Զոհվել են, որովհետև` ի տարբերություն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի, այդ տարածքը համարել են կարևոր

- in Մամուլ
Serj Putin

«Պետք է խոսենք՝ ի՞նչ կորցրեց եւ եթե չկորցներ ի՞նչ կշահեր դրանից: Եթե դա հետ վերցնեինք, դրանից ինչ կկորցնեինք մենք: Ինձ թվում է, դրան պետք չի այդպիսի մեծ նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը 1-2 օրվա խնդիր էր, բայց դրա հետեւանքները շատ ծանր կարող էր լինել: Եվ այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող եւ ամայի տարածքներ: Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա»: Սրանք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերն են:

Ընթերցողի համար իհարկե պարզ է, որ խոսքը այն 800 հեկտարի մասին է, որի վերաբերյալ խոսել է Սերժ Սարգսյանը: Իշխանության տարաբնույթ ներկայացուցիչները կրկնում են այն, ինչ ընդհանուր ձեւակերպումով ասել է Սերժ Սարգսյանը: Եվ որքան շատ են կրկնում, այնքան այդ հայտարարությունները վերածվում են իշխանության ինքնախոստովանական ցուցմունքի, միաժամանակ ի ցույց դնելով նաեւ աղետալի մտածողության մասշտաբը՝ որ իշխում է Հայաստանում: Ու ակնհայտ է դառնում, որ ապրիլի քառօրյա պատերազմում պետության համար կյանքը զոհաբերած երիտասարդները հակառակորդի զոհ են դարձել այն պատճառով, որ պետությունը դարձել է «էլիտայի» աղետալի մտածողության զոհը:

Որովհետեւ, եթե այդ մտածողությունը չլիներ աղետալի, հակապետական, Հայաստանում արդեն պետք է քննություն սկսված լիներ իշխանության հայտարարությունների հիման վրա: Քննություն առնվազն պարզելու այն, թե որքա՞ն զինվոր է զոհվել քառօրյա պատերազմում այդ 800 հեկտարի վրա: Ադրբեջանցիների ձեռքում կարծես թե հայտնվել էին հայ զինծառայողների մի քանի տասնյակ դիակներ: Դա նշանակում է, որ նրանք կյանքի գնով, մինչեւ վերջ կռվել են այն 800 հեկտարի համար, որը Հայաստանի իշխանությունը ներկայում հայտարարում է անկարեւոր:

Իշխանությունը փորձում է իր հակապետական հայտարարություններն արդարացնել մարդասիրական քողով, իբր չարժեր այդ տարածքը հետ բերելու համար վտանգել կյանքեր: Ենթադրենք, որ չարժեր: Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ արժե՞ր վտանգել կյանքեր այդ տարածքը պահելու համար: Իսկ դրանք վտանգվել են, իսկ տասնյակները՝ նաեւ զոհվել:

Զոհվել են, որովհետեւ ի տարբերություն Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի, այդ տարածքը համարել են կարեւոր: Կարեւոր են համարել, որովհետեւ ի տարբերություն իշխող այդ «էլիտայի», տարածքի կարեւորությունը չեն չափել մշակածով ու ցանածով, նրանց մտածողությունն ու գիտակցությունը, պետության զգացողությունն ու ընկալումը եղել է բազմապատիկ ավելի բարձր, կամ պարզապես բարձր, ի տարբերություն այդ «էլիտայի»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքերից պարզ է դառնում, որ այդ «էլիտայի» համար կարեւոր է պետության այն տարածքը, որի «մեջ փող կա», որը «վարած է ու ցանած»:

Բայց դա չափազանց պարզ իրողություն է վաղուց, ըստ այդմ ներկայում այդ կապակցությամբ անպատասխան հարցեր այլեւս չկան: Կա հարց, թե ինչու՞ է «անկարեւոր» տարածքում զինվոր եղել ու կռվել, ինչու՞ նրան հետ չեն բերել տարածքից եւ այդպիսով խնայել կյանքը, եթե այսօր խոսվում է, թե տարածքը հետ չեն բերում զինվորների կյանքը խնայելու համար:

Փաստացի, տեղի է ունեցել գիտակցված կամ հանցավոր անգիտությամբ կատարված զոհաբերություն, որի համար պետք է լինեն պատասխանատուներ: Եվ առաջինը պետք է դրա համար հանրությանը պատասխան տան մարդիկ, ովքեր հայտարարում են, թե դրանք չեն եղել կարեւոր տարածքներ:

Պատերազմի ընթացքում տարածքի կորուստը միանգամայն հավանական բան է: Այն, որ այդ տարածքը հետ վերադարձնելու նպատակահարմարությունն առնվազն ժամանակի, ռեսուրսների եւ այլ մարտավարական խնդիրների տեսանկյունից քննարկելի է, իսկ ռազմավարական առումով էլ գուցե քննարկումների մի զգալի մասը գաղտնիության արժանի, նույնպես անտրամաբանական չէ: Ի վերջո, տարածքային կորստի միջով անցել են պատերազմներ տեսած տասնյակ ժողովուրդներ, անգամ հաղթող ժողովուրդներ: Այդ ամենը ժամանակի եւ տարածության մեջ ունի նույնիսկ հարաբերականություն:

Բուն խնդիրն այն վերաբերմունքն է, այն մոտեցումը, որ ցուցաբերում է իշխանությունը, փորձելով խուսափել պատասխանատվությունից: Բանն այն է, որ երբ այդ տարածքների ամեն մետրի ազատագրման համար զոհվել են տասնյակ եւ հարյուրավոր մարդիկ առաջին պատերազմի ընթացքում, երբ ամեն մետրը պահելու համար զոհվել են տասնյակ երիտասարդներ երկրորդ պատերազմին, դրանք անկարեւոր հռչակելը եւ հանրությանը հորդորեն՝ ուշադրություն չդարձնել, հակապետական եւ հակաբարոյական երեւույթ է:

Եվ հենց այստեղ է խնդիրը՝ իշխող հակապետականությունն ու անբարոյականությունը, ոչ թե տարածքի այս կամ այն չափը, այլ պետության տարածքի հանդեպ վերաբերմունքը եւ պատասխանատվության աստիճանը: Այդտեղ է խնդիրը, որը նույնիսկ ոչ թե հուշում է, որ այդ մտածողության տեր «էլիտան» ի զորու չէ որեւէ տարածքային կորուստ, միլիմետր անգամ վերականգնել, այլ սպառնում է, որ այդ «էլիտան» ի վիճակի է նույնքան թեթեւ խղճով ու դեմքի անբռնազբոս արտահայտությամբ «ապահովել» նոր կորուստներ:

Այստեղ է առանցքային հարցն ու վտանգը: Եվ այդ վտանգից, ոչ թե հաճույքից է, որ հասարակությունն անում է ներկայիս հարցադրումները եւ պահանջում պատասխան, քանի որ այդ պահանջներն են, որ պետք է անվտանգության երաշխիք լինեն հայ զինվորի ու սպայի համար, ոչ թե հակապետականության «փաստարկի» վերածվող մարդասիրական երեսպաշտությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20