«Էս հարցը պրեզիդենտի որոշումով պետք է լուծվի։ Եթե ոչ՝ քաղաքացիական պատերազմ ենք անելու»

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի երկու մարզերում՝ Արմավիրում և Արարատում, ապստամբություն է հասունանում, «բունտ» ընդդեմ Թուրքիայից լոլիկ ներկրողների։ Ջերմատնային տնտեսությունների տերերը՝ էջմիածնի, Արտաշատի և Արարատի գյուղերից, միմյանց հետ կապի մեջ են և կազմակերպված ձևով երեկ որոշել էին դուրս գալ բողոքի ցույցի։

Սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համոզել է նրանց սպասել և խոստացել է լուծել խնդիրը, այն է՝ պաշտպանել թուրքական Էժանագին լոլիկից։ «Էս հարցը պրեզիդենտի որոշումով պետք է լուծվի։ Նա հանրապետությունում չէ, ու մենք կսպասենք, եթե ոչ՝ մտնելու ենք Մեյմանդարի շուկա, մեր ձեռքով մեր հարցերը լուծենք, քաղաքացիական պատերազմ ենք անելու», ասում է մենատնտեսներից մեկը։ Խոսքը Հովտաշատի շուկայի մասին է, որը երկու տարի առաջ է բացվել, և որտեղ շրջակա գյուղերի բնակիչներն իրացնում են իրենց ստացած բերքը։

Թուրքիայից ներկրված լոլիկն այստեղ հայկականի հետ կողք կողքի է վաճառվում։ 1 կգ-ի գինն իջնում է մինչև 500 դրամ, մինչդեռ գյուղացիների աճեցրած լոլիկի ինքնարժեքը մոտ 600 դրամ է։ Ստացվում է, որ թուրքական լոլիկը հայկականի ինքնարժեքից ցածր է վաճառվում, կոտրելով մեր գյուղացու մեջքը։ Դարակերտի բնակիչները համոզված են, որ այս լոլիկը մտել է Վրաստանից մաքսային կանոնոների խախտմամբ, առանց մաքսազերծման։ Հակառակ դեպքում այն առնվազն 800-900 դրամ կարժենար։

Ո՞վ է բերում մաքսանենգ լոլիկը։ Սա հարց է, որի պատասխանը մարդիկ չունեն, բայց համոզված են, որ բերողն այս աշխարհի հզորներից է, որին թույլ են տալիս անմաքս բանջարեղեն մտցնել երկիր։ Մյուս կողմից, լուրեր են պտտվում, որ Ռուսաստանի սահմանային ծառայությունները թուրքական լոլիկի ահռելի խմբաքանակ են կանգնեցրել, որը փորձում էին Ռուսաստան մտցնել հայկականի անվան տակ։

«Հայկական ժամանակ» թերթն էլ գրում է. Վերջին օրերին Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր է ներկրվել, ինչը կայծակնահար է արել Հայաստանում աճեցվող պոմիդորի շուկան: Մեր տեղեկություններով, պոմիդորի վրա փակցված թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ:

Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել է խաբեությունը: Չէ՞ որ այդ երկիրն ամիսներ առաջ արգելել է Թուրքիայից գյուղմթերք ներկրելը:

Բացի այդ, լաբորատոր անալիզի են ենթարկել պոմիդորը և պարզել են, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել: Ներկրողները ստիպված են եղել այն իրացնել հայկական շուկայում, ինչը կայծակնահար է արել մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի իրացումը, ինչը առաջացրել է տեղական արտադրողների մեծ դժգոհությունը:
Այդ պոմիդորը վաճառում են 1 կգ 400-500 դրամով, մինչդեռ տեղական ջերմոցային պոմիդորի ինքնարժեքն է այդքան կազմում՝ այն վաճառվում է 600 դրամով:

Որոշ տեղեկությունների համաձայն, ներկրվող պոմիդորը մաքսազերծված չէ, հակառակ պարագայում միայն մաքսազերծման գինը կարժենար մոտ 500 դրամ, քանի որ մաքսայինում դրա հսկիչ գինը սահմանված է 3,3 դոլար կամ մոտ 1600 դրամ: 15 կոնտեյներ պոմիդորի մաքսազերծման արժեքը կազմում է մոտ 300 000 դոլար կամ մոտ 14,7 մլն դրամ:

Այսինքն, միայն այս ներկրումով պետբյուջե չի վճարվել այդքան մաքսատուրք: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պոմիդորի ներկրողը գյուղմթերքների ներկրմամբ ու արտահանմամբ զբաղվող և հզոր հովանավորություն վայելող խոշորագույն ընկերություններից մեկն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20