Թնդանոթները Կովկասում. Folha. Բրազիլիա

- in Մամուլ
hretani zenq

Վերջին շաբաթներին նոր ուժով ակտիվացել է ԽՍՀՄ-ի փլուզման հետ առաջ եկած ռազմական կոնֆլիկտներից մեկը: Լեռնային Ղարաբաղում նորից կրակոցներ են հնչում:

Հետևելով «բաժանիր և կառավարիր» տրամաբանությանը՝ բոլշևիկյան ռեժիմը հայաբնակ և քրիստոնեաբնակ Լեռնային Ղարաբաղը 1920-ականներին տվեց հարևան Ադրբեջանին, որտեղ բնակչության մեծ մասը մահմեդականներ էին:

Դրա արդյունքը, սակայն, դարձավ դանդաղ ներգործության ռումբը, որը պայթեց ռեժիմի փլուզումից հետո: Ցարական ժամանակների հակամարտությունները վերսկսվեցին 1990-ականներին, որոնցից մեկը Կովկասի մեկ այլ մահմեդական ժողովրդի՝ չեչեն անջատողականների դեմ Ռուսաստանի վարած քաղաքականությունն էր. կոշտ քաղաքական և ռազմական միջոցներով Ռուսաստանին հաջողվեց պահել Չեչնիան իր տարածքային ազդեցության գոտում:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1991թ., Հայաստանը և Ադրբեջանը անկախացան: 1994թ. զինադադար հաստատվեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որի հսկողության տակ անցան նաև ադրբեջանական որոշ տարածքներ: Վերջերս, սակայն, տարածաշրջանային գերտերությունների շահերի բախման ֆոնին կրկին վերսկսվեցին ռազմական գործողությունները: Հայաստանը ռազմավարական դաշինքի մեջ է հյուսիսային քրիստոնյա հարևանի՝ Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը իր հերթին լեզվական և կրոնական կապերով կապված է մեկ այլ կարևոր խաղացողի՝ Թուրքիայի հետ:

Տարածաշրջանային այդ մրցակցության ամենաողբերգական գլուխը 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն էր, որին զոհ է գնացել մոտ 1,5 միլիոն հայ:

100 տարի անց աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը շարունակում են որոշել դաշինքների նրբությունները: Հայաստանի դաշնակից Ռուսաստանն ուզում է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտությունում և նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը: Նա կայունության է ձգտում իր հարավային սահմանում, սակայն գործարքի շահավետությունից ելնելով՝ Ադրբեջանին զենք է վաճառում:

Հաշվի առնելով տարածաշրջանի անկայունությունը՝ Ֆրանցիսկոս պապը այս տարի ծրագրել է երկու այց կատարել Կովկաս. նա կփորձի սառը ջուր լցնել հակասություններով եռացող այս կաթսայում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20