Էմիլ Գրիգորյան. «ԵԱՏՄ մտնելու արդյունքում ռուսական շուկան կտրուկ նվազել է»

- in Տնտեսական

Երևանի ոսկերչական գործարան – «Գնոմոն»-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանի հետ զրուցում ենք այս ձեռնարկության, ոսկեգործության ոլորտում ու դեպի ԵԱՏՄ արտահանման հարցում հիմնախնդիրների, ներքին շուկայում մրցակցության և Ազատ տնտեսական գոտու մասին:

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս են գործերը Երևանի ոսկերչական գործարանում, ինչպիսի՞ն էր անցած 2015 թ.-ը` նախորդ տարվա համեմատությամբ:

– Աշխատանքներն ընթանում են նույն տեմպով, տրամաբանությամբ, բայց ընդհանուր առմամբ, վիճակը բավական բացասական է. ԵԱՏՄ մտնելու արդյունքում ռուսական շուկան կտրուկ նվազել է` ռուբլի – դոլար, դրամ – ռուբլի հարաբերակցության պատճառով: Շուկայում տեղաշարժը բավական քչացել է, հասարակությունների գնողունակությունը պակասել է` առևտուրը շատ սահմանափակվել: Փաստորեն` այն լավագույն սպասելիքները, որ ունեինք ԵԱՏՄ մտնելու կապակցությամբ, դեռևս չեն իրագործվել: Հուսանք, որ ամեն բան կկարգավորվի և կընթանա դեպի լավը, սակայն ընդհանուր առմամբ կա կոնկրետ խնդիր, որը խանգարելու է նույնիսկ լավագույն պայմանների դեպքում:

Դա ոսկու հարգի նույնականացման, փոխադարձ ճանաչելու, ընդունելու հիմնահարցն է: Այն քանիցս բարձրացվել է ԵԱՏՄ-ի ղեկավարության առջև, համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական որոշում չի կայացվում, դժբախտաբար: Նույնիսկ կարելի է գոնե տոնավաճառների առումով մասնակիորեն խնդիրը կարգավորել: Երկրների միջև կապը հիմնականում տոնավաճառների միջոցով է կայանում, որտեղ մասնակցության համար գոնե սահմանափակ կիրառումը չի ընդառաջվում Ռուսաստանի կողմից:

Ղազախստանը բավական լուրջ ընդառաջ գնաց և տոնավաճառի կազմակերպչին հրահանգվեց ժամանակավորապես թույլատրել ոսկերչական իրեր արտահանել այնտեղ տոնավաճառի շրջանակներում վաճառք կազմակերպելու համար, օգնեցին նաև Ղազախստանում ԵԱՏՄ օրենքների շրջանակներում ԱԱՀ գործառույթը փոխադարձ ճանաչելիության հարցում: Արդյունքում` ՀՀ ոսկերիչները կարողացան մասնակցել Ղազախստանում տեղի ունեցած ցուցահանդեսին և որոշակի վաճառք իրականացնել: Թեև` այնտեղ ևս որոշակիորեն խախտվեց հարգորոշման խնդրի լուծման հարցում հարաբերակցությունը, երբ վաճառքի արդյունքում վճարված ԱԱՀ-ն ԵԱՏՄ-ի օրենքներով չտարածվեց հարկային կազմակերպությունների ցանցի միջոցով և, ըստ կանոնակարգի չկարգավորվեց: Այդ հարցով մենք դիմել ենք Ղազախստանի և´ Ֆիանասների նախարարություն, և´ Հարկային ու Մաքսային կազմակերպություններին, և´ ԵԱՏՄ-ի համապատասխան օրգաններին, սակայն ոչ մի կերպ հարցը չի լուծվում:

Առաջիկայում նախապատրաստում ենք մասնակցել Մոսկվայում կազմակերպվելիք լուրջ տոնավաճառին, սակայն հարգորոշման, հարգադրոշման և մանրածախ առևտրի ժամանակ ԱԱՀ-ի մուծման, դրա փոխադարձ ճանաչելիության հիմնահարցը դեռևս լուծված չէ: Խնդրով դիմել ենք, նախորդ օրն էլ հանդիպեցի ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որպեսզի իրենք նույնպես դիմեն ԵԱՏՄ-ի համապատասխան մարմիններին ու փորձեն օգնել մեզ, համատեղ ուժերով հաղթահարենք խնդիրը:

