկնենք սխալների հետևից, ավելի կարևոր հարցեր կան, քան այն, ինչի վրա կենտրոնացել եք: Այսօր դրված է Հայաստանի ու ԼՂ ապագայի խնդիրը, այս գիտակցությունը շատերի մոտ պակասում է: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը պատասխան է պահանջում պետական այրերից՝ իրենց ստերի համար, բայց այս պահին կան ավելի կարևոր գործեր: Մենք պետք է կարողանանք այս պատերազմից հաղթանակած դուրս գալ», հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:

Փաստորեն, պետական տարածքային կորուստը նրա համար սխալ է, որի հետեւից ընկնել չարժե: Ըստ երեւույթին, արժե ընկնել խորհրդարանական մանդատների հետեւից, որոնց բաժանման կամ վերաբաժանման աշխույժ փուլը Հայաստանում մեկնարկել է վաղուց: Ի վերջո, այդ 800 հեկտարն իսկապես չեն կարող ունենալ նույնիսկ 8 մանդատի նշանակություն: Հետեւաբար, իսկապես սխալ է թողնել մանդատներն ու ընկնել մի քանի հեկտարի հետեւից: Եվ ոչինչ, որ այդ հեկտարները պաշտպանելու համար ադրբեջանական ագրեսիայի դեմ կռվել ու զոհվել են տասնյակ զինվորներ:

Լեւոն Զուրաբյանն ուրախ է, որ հասարակությունը պետական այրերից պատասխան է պահանջում ստերի համար, բայց ըստ նրա կան ավելի կարեւոր խնդիրներ, որոնք պետք է լուծել:

Հետաքրքիր է, թե որոնք են այդ կարեւոր խնդիրները եւ արդյոք որեւէ պետական կարեւոր խնդիր լուծելու համար կարող է լինել պետական սուտը արմատախիլ անելուց առավել առաջնային նախադրյալ: Որեւէ պետական խնդիր, անվտանգության որեւէ խնդիր լուծելու համար նախ պետք է հասնել նրան, որ իշխող համակարգը դադարի ստել:

Հայաստանի պետականության առանցքային խնդիրը հանդիսացել է հենց այն, որ այդ պետականության հիմքում դրվել է ոչ թե ինքնիշխանության եւ իրավունքի գիտակցումը, գաղափարը, այլ սուտը՝ իշխանության ձեւավորման հիմքից մինչեւ գործունեության մետաստազներ: Համատարած սուտը հայկական պետականությունը վերածել է տկար, անկամ մի օրգանիզմի, որի միակ ռեսուրսը մնացել է մարդկային կյանքը:

Այժմ հասարակությունը պատասխանատվություն է պահանջում հենց հիմքի, այսինքն ստի համար: Դա իհարկե անհանգստացնող է բոլոր այն սուբյեկտների համար, որոնք այս կամ այն կերպ, այս կամ այն ժամանակաշրջանում առնչություն են ունեցել Հայաստանի Հանրապետության հիմքում այդ երեւույթի արմատավորմանը:

Զուրաբյանն իրավացի է, որ պետք է կարողանալ հաղթանակած դուրս գալ պատերազմից, բայց դրա համար առաջնային պայմանը չստելն է: Ի վերջո, պատերազմը նաեւ հենց այդ ստի հետեւանք է, այն ստի, որ մատուցվում էր Հայաստանի հասարակությանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ի, ԵՏՄ անշրջելիության, ոչիշխանական բեւեռի անկասելիության համատեքստում, այն ստի, որ Հայաստանի հասարակությանը մատուցվում էր Հայաստանի եւ Արցախի անվտանգության մասին: Այդ պատերազմը ներքաղաքական կարգախոսների սուտ քողի տակ Ռուսաստանին կայսերահպատակ հավատարմության համար ծավալված պայքարի հետեւանք էր, երբ Հայաստանի իշխանությունն ու չիշխանությունը մարտնչում էին Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնելու «ոսկե մեդալի» համար:

Այդ ստի միջոցով Հայաստանի սուբյեկտությունը համատեղ ոչնչացնելու հետեւանքն էր այն, որ հենց ԵՏՄ անդամակցությունից ի վեր Ադրբեջան սկսեց ինտենսիվ թեժացնել իրավիճակը շփման գծում, հետեւողականորեն, քայլ առ քայլ, միաժամանակ ձեռքով պարբերաբար ստուգելով ԵՏՄ այդ զարկերակը՝ գործում է, թե ոչ: Պատահական չէր, որ անգամ քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը մի ձեռքը պահել էր ԵՏՄ զարկերակին, որը փաստորեն հուսախաբ չարեց Բաքվին, վերահաստատելով, որ այդ մասով Ադրբեջանը կարող է հանգիստ լինել՝ ԵՏՄ-ն իր հուսալի դաշնակիցն է:

Ապրիլյան պատերազմը բացահայտեց մեծ սուտը, հայ զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով կասեցրին ոչ միայն Ադրբեջանի ընթացքը դեպի Արցախ, այլ նաեւ ստի ընթացքը Հայաստանի ներսում:

Այժմ սահմանին կատարվում են ամրացման ինժեներական աշխատանքներ, իսկ թիկունքում փաստորեն սկսվել են ստի ամրացման ինժեներական աշխատանքները, վերացական կարգախոսների ներքո կուլիսային գործարքային քաղաքականության ավանդույթները:

Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանը հենց օդից տվեց անհրաժեշտ մեսիջները՝ «պատրաստվեք, գալիս եմ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20