Թուրքիայի նոր վարչապետը Բինալի Յըլդըրըմն է

- in Միջազգային
Turky

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նոր նախագահն ու երկրի վարչապետը Բինալի Յըլդըրըմն է:

Նման տեղեկություն է տարածել թուրքական առաջատար ANKA լրատվական գործակալությունը` հղում անելով սեփական աղբյուրներին և նշելով, որ ԱԶԿ-ն այդ մասին որոշումն արդեն ընդունել է:

ANKA-ն Բինալի Յըլդըրըմի՝ Թուրքիայի նոր վարչապետ լինելու մասին լուրը տարածելու համար հիմք է ընդունել ԱԶԿ-ի կողմից իր պատգամավորներին, նահանգային կառույցներին և քաղաքապետերին հղած շրջաբերականում «կուսակցության նախագահի մեր թեկնածու և վարչապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմ» արտահայտության օգտագործումը:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն այդ առնչությամբ հայտնում է, որ Թուրքիայի իշխող ԱԶԿ-ի ղեկավարի և վարչապետի նոր անունը պաշտոնապես կհրապարակվի չորեքշաբթի կամ հինգշաբթի։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մայիսի 4-ի երեկոյան հայտարարել էր, որ ԱԶԿ-ի արտահերթ համագումարում չի առաջադրվելու կուսակցության ղեկավարի պաշտոնում, ինչն ինքնին ենթադրում է, որ նա այլևս չի լինելու այդ երկրի վարչապետ:

Թուրքիայի միանձնյա ղեկավարմանը ձգտող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարչապետի պաշտոնում իրեն «հլու հնազանդ» ամենահարմար թեկնածուների թվում մինչ այժմ նշվում էին պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի, Էրդողանի փեսա` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշի և անգամ Էրդողանի մերձավոր և հավատարիմ ընկեր Մեհմեթ Ալի Շահինի անունները:

Էրդողանի և Դավութօղլուի միջև հակասություններն սկսվել են Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ դառնալուց հետո, երբ վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում հետևել երկրի սահմանադրական պահանջին և ցանկանում է շարունակել միայնակ կառավարել Թուրքիան:

Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, Մերձավոր Արեւելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականների հետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով:

Spread the love