Ահա այս խնդիրներով էլ պայմանավորված` 2015 թ.-ը` 2014 թ.-ի համեմատությամբ լուրջ հետընթաց է արձանագրել և շատ ծանր տարի էր մեզ համար: Ընդհուպ` անհամեմատ ծանր, քան 2008 – 09 թթ. տնտեսական ճգնաժամի տարիներին էր:

– ԵԱՏՄ-ի ղեկավարներից է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դիմե՞լ եք իրեն, նա չի կարո՞ղ հայաստանյան ոսկեգործներիդ աջակցել այդ հարցում:

– Մենք աշխատում ենք չշահագործել նրա հայկական ազգանունն ու հայաստանյան ներկայացուցչությունը: Նա ընդհանուր ղեկավար է, պետք չէ այդպես: Մենք դիմել ենք մեր երկրի ներկայացուցչական նախարարներին, որոնց միջոցով էլ խնդիրն ուզում ենք լուծել:

– Պարոն Գրիգորյան, մինչդեռ ՊԵԿ-ի տվյալներով` 2015 թ.-ին ոսկու արտահանման և վաճառքի միջին գինը բարձրացել է: Արտահանման ծավալի առումով 74 կգ-ից հասնելով 824 կգ-ի, համապատասխանաբար` 3,9 տոկոսից բարձրանալով 22,6 տոկոսի: Ինչպե՞ս կբացատրեք այս անհամաձայնությունը:

– Ոսկերչական իրերի՞, թե` ոսկու արդյունահանման շնորհիվ: Ոսկու արդյունահանումն է ավելացել ու գինն էլ բարձրացել, մինչդեռ ոսկերչական իրերի արտադրության մեջ մենք աճ չունենք: Սա է Երևանի ոսկերչական գործարանի տվյալը, ես չեմ կարող ասել ամբողջ ճյուղի համար:

– Ի՞նչ է պետք անել ԵԱՏՄ-ի շուկայից բացի, այլընտանքային ճանապարներ այլ երկրներում ու երկրամասերում գտնելու, առևտուր կազմակերպելու համար:

– Այլընտանքային ճանապարհներ փնտրում ենք այն պետությունների հետ, որոնք ցանկություն են հայտնել ազատ գոտու առևտրի կանոնակարգով ԵԱՏՄ մտնելու համար: Դա Վիետնամն է, Իրանը … Փորձում ենք այդ շուկաներում աշխատել:

– Իսկ ռուսական շուկայի պահանջարկն` ի դեմս ո՞ր երկրների ոսկեգործության է բավարարվում և, ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս դեպքում ո՞ւմ հետ է փոխարինում Հայաստանին:

– Ըստ էության, ԵԱՏՄ-ի ստեղծման և Ռուսաստանի հանդեպ միջազգային հանրության պատժիչ գործողությունների արդյունքում ռուսական շուկայից հեռացել են նաև մեծ ֆիրմաներ, որը որևէ մեկի կողմից չի լրացվել, այլ ընդանուր պահանջարկն է պակասել` ժողովրդի գնողունակության, պահանջարկի պակասի պատճառով:

«Եղածը քանդելով`

նորը ստեղծելն անթույլատրելի է»

– Լավ, վերադառնանք ներհանրապետական խնդիրներին, մասնավորապես` Ազատ տնտեսական երևանյան գոտուն` ԱՏԳ, որի մասին ժամանակին հայտարարել եք, թե «Ազատ տնտեսական գոտին չպետք է վերածվի «կադրային սինթեզի»: Մեր անհանգստությունը կապված է աշխատուժի և ֆինանսական հոսքերի ԱՏԳ տեղափոխմամբ»: Ձեր մոտից ոսկերիչների արտահոսք կա՞ դեպի ԱՏԳ:

