Թուրքիան խաղարկում է ահաբեկչության քարտը

- in Կարծիք
Turkia

2016թ. ներքին անվտանգությունը Թուրքիայի համար դարձել է առաջնահերթ: Ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվի աճը և Թուրքիայի տնտեսության կրած վնասը Էրդողանի համար միաժամանակ և՛ մարտահրավերներ են, և հրաշալի հնարավորություն:

Նա հանդես է գալիս երկրի հիմնական օրենքում փոփոխությունների օգտին, որպեսզի հասնի խորհրդարանից նախագահին քաղաքական գործադիր իշխանության հանձնմանը: Էրդողանն արդեն իր երկրում օժտված է որոշումներ կայացնելու անսահմանափակ իրավունքներով ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մեխանիզմների և կապերի լայնատարած, անթափանց համակարգի միջոցով:

Սակայն Էրդողանի նկրտումների ճանապարհին կան խոչընդոտներ: Թուրքիայում գոյություն ունի նախագահի նկրտումները սանձող միանգամայն իրական քաղաքական ընդդիմություն, թեպետ այն զորու չէ իշխանություններին ձեռնոց նետելու: Էրդողանի վարչակազմին շարունակ մեղադրում են կաշառակերության և հովանավորչութան մեջ: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները զգուշանում են, որ Էրդողանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, անխնա կհետապնդի իր հակառակորդներին:

Եթե հավատալու լինենք ասեկոսեներին, Էրդողանը մտադիր է սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու գործընթացը սկսել մինչև ամառ, սակայն դրա համար նա պետք է վարկաբեկի իր ընդդիմախոսներին: Այդ պատճառով էլ նա սկսել է հարձակվել այնպիսի քաղաքական ուժերի վրա, ինչպիսիք են Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ-ն, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ ԺԴԿ-ն, և Գյուլենի ենթադրյալ հետևորդների՝ չափավոր իսլամական խմբավորման վրա, որի դեմ Էրդողանը սկսեց պայքարել այն բանից հետո, երբ նրանք 2013թ. դատական համակարգում Էրդողանի ընտանիքի և համախոհների հանդեպ հետաքննություն նախաձեռնեցին:

Էրդողանը ինքնամոռաց խաղի մեջ է մտել: Նա գիտի, որ ՀԺԿ-ի և ԺԴԿ-ի անդամները հազիվ թե աջակցեն իրեն, հատկապես այս վերջին տարիներին իր ստեղծած բևեռացված ներքաղաքական մթնոլորտում: Իր ջանքերը նա ուղղում է այն միակ կուսակցությանը, որտեղ դեռևս խիստ նկատողությունների շարան չի սկսել. Դևլեթ Բահչելիի ղեկավարած Ազգայնական շարժում կուսակցությանը՝ ԱՇԿ-ին: Թեպետ Էրդողանի նախկինում ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության՝ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի միջև կան քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ նրանք նման ընտրազանգվածներ ունեն. դրանք ազգայնական և պահպանողական հայացքներ ունեցող թուրքերն են:

Էրդողանը՝ որպես նախագահ, ամուր դիրքեր ունի: Նա ԱԶԿ-ի կողմից անվիճելի հեղինակություն է վայելում: Նա այնպես է արել, որ իր կուսակից խորհրդարանականները շնորհակալ են իրեն հովանավորչության համար: Եթե նա մտադիր է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները և սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով կամպանիա ծավալել, ապա ոչ մի խոչընդոտի չի հանդիպի իր կուսակիցների շրջանում: Նրա կարծիքով՝ թուրքական ընդդիմադիր ուժերի չեզոքացմամբ կլուծվի նախագահի գործադիր իշխանության հարցը:

Մեծահոգությունը և ինքնատիրապետումը Էրդողանի համար անթույլատրելի են: Թուրքիայի տնտեսությունը տառապում է գնաճից. կասկած կա, որ նախագահը ճնշում է գործադրում կենտրոնական բանկի վրա, որպեսզի վերջինս չավելացնի տոկոսադրույքները: Գործազրկությունը երկրում մարտ ամսին վերջին 10 ամիսների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել, իսկ Ռուսաստանի հետ շարունակվող դիվանագիտական վեճը, սիրիացի փախստականներին աջակցելը և ահաբեկչությունների հետևանքով զբոսաշրջային ոլորտի ճգնաժամը հերքում են ԱԶԿ-ի տնտեսական իրավասության վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները:

ԶԼՄ-ներում այլակարծության ճնշումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 2014-15թթ. պետությունը բռնագրավել է Գյուլենի շարժմանը աջակցող մեդիահոլդինգները, և ԶԼՄ-ներում պաշտոնական գծին հակազդող տարածքը օրեցօր նեղանում է:

Ներքաղաքական հակամարտության թեման փոխարինելով թուրքական քաղաքական ընդդիմությունից եկող ենթադրյալ ահաբեկչական սպառնալիքով՝ Էրդողանը միաժամանակ կարող է շեղել ուշադրությունը իր տապալված վարչակազմից և ուժեղ քննադատության ենթարկել ընդդիմախոսներին՝ ընդհուպ մինչև նրանց դատական պատասխանատվության ենթարկելը: Ահաբեկչությունը Թուրքիայում միանգամայն իրական սպառնալիք է, սակայն իշխանություններն այն օգտագործում են քաղաքական նախագծի շրջանակներում, ինչը էականորեն թուլացնում է պետության կայունությունը:

Spread the love