Էրդողանից դժգոհ նրա կուսակիցները կարող են ստեղծել նոր կուսակցություն

- in Հասարակություն
Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից դժգոհ նրա կուսակիցները կարող են հիմնել նոր կուսակցություն: Այդ մասին CNN Türk-ի «Ի՞նչ է կատարվում» հաղորդման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի հոդվածագիր Այշե Յըլդըրըմ Բաշլանգըչը:

Նա այդ առումով մասնավորապես հիշատակել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի ու կրթության նախկին նախարար Հուսեին Չելիքի անունները: Բաշլանգըչը չի բացառել, որ նրանց կարող է միանալ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայիս նախագահ ու երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով այդ պաշտոնները կլքի մայիսի 22-ին ԱԶԿ-ի առաջիկա գագաթնաժողովից հետո:

Բաշլանգըչն անգամ չի բացառել, որ այդ խմբին կարող են միանալ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահի պաշտոնին հավակնողներ, հայտնի հայատյացներ Մերալ Աքշեներն ու Սինան Օղանը, որոնք ներկայումս գտնվում են ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի հալածանքների ներքո:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն Անկարայում 3 ժամանոց հանդիպում ունեցավ Էրդողանի հետ, ինչից հետո Գյուլն Անկարայում այցելեց նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի տուն։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հուսեին Չելիքը, արդյունաբերության նախկին նախարար Նիհաթ Էրգյունը, արդարադատության նախկին նախարար Սադուլա Էրգինը։ 2.5 ժամ տևած հանդիպումից հետո հայտարարություն չէր տարածվել։

Spread the love