– Այո´, ինչպես արտահայտել եմ մտահոգությունս, այդպես էլ` եղել է, ցավոք: Ամենափայլուն օրինակն են երկու ֆիրմաները, որոնք մինչ այդ արտադրություն էին հիմնել մեր արտադրական տարծքներում, հանգիստ, նորմալ աշխատում էին` օգտվում գործարանի բոլոր հնարավորություններից, ընդհուպ` մինչև հարկային և մաքսային խորհրդատվության հարցերից, ներքին օրենսդրությունների պարզաբանման, հաշվապահական հաշիվների շուրջ օգտակար խորհրդատվության, արտադրության բնագավառում օդի արտանետումների և ջրահեռացման գործում թունավոր ջրերի վերականգնման հարցերի լուծումներից: Այն կոոպերացիայով աշխատելու ցայտուն և արդյունավետ օրինակ էր, երբ պետք չէր, որ այդ ֆիրմաները բոլոր սարքավորումներն ունենային, այլ օգտվում էին Երևանի ոսկերչական գործարանի հնարավորություններից: Մինչդեռ` անհասկանալի ձևերով, երկուսն էլ տեղափոխվեցին ԱՏԳ: Այնտեղ ինչպե՞ս են ընթանում իրենց աշխատանքները, առայժմ չեմ հետաքրքրվել, բայց ըստ իս` իմանալով ԱՏԳ-ում տիրող իրավիճակը` շենքային, տարածքային, ենթակառուցվածքների պայմանները, պետք է որ բարեհաջող չլինի: Պետք է աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ, քանի որ ԱՏԳ-ն գտնվում է Երևանով անցնող միակ գետի ափին և կանաչ տարածքում, որտեղ էկոլոգիական խնդիրներին մեծ ուշադրություն է պետք դարձնել և օգնել այդ ընկերներին ինտեգրվելու նոր աշխատանքային տեղում:

Իսկ այն մասին, որ ահազանգում էինք, ԱՏԳ ղեկավարությունն էլ պաշտպանվում, թե այդ նպատակով չենք ստեղծվում, որևէ մեկիդ չենք խանգարի, կադրերին չենք վերցնի` ի չիք դարձան: Եվ այժմ էլ ունեմ ոչ պաշտոնական հայտարարություններ, որ որոշ ընկերներ էլ են ցանկանում տեղափոխվել և ամենակարևորը` ոչ թե իրենք են ցանկություն հայտնել, այլ իրենց հրավիրում են, համոզում, որ ԱՏԳ-ում աշխատեն:

– Այսինքն` այն ինչ նախատեսվում էր ստեղծել ԱՏԳ-ում. Ներգրավել 150 ընկերություն, ստեղծել մոտ 2000 աշխատատեղ և հասնել 200 – 250 մլն դոլարի չափով արտահանման, զուտ մինչ այդ արդեն իսկ գործող կորպորացիաներիդ հաշվի՞ն է փորձում կատարվել:

– Բնական է, որ այդ ամենը չի իրականացվի, մեկ – երկու ֆիրմաների ներգրավմամբ դրական տեղաշարժ չի լինի: Լավն այն է, որ այդ երկու ֆիրմաները ներքին շուկայում իրացում չեն կազմակերպում, ամբողջ արտադրանքն արտահանում են, ԵԱՏՄ շուկա փորձում մուտք գործել որպես երրորդ երկիր, վճարել բոլոր հարկերը, իսկ մենք փորձում ենք մտնել առանց լրացուցիչ հարկումների: Կադրային հարցում էր վնասը: Վատն այն է, որ որոշ ընկերներ չեն հասկանում, որ եղածը քանդելով նորը ստեղծելն անթույլատրելի է: Եվ բոլոր ներդրողները, որոնք գալիս են Հայաստան, նրանց հանդեպ համապատասխան պետական, իշխանական կազմակերպությունները պետք է համակողմանի և լուրջ մոտենան, որպեսզի չքանդվի եղածը:

– Պարոն Գրիգորյան, մինչդեռ նախորդ տարի, Նկարիչների միությունում կազմակերպված «Ոսկեգործություն – 2014» ցուցահանդեսից հետո կազմակերպել էիք սեմինար – քննարկում, որտեղ մանրամասն ներկայացվում էր ԱՏԳ-ի առավելություններն ու թերությունները: 

– Այո´, այնտեղ էլ մեր անհանգստությունը հայտնեցինք և´ ՀՀ, և´ ԱՏԳ ղեկավարություններին` առ այն, որ ԱՏԳ-ի ճիշտ կազմակերպման ձևը սխալ է ընտրված, մասնավորապես` կադրերի հետ կապված և շուկայի հարցերում: Խնդիրները չկարգավորվեցին, իսկ ԱՏԳ-ն գործում է` ի դեմս մինչ այդ արդեն իսկ կայացած կառույցների ու ձև անում, թե ստեղծում է նորը, որը շատ բացասական երևույթ է:

«Բացասաբար է անդրադառնում

արտադրանքի ինքնարժեքի վրա»

– Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների Հայաստան է գալիս ոսկի, ոսկերչական իրեր և ակնագործական արտադրանք գնողների հոսք: Դուք այդպիսի տեղաշարժ զգացե՞լ եք և եթե այո´, ապա դրա վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ այս օրերին պատերազմական գործողությունները ղարաբաղա – ադրբեջանական շփման գծում:

– Նման հոսք մենք չենք տեսել: Պատերազմական գործողությունների հետ կապված դեռևս չունենք ոչ մի տեղաշարժի մասին տեղեկատվություն: Փոխարենը` այլ հարցում ունենք գնորդների հոսքի պակաս: Կապը Հայաստանի հետ շատ վատ է, առևտրականները ՀՀ են գալիս միայն օդային տրանսպորտով, այդ իսկ պատճառով էլ շատ հաճախ նախընտրում են գնալ միջնորդ, տրանզիտային երկրներ: Բանն այն է, որ Մոսկվայում տրանզիտով անցնելիս խնդիրներ են առաջացնում նրանց համար: Գիշերով մեր մոտից մեկնած մարդուն Մոսկվայում կանգնեցնում, ավելորդ խնդիրներ են առաջացնում, ստիպված ենք լինում հեռախոսով կարգավորել հարցերը: Իսկ այդպիսի մեկ դեպքը բազմաթիվ ուրիշների համար Հայաստան չգալու առիթ կարող է դառնալ: Դրա համար էլ` արտասահմանյան շատ գործընկերներ նախընտրում են ուղիղ թռչել Դուբայ ու Ստամբուլ, անգամ` Բաքու, միայն թե խուսափել Մոսկվայով տրանզիտային չվերթներից: Արդյունքում` մենք ավելի անմրցունակ ենք դառնում:

Գերխնդիր է նաև, որ չունենք արդյունահանված սեփական ոսկի և ոչ մի կերպ չենք կարողանում ունենալ ոսկերչության համար անհրաժեշտ օժանդակ նյութերի և գործիքների արտադրություն: Հայաստանում ունենալով պղնձի հազարավոր տոննաների արտադրություն, մենք չունենք մաքուր պղինձ մեր արտադրությունների մասնագիտական գործածության համար: Շատ չէ, ամբողջ Հայաստանում տարեկան 0,5 տոննա կարող է օգտագործվել, սակայն այն մենք գնում ենք շուկայական, հսկայական գներով, որն էլ բացասաբար է անդրադառնում արտադրանքի ինքնարժեքի վրա:

Աշխարհում շատ տարածված է տրվելիք ոսկով աշխատելու պրակտիկան, երբ պատրաստի` հին, մոդայից դուրս եկած զարդը տրվում է, վճարվում միայն նորը ստեղծելու համար աշխատանքի դիմաց և ստանում նորը: Կանոնակարգված չէ նաև այս հարցը …

– Օրենսդրակա՞ն, թե` կանոնկարգային առումներով …

– Ե´վ մեկը, և´ մյուսը: Մենք աշխատում ենք համապատասխան կազմակերպությունների հետ և հուսով ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կաջակցի մեզ նաև այդ հարցում: Այս խնդրի կարգավորումը կարող է մեծացնել մեր աշխատանքի ծավալը: Ինչո՞ւմն է բանը. Առևտուրն արդյունավետ է կատարվում, երբ ունես մեծաքանակ պահուստային իրեր, որոնք ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է մշակել նոր տեսակի մեջ: Բնական երևույթ է ու գործնական լուծում տեղական արտադրողի համար: Այդպես է, օրինակ, Դուբայում: Չհամեմատվենք ոլորտում զարգացած այլ պետությունների հետ …

Ինքնարժեքի բարձրացման աղբյուրները

– Պարոն Գրիգորյան, Հայաստանյան ներքին շուկայում տպավորություն է, որ մրցակցությունը հիմնականում նոր մոդելների ստեղծման և յուրացման մեջ է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը փոքր-ինչ ավելի թանկ է, սակայն` հեղինակավոր: Մրցակցությունը նոր մոդելների հարցում որքանո՞վ է քաղաքակիրթ, և ինչո՞վ է պայմանավորված ԵՈԳ-ի արտադրանքի գնային տարբերությունը:

– Ընդհակառակը` մեր գործարանի արտադրանքի գները անհամեմատ ցածր են: Աննշան բարձրությունն առանձին զարդերի հարցում պայմանավորված է այն հանգամանքով, որ գնորդը գիտի, թե ումից է գնում և Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքը գնում է նա, ով որակն է գնահատում:

Ամենակարևորը` Երևանի ոսկերչական գործարանն աշխատում է ինովացիոն դաշտում: Մեր ամեն մի նոր ստեղծված իրը, ամեն մի հարգը, ամեն մի նոր լեգերացումը կապված են խորը, գիտական ուսումնասիրությունների հետ: Մեզ մոտ և´ մետալուրգիայի, և´ ինժեներ մեխանիկների գծով աշխատում են երկու գիտությունների թեկնածուներ, լուծումները տալիս ենք ինժեներական բարձր մակարդակով և դրա համար պատասխանատվություն կրում: Մենք արտադրում ենք ժամացույցների համար իրեր, որոնք տեխնիկապես բարդ մեխանիզմներ են:

Երևանի ոսկերչական գործարանում փակ ցիկլով աշխատանքային, արտադրական պրոցես է` սկսած ոսկու մաքրումից, ավարտած` ոսկյա զարդով: Մեր ոսկերիչները, տեխնիկական կադրերը լուրջ կադրեր և անհատականություններ են` յուրաքանչյուրն իր ոլորտում, ուստի` համապատասխանաբար բարձր վարձատրվում են: Ճիշտ է, ոսկերչությունը փոքր և միջին ձեռնարկատիրության արտադություն է համարվում, սակայն մեզ մոտ մեծ ձեռնարկության կանոնակարգով են ընթանում աշխատանքները: Մեզանից բացի` ոչ մի այլ ձեռնարկություն չունի տեխնիկական, արտադրական, լաբորատոր բաժիններ, համապատասխան պայմաններ` օգտագործված գործիքը սրելու, նորոգելու, ինչպես նաև` նոր տեխնոլոգիական պրոցեսներ ներգրավելու համար: Մենք ստանդարտ միևնույնի արտադրություն չենք իրականացնում, այլ անընդհատ նոր տեսականի, նոր ուսումնասիրություններ ենք կատարում, ունենք մարքետինգի լուրջ բաժին, որտեղ ուսումնասիրում են շուկաներն ու ներքին շուկայում տիրող իրադրությունը: Սրանք բոլորն ինքնարժեքի բարձրացման աղբյուրներ են: Ընդհուպ` վերջին 2 – 3 տարիների ընթացքում Երևանի ոսկերչական գործարանն առանց շահույթի է աշխատում` պահպանելով կադրային բազան, որոնց կորցնել չի կարելի: Բացի այդ, մենք սերընդափոխությունն ենք ապահովում, ինժեներների վերցնում մագիստրատուրայից և սովորեցնում մինչև որ կդառնա լիարժեք մասնագետ, որի համար 2 – 3 տարի ժամանակ է անհրաժեշտ, այդքան ներդրում ենք կատարում կադրային բազայի վրա:

Ինչ վերաբերում է նոր մոդելների շուրջ մրցակցությանն ու դրա քաղաքակրթությանը. նոր մոդելների կրկնօրինակում – «գողություններն» այնքան բնական երևույթ են դարձել, որ արդեն շատ քիչ ենք անհանգստանում: Եթե ստեղծում ենք շատ լուրջ նորեր, ապա պատենտավորում ենք և պաշտպանում բոլոր իրավունքները, իսկ ընդհանուր առմամբ` այդ խնդիրը կարգավորում ենք նոր զարդերի շատ ստեղծումով, որպեսզի չհասցնեն կրկնել ու կրկնօրինակել այն ժամանակահատվածում, երբ կկազմակերպենք նորի ակտիվ առևտուրը:

«Հնարվում են տարբեր պատճառներ»

– Պարոն Գրիգորյան, Երևանի ոսկերչական գործարանը շարունակո՞ւմ է համագործակցել ՀՀ ուժային գերատեսչությունների հետ, նրանց համար մետաղյա աստղեր, կոնկորդներ ու համանման արտադրություններն ապահովել:

– Դա շատ լուրջ հարց է դարձել մեզ համար: ՀՀ պաշտպանության նախարարության, Ոստիկանության ծառայության և մնացած այլ ոլորտների համար մենք ստեղծեցինք լուրջ արտադրական պրոցեսներ` իրենց անհրաժեշտ բոլոր իրերն արտադրելու համար: Նույնիսկ լուրջ մեքենայացման աշխատանքներ ենք կատարել, նոր, ինովացիոն լուծումներ տվել, որպեսզի դրանք կրողները շատ չծանրաբեռնվեն, դրա համար անհրաժեշտ բոլոր նորմատիվներն ենք ուսումնասիրել:

Մինչդեռ` վերջին ժամանակներս ուժային պետական կառույցները դրանք սկսել են ներկրել արտերկրից: Պատճա՞ռը. Հնարվում են տարբեր պատճառներ, հիմնականում` գնի հարցում: Չեն հասկանում, որ ներքին արտադրողից օգտվելը հնարավորություն է տալիս ֆինանսներ չպահեստավորել դրանք պատվիրելու, գնելու համար: Մենք էլ օգտագործում էինք մեր աշխատուժը և սոցիալական խնդիրներ լուծում:

Վերջերս իմացանք, որ ՌԴ-ում ներքին արտադրողին տրվել է մինչև 15 տոկոս գնային առավելություն, մեզ մոտ մինչև 5 տոկոսին էլ համաձայն ենք, սակայն որոշ ընկերներ չեն ցանկանում խթանել տեղական արտադրողին ու գնային փոքրիկ առավելություն տալ: Այսպես ամեն բան ներկրելով, մենք կարող ենք ընդամենը սպառող հասարակություն դառնալ և չունենալ վերամշակող արտադրություն: Այս հարցը բարձր մակարդակով պետք է լուծում ստանա:

– Եվ վերջում. այս տարի նախատեսո՞ւմ եք անցկացնել ավանդական դարձած Ոսկեգործության ցուցահանդեսը:

– Ո´չ: Շուկայի այսքան թույլ պայմաններում, երբ դեպի ԵԱՏՄ շուկա չենք կարողանում արտահանում կազմակերպել, այլընտրանքային շուկաներ ենք փնտրում, որոնք անհամեմատ հեռու են, որոշեցինք այդպիսի ցուցահանդես չկազմակերպել: Փոխարենը` Երևանի ոսկերչական գործարանն առանձին, լրջորեն նախապատրաստվում է տոնելու Հայաստանի Հանրապետության 25 ամյակը: Այդ կապակցությամբ երկու գործարանների ցուցահանդես կկազմակերպենք և ցույց կտանք զարգացման տեմպերն ու ուղենիշերը, ու թե դրանից հետո ինչպե՞ս ենք շարունակելու և, ի՞նչ ժառանգություն ենք թողնելու սերունդներին: Երևանի ոսկերչական գործարանը եղել և մնում է առաջատարն, ինչպիսին եղել է միշտ:

Զրուցեց` Